Լրահոս
Օրվա լրահոսը

10:0՝ ՀՈԳՈՒՏ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ

Հունվար 20,2009 00:00

\"\"Վիրտուալ սիրուց մինչեւ առաջին համբույր՝ մեկ քայլ է

Իմ առաջին սերը վիրտուալ է եղել: Սիրահարվել եմ Նապոլեոնի ժամանակաշրջանում ապրած մաթեմատիկոս Էվարիստ Գալուային: Տարիներ շարունակ նրան չէի կարողանում համեմատել ինձ շրջապատող երիտասարդների հետ: Այս սերն ինձ համար ավելի թեթեւ չի եղել, քան իրական սիրահարությունը, որովհետեւ փոխադարձ էլ չի եղել… Իսկ ռեալ կյանքում առաջին սերս դպրոցական տարիքում էր: 14 տարեկան էի, տղան՝ 16, նույն դպրոցից էինք եւ այդպես էլ իրար սեր չխոստովանեցինք: Նա ավարտելուց հետո գնաց Մոսկվա … Առաջին համբույրս եղել է 24-25 տարեկանում: Դա անակնկալ էր ինձ համար, քանի որ երբեք չէի մտածում, որ իմ ընկերն ինձ ճանապարհելիս կհամբուրի: Ամեն դեպքում, նրա այդ քայլը դրական չընդունեցի, քանի որ մենք պարզապես ընկերներ էինք: Հիմա էլ ինձ համար տարօրինակ է, երբ տղա-աղջիկ հանդիպում են ու համբուրվում: Համբույրը սիրո նշան է, ոչ թե ընկերական հարաբերության:

Ժամադրություն՝ 24 ժամ ուշացումով

Հզոր մի բան էր առաջին ժամադրությունս: Դա եղել է ամուսնուս՝ Միքայել Արամյանի հետ: Նա ժամադրությունից ուշացավ ուղիղ 24 ժամ՝ խառնել էր օրը: Մինչեւ այսօր ես նրան երեսով եմ տալիս, ասելով՝ ինչքան էլ րոպեները գումարեմ, 24 ժամը չի լրանա: Օպերայի մոտ էինք ժամադրվել, եւ մեր մեջ առաջին հայացքից արդեն սիրահարվածության նշույլներ կային: Այդ ժամանակ ես 30 տարեկան էի:

Հարսանեկան փորձություն՝ 2 ոջլոտ մորթած հավով

Մեր հարսանիքը կայացել է Սիսիանի շրջանի Լոր գյուղում: Իր ծնողների հետ ծանոթացնելու համար Միքայելն ինձ 1979 թվի օգոստոսի 8-ին գյուղ տարավ: Ինձ նշան է դրել ամուսնուս քեռին, ծնողները չէին եկել: Ամուսնացել եմ սովորական հագուստով՝ առանց հարսանյաց սպիտակ զգեստի: Գյուղն ինձ համար մի նոր աշխարհ էր, քանի որ մինչ այդ գյուղի հետ կապ չեմ ունեցել: Ցնցող էր, երբ առաջին անգամ ոտք դրեցի ամուսնուս տուն: Միքայելի մայրն իմ առջեւ երկու մորթած հավ դրեց, որոնք թպրտում էին… ես պետք է հավերը փետրահան անեի: Բայց մինչ այդ հավ տեսել էի միայն մաքրած վիճակում, իսկ ամենասարսափելին այն էր, որ այդ հավերի վրայով ոջիլներ էին վազվզում: Մի խոսքով, ինձ համար շոկային իրավիճակ էր: Ինձ փրկեց սկեսրոջս քույրը՝ եռման ջուր լցնելով հավերի վրա, որ չթպրտային, եւ հետո տաք ջրից բմբուլները հեշտ են մաքրվում: Հետո հասկացա, որ ինձ համար այդ հավերը փորձություն էին: Բայց ես նրանց 10:0 հաղթեցի, երբ առանց արտասվելու՝ սոխը մանր-մանր կտրատեցի: Ծիծաղ կարող է առաջացնել շատերի մոտ, բայց ամուսնուս տանը առաջին գործը, որ արել եմ՝ մկրատով ճանապարհի խոտերը կտրատելն է եղել…

Վեճեր՝ Ստալինի, լռության ու զսպվածության պատճառով…

Իմ ու սկեսրոջս միջեւ վեճը զսպվածությունիցս է եղել: Գյուղում լավ ընտանիքներ կային, սիրուն-սիրուն աղջիկներ, սկեսուրս ցանկանում էր ինձ նրանց հետ ծանոթացնել, բայց ես քաղաքից էի, գյուղին բոլորովին անտեղյակ, նույնիսկ իմ կենցաղն ու մշակույթն էին տարբեր, եւ ես չգիտեի, թե ինչպես շփվեմ այդ մարդկանց հետ… Եթե ինչ-որ բան այնպես չէի անում, սկեսուրս վրաս խոսում էր, լռում էի ու նա դրանից շատ էր բարկանում, մտածում էր՝ քաղաքից եմ եկել, իրեն արհամարհում եմ: Սկեսրոջս ու մորս վեճերն էլ էին համակարգային բնույթ կրում: Թունդ կարող էին վիճել Ստալինի դերի ու նշանակության մասին…

Առաջին ուրախություն, կորուստի արցունքներ

Կարծում եմ, մարդը մարդ է դառնում, երբ մեկ այլ կյանք է լույս աշխարհ բերում: Երիտասարդ տարիքում ես արդեն կայացած մարդ էի, լուրջ պաշտոն էի զբաղեցնում, բայց առաջին երեխայիս ծնունդը լրիվ այլ բան էր: Հիշում եմ, աղջիկս 2-3 ամսական էր, իմ դեմքից հստակ երեւում էր, որ երեխաս իմ առաջնեկն է… Հետո տղա ունեցանք՝ մահացավ, շատ ծանր տարա, բայց իմ կյանքի առաջին մեծ կորուստը քրոջս մահն էր: Նա ինձ համար ավելին էր, քան քույր, ու նրա մահվան լուրը լսելով՝ աշխարհը գլխիս փուլ եկավ: Ամուսնուս շնորհիվ է, որ այդ ընկած վիճակից բարձրացա:

Խնդիրը հարթվեց, իրար հասկացան…

Ինձ սարսափելի կոմպլեքսավորված էի զգում, երբ ամուսնական առաջին շրջանում ամուսնուս հետ ինչ-որ մեկի տուն հյուր էինք գնում: Նա իրեն վերին աստիճանի բնական էր պահում, ուրիշների տանն իրեն զգում էր ինչպես իր սեփական տանը: Գտնում էի, որ նա սխալ էր, թեեւ հանդուգն արարք չէր անում: Եթե ուրիշի տանը վեճի ականատեսն էինք լինում, ամուսինս ուղիղ իր կարծիքն ասում էր, ես ավելի մեղմացնելու կողմնակից եմ…

Հետագայում ե՛ւ իմ, ե՛ւ ամուսնուս կողմից որոշ բաներ շտկվեցին, ու հարթվեց այդ խնդիրը: Եթե այդ թեմայի մեջ խորանանք՝ կտեսնենք, թե ինչքան դեպքեր կարող են լինել, որոնք մակերեւութային են, բայց երիտասարդ ընտանիքների համար կարող են ողբերգական թվալ եւ ընտանիքի քայքայման պատճառ հանդիսանալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել