Լրահոս
Օրվա լրահոսը

Կանայք կրում են դարավոր արժեքները

Փետրվար 07,2009 00:00

Թե Հայաստանում, թե Ղարաբաղում կանայք նույն վիճակում են

Կանանց եւ տղամարդկանց կարգավիճակի միջեւ առկա տարբերությունները հանրությանը ներկայացնելու փորձ է կատարել ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայությունը՝ 2008 թ. մշակելով ու վերջերս հանրությանը մատուցելով «Արցախի կանայք ու տղամարդիկ» ժողովածուն:

Ի՞նչ տեղ ունեն կանայք ու տղամարդիկ հասարակության մեջ, ո՞րն է նրանց դերը երկրի սոցիալ-տնտեսական կյանքում, որքանո՞վ են պաշտպանվում նրանց իրավունքները, հավասա՞ր են, արդյոք, նրանց հնարավորությունները առողջապահության, սոցիալական ապահովության, ընտանիքի եւ տնային տնտեսության, կրթության ու գիտության, գործազրկության, իրավախախտումների, մշակույթի, սպորտի եւ այլ ոլորտներում: Այս հարցերին է, որ թվերի միջոցով պատասխանում է ժողովածուն:

Ակնհայտ է, որ հանրապետության տարածքում առկա է սեռային խտրականության խնդիրը: Մինչ այսօր չկամությամբ են բարձր պաշտոնների արժանացնում կանանց, ավելի քիչ թվով կանայք են կարողանում մուտք գործել քաղաքականություն, գործատուները գերադասում են տղամարդկանց: Ակնհայտ է նաեւ, որ մեծ բիզնեսը տղամարդկանց տիրույթն է: Ու թեկուզ 2007թ. տվյալներով ԼՂՀ-ում գործող անհատ ձեռնարկատերերի 42,7%-ը կանայք են, իրականում նրանք ավելի քիչ տոկոս են կազմում: Բիզնեսում կանանց մասնակցությունը մեծ մասամբ ձեւական բնույթ է կրում:

Սակայն ահա բարձրագույն կրթություն ստանալու ծարավով կանայք ավելի մեծ տոկոս են կազմում: 2007-08 ուստարում բուհերում սովորողների 58,2%-ը կազմել են իգական սեռի ներկայացուցիչները: Վերջիններս մեծամասնություն են կազմում նաեւ արվեստի ու երաժշտական դպրոցներում՝ 67,4%, մագիստրատուրայում՝ 55%, ասպիրանտուրայում՝ 88,9%:

2007 թվականի տվյալներով՝ կանայք զբաղվածների ընդհանուր թվաքանակի մեծ մասն են կազմում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առողջապահությունը՝ 82,6%, կրթությունը՝ 76,4%, ֆինանսներ ու վարկերը՝ 60,1%, առեւտուրը՝ 74,4%:

Ու թեկուզ, ըստ այս վիճակագրության, զբաղվածների մեծ մասը կանայք են, այնուամենայնիվ, պաշտոնապես գրանցված գործազուրկների 90%-ից ավելին եւս կանայք են: ԼՂՀ բնակչության կեսից ավելին իգական սեռի ներկայացուցիչներն են՝ 51,9%:

Ամենաքիչ թվով կանայք ներգրավված են շինարարությունում, արդյունաբերության ճյուղերում, կառավարման ու պաշտպանության ոլորտներում:

Գործադիր իշխանություններում կանայք կազմում են աշխատողների 25%-ը: Հայաստանում այս ցուցանիշը մոտ 5 անգամ ցածր է, ընդամենը՝ 5%: Այլ խոսքով՝ ԼՂՀ իշխանության մարմիններում կանանց զբաղվածության տոկոսը ավելի բարձր է, քան ՀՀ-ում:

Ըստ վիճակագրության, արցախցի կանանց 46,1%-ը նախընտրել է փաստաբանի բարդ ու պատասխանատու աշխատանքը:

Ղարաբաղի 8 շրջաններից եւ ոչ մեկը չունի կին ղեկավար, բոլոր քաղաքապետերը եւս արական սեռի ներկայացուցիչներ են: Ասել է թե, տեղական ինքնակառավարման մարմիններում սեռային խտրականությունն ակնհայտ է, եւ ինչպես շատ տարիներ առաջ, ինչպես բոլոր ժամանակներում հայ կանայք իրենց աշխատանքով բարիք են ստեղծում այնպիսի ոլորտներում, որոնք անմիջապես առնչվում են ընտանիք-երեխա-բարեկեցություն արժեքներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել