Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՏԱԼՈՒ ԲԱՆ ՉՈՒՆԵՆՔ

Փետրվար 06,2009 00:00

Կարծում է Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը

Հունվարի 4-ին Ռուսաստանի փոխվարչապետ, այդ երկրի ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը Լոնդոնում հայտարարել է, թե՝ համաշխարհային ճգնաժամի հետեւանքները մեղմելու համար Ռուսաստանը պատրաստ է Հայաստանին տրամադրել 500 մլն դոլարի «կայունացման» վարկ։

«Մենք պետք է օգնենք հարեւան երկրներին, որոնց հետ աշխատում ենք»,- ըստ ռուսական աղբյուրների, հայտարարել է Կուդրինը: Սա այն դեպքում, երբ նույն Կուդրինի հավաստմամբ, Ռուսաստանն ինքն է այդ ճգնաժամի արդյունքում ծանր վիճակում հայտնվել, եւ այդ երկրի պետբյուջեի եկամուտները այս տարի կրճատվելու են մոտ 40 տոկոսով: Հիշեցնենք, որ ՌԴ-ից վարկ ստացող այդ երկրների թվում են Ղրղըզստանը եւ Բելառուսը, որոնք կստանան 2-ական մլրդ դոլար։ Արդեն հայտնի են այն զիջումները, որոնք անելու են Բելառուսն ու Ղրղըզստանը: Վկայակոչելով որոշ վերլուծաբանների՝ օրինակ՝ «Ազատություն» ռ/կ-ն փոխանցում է, որ Բելառուսի դեպքում Մոսկվան ստացել է պաշտոնական Մինսկի համաձայնությունը մի շարք կարեւոր՝ ռուբլու գոտի մտնելու, ՌԴ-ի հետ համատեղ հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու եւ, ամենակարեւորը, գարնանը այդ երկրի խորհրդարանի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը ճանաչելու հարցերում:

Իսկ ահա Ղրղըզստանի նախագահ Բակիեւը արդեն հայտարարել էր, որ առաջիկա ամիսների ընթացքում ԱՄՆ-ին այլեւս թույլ չի տալու օգտագործել իր տարածքում գտնվող Մանասի ռազմաօդային բազան:

Թե ի՞նչ պայմաններ են առաջադրվել Հայաստանին այդ 500 մլն դոլար «կայունացման» վարկը ստանալու համար եւ ինչի՞ն են մերոնք համաձայնել՝ հայտնի չէ: Ըստ հայաստանյան պաշտոնական աղբյուրների՝ վարկի ստացման պայմանների շուրջ բանակցություններն առայժմ ընթանում են: Ասել է թե՝ ՀՀ իշխանությունները դեռ չեն որոշել՝ բավարարե՞լ Ռուսաստանի պայմանները, թե՞ ոչ: Որ այդպիսի պայմաններ կան, եւ որ դրանք քաղաքական են՝ Հայաստանում ոչ ոք չի կասկածում:

Ի՞նչ կարող է Հայաստանը զիջել ռազմավարական իր գործընկերոջը այդ վարկը ստանալու դիմաց: Ընդդիմության ներկայացուցիչ, Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու, ՀՀ ԱԳՆ մամուլի նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանը կարծիք հայտնեց, թե քանի որ նախորդ՝ Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը Հայաստանի ունեցվածքի եւ շատ ենթակառույցների մեծ մասն արդեն տարբեր պայմաններով փոխանցել է ռուսական մի շարք ընկերությունների, ուստի՝ այդ առումով Հայաստանն այս պահին Ռուսաստանին տալու շատ քիչ բան ունի: «Հետեւաբար՝ կարծում եմ, որ պահանջները լինելու են քաղաքական: Այն հետաքրքրությունները, շահերը, որ ՌԴ-ն ունի տարածաշրջանում, դժվար բավարարելի են Հայաստանի կողմից»,- նկատեց Վլ. Կարապետյանը՝ հավելելով, թե ինքն, օրինակ՝ չի հավատում վարկ ստանալու դիմաց Հայաստանի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչման կամ որեւէ կերպ ռուբլու գոտի մտնելու հնարավորությանը: «Հետեւաբար՝ ես չեմ տեսնում հնարավորություն, որ ՀՀ իշխանություններն ընդառաջեն ՌԴ-ին եւ նրա պահանջներին»,- եզրակացրեց Վլ. Կարապետյանը: Մեր այն հարցին, թե ինչո՞ւ է կարծում, թե ՀՀ իշխանությունները չեն համաձայնի ռուբլու գոտի մտնել, պարոն Կարապետյանը պնդեց. «Կարծում եմ, դա չի կարող լինել քննարկման առարկա, որովհետեւ դա ձեռնտու չէ Հայաստանին՝ նախեւառաջ դա անկախության եւ ինքնիշխանության լուրջ փոխզիջում կարող է լինել, որին, չեմ կարծում, թե անգամ այս իշխանությունը կհամաձայնի: Երկրորդ՝ դա կհակասի մեր ստանձնած պարտավորություններին միջազգային ֆինանսական կազմակերպությունների հանդեպ, օրինակ՝ Առեւտրի միջազգային կազմակերպության նկատմամբ: Մենք ինչպե՞ս կարող ենք ռուբլու գոտի մտնել, երբ երկարաժամկետ ծրագրեր ունենք ԱՄՀ-ի եւ ՀԲ-ի հետ, առավել եւս, որ հիմա նոր է հաստատվել ՀԲ-ից 540 մլն դոլար արժողությամբ վարկային ծրագիրը: Դա ուղղակիորեն կվտանգի այդ կազմակերպությունների հետ Հայաստանի համագործակցությանը»:

«Առավոտի» աղբյուրների մատուցմամբ, սակայն, ռուսական կողմը ՀՀ կառավարությանն առաջարկել է այսուհետ գազի, էներգիայի եւ ատոմային վառելիքի դիմաց ռուսական ընկերություններին վճարումները հաշվարկել ռուսական ռուբլով, ինչը մեխանիկորեն կնշանակի մտնել ռուբլու գոտի: Վլ. Կարապետյանը խոստովանեց, թե ինքը նման տեղեկություն չունի, բայցեւ հավելեց, որ հանուն 500 մլն դոլար վարկի այդպիսի զոհողություն անել չարժե:

«Ես չեմ պատկերացնում, թե Հայաստանն էլ ի՞նչ զիջումներ կարող է անել: Միգուցե, դրանով է պայմանավորված նաեւ ՀՀ իշխանությունների հապաղումը՝ պաշտոնապես հաստատել Կուդրինի լավատեսական հայտարարությունը»,- նկատեց Վլ. Կարապետյանը: Ի դեպ, պաշտոնական Երեւանի լռությունը ՌԴ-ից կես միլիարդ դոլարի վարկ ստանալու մասին եւ այդ լռության պայմաններում Կուդրինի՝ Լոնդոնում արած հայտարարությունը հայաստանյան որոշ փորձագետներ որակում են որպես ՀՀ կառավարության վրա ՌԴ առաջարկած պայմաններին համաձայնելու ուղղությամբ արվող ճնշման յուրատեսակ ձեւ: Այդուհանդերձ, Վլ. Կարապետյանը նորից պնդեց, թե՝ որեւէ կերպ ռուբլու գոտի կամ ԵՎՐԱԶԵՍ-ի մաքսային միության մեջ մտնելու դեպքում Հայաստանը լուրջ խնդիրներ կունենա միջազգային կազմակերպությունների հետ:

Հենց այս համատեքստում հավելենք նաեւ, որ մեր աղբյուրների փոխանցմամբ, Հայաստանի կողմից ռուբլու գոտի կամ ԵՎՐԱԶԵՍ-ի անդամ երկրների հետ միասնական մաքսային միություն մտնելու հնարավորության շուրջ քննարկումը դարձել է ներիշխանական անհամաձայնությունների լուրջ պատճառ: Ըստ մեր ունեցած տեղեկությունների, դրանց դեմ է, մասնավորապես, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել