Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցարարներն ու ոստիկաններն իրար հարգում են

Փետրվար 06,2009 00:00

ՀԴՄ-ների համար օրերս ցույցի դուրս ելած առեւտրականների հայհոյելու պատճառով ոստիկաններն իրացման գոտու բնակիչներին էլ չեն թողնում կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիա կազմակերպել:

Այդ պատճառով էլ, երեկ իրացման գոտու բնակիչներն իրենց հերթական բողոքի ակցիան անցկացրին կառավարության շենքի դիմացի մայթին:

Ցուցարարների խոսքերով, իրենց ավանդական «ցույցի հրապարակից» զրկելու հիմնական պատճառը եղել է ՀԴՄ-ների կիրառման դեմ բողոքողների պահվածքը. «Նրանք անցյալ անգամ հայհոյել էին, իսկ ոստիկաններին էլ հրամայել են, որպեսզի մեզ էլ չթողնեն կառավարության շենքի մոտ ցույց անել: Թե չէ՝ երկկողմանի հարգանք կա մեր եւ ոստիկանների միջեւ, եւ չենք ուզում ընդհարվել»,- «Առավոտին» ասաց իրացման գոտու բնակիչ Գոհար Սարգսյանը:

Ցուցարարների ներկայացմամբ, իրենք այս անգամ էլ պայքարում են «վերականգնելու համար իրենց ոտնահարված իրավունքները»:

«Սեփականության իրավունքի պաշտպանություն» հ/կ-ի նախագահ Վաչագան Հակոբյանի խոսքերով. «Այս անգամ էլ մեր խոսքի ազատության իրավունքն են խախտում: Մենք ի՞նչ ենք անում, որ մեզ մի հատ էլ շենքի մոտից են վտարում: Մենք հո՞ իշխանափոխություն չենք անում. մենք խաղաղ ցույցի միջոցով մեր ոտնահարված իրավունքներն ենք պաշտպանում: Ինչքան էլ հուսալքվենք, մեկ է, պետք է պայքարենք մինչեւ վերջ: Թեկուզ կառավարության շենքից հեռու»:

Լալայանց 30 հասցեի նախկին բնակիչ Մարիամ Գիշյանը պատմում է, որ 5 երեխաների հետ միասին 5 տարի առաջ մնացել է դրսում, նրա խոսքերով. «Տունս հինգ րոպեում ոչնչացրին, թալանեցին: Ես լրիվ մերկ՝ դրսում մնացի: Երեխաներիս հետ 8 օր մնացի հյուրանոցում, հետո թափառական կյանքով սկսեցի ապրել. մի օր ստեղ, մի օր՝ ուրիշ տեղ. էդ ի՞նչ կյանք է»:

Իսկ Պուշկինի 2 հասցեի նախկին բնակիչ Վալենտինա Հարությունյանը պատմում է, որ 2002 թ. ստիպեցին պայմանագիր կնքել, ինչի հետեւանքով իրենց տեղափոխեցին Ավան-Առինջ եւ խոստացան 2 տարվա ընթացքում հնի դիմաց նոր բնակարան տալ Կենտրոնում, սակայն. «Մի օր էլ եկան, ասացին, որ տուն չենք տալու, իզուր մի՛ սպասեք: Հենց սկսեցինք բողոքել՝ սպառնացին ինձ ու աղջկաս: Հիմա ապրում ենք Շենգավիթում: Դա տուն անվանել չի կարելի»:

Աբովյան 1/4 շենքի նախկին բնակիչ Էդիկ Մեսրոպյանի երեխաներն էլ այժմ հանրակացարանում են բնակվում. «9 անձից բաղկացած ընտանիք ենք: 2005 թվականին տնից ստիպողաբար դուրս հանեցին: Յուրաքանչյուրին $3500 տվեցին, ինձ էլ $12 000՝ որպես սեփականատիրոջ, սակայն ես անձնական մեքենաս վաճառեցի ու մի կերպ մի բնակարան գնեցի ծայրամասում: Իսկ տղաս ընտանիքի հետ, ինչպես նաեւ աղջիկս հանրակացարանում են ապրում, քանի որ այդ տան տարածքը նրանց չի բավարարում»:

Բողոքի ցույցին մասնակցում էին նաեւ Դալմայի այգիների հողօգտագործողները: Նրանցից մեկի՝ Սամվել Ստեփանյանի խոսքերով. «Մենք ունեինք վարձակալության վերաբերյալ պայմանագրեր, որոնք ուժի մեջ էին մինչեւ 2004 թվականը: Դրանից հետո այդ պայմանագրերն այլեւս չստորագրեցին եւ վաճառեցին հողերը: Մեզ նույնիսկ աճուրդի մասին տեղյակ չպահեցին, որ մի բան ձեռնարկեինք, ի՞նչ իրավունքով: Առաջ թուրքի դեմ էինք պայքարում հողի համար, հիմա մեր իրավունքները չենք կարողանում վերականգնել մեր հայրենիքում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել