Լրահոս
Օրվա լրահոսը

15-ԱՄՅԱ ՄԱՆԿԱԿԱՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԱ

Ապրիլ 04,2009 00:00

Հոբելյանական միջոցառումները մեկնարկել են

\"\"
Ստեփան Գեւորգյանի ղեկավարած նվագախումբը՝ «Ա. Բաբաջանյան» համերգասրահում:

Կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի ջանքերով 1956թ. Երեւանում բացվեց Դպրոցականի ֆիլհարմոնիա, որի գեղարվեստական խորհրդի նախագահն էր Էդվարդ Միրզոյանը: 1994թ. ԱԺ պատգամավոր Յուրի Բախշյանի շնորհիվ այն վերաբացվեց Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ՝ Մանկական ֆիլհարմոնիա անվամբ: Այժմ էլ կրում է նրա անունը: Այս տարին հոբելյանական է վերջինիս համար:

Օրերս «Ա. Բաբաջանյան» համերգասրահում մեկնարկեց հոբելյանական համերգաշար, որը կավարտվի աշնանը՝ գալա համերգով, Ազգային օպերային թատրոնում: Կայացած միջոցառմանը հավուր պատշաճի ներկայացան Մանկական ֆիլհարմոնիայի ժողովրդական գործիքների նվագախումբը (ղեկավար՝ Ռաֆիկ Մանուկյան), էստրադային սիմֆոնիկ նվագախումբը (ղեկավար՝ Ստեփան Գեւորգյան), կամերային նվագախումբը (ղեկավար՝ Աիդա Նալբանդյան), ժամանակակից պարերի անսամբլը (ղեկավար՝ Նոնա Բաբաջանյան) եւ մենակատարներ:

«Առավոտը» քանիցս անդրադարձել է ժամանակակից երգարվեստում տիրող տխուր վիճակին, ինչը մի բառով կարելի է բնութագրել՝ պլագիատ: Ինչ վերաբերում է մանկական երգարվեստին, այստեղ էլ կոմպոզիտորների կողմից բացարձակ լռություն է: Ասվածի առիթով մեզ հետ համակարծիք է Ֆիլհարմոնիայի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Ստեփան Գեւորգյանը: Թե մերօրյա կոմպոզիտորներից ովքեր են անդրադառնում այս ժանրին, նա տվեց միայն Նունե Արզումանյանի անունը, հիշատակելով ժամանակին կոմպոզիտորներ Ազատ Մանուկյանին, Գեղունի Չթչյանին, Էմմա Միհրանյանին, Ռոբերտ Պետրոսյանին, Արեգ Լուսինյանին եւ այլոց: «Ստեղծված իրավիճակը մտորումների առիթ է տալիս: Մանկական եւ ընդհանրապես մասսայական երգը, որոնք նպաստում են ունկնդրի եւ կատարողի միջեւ կապի ձեւավորմանը, չեն զարգանում, ավելի ճիշտ՝ շարունակողներ չունեն»,- նեղսրտեց Ս. Գեւորգյանը: Նա նշեց, որ նվագախմբի երկացանկը ընտրելիս թեեւ սիրով է անդրադառնում Արտեմի Այվազյանի, Առնո Բաբաջանյանի, Մելիք Մավիսակալյանի, Երվանդ Երզնկյանի եւ մյուս հայտնի կոմպոզիտորների գործերին, սակայն կուզենար, որ ստեղծվեին նորերը: Այս առիթով էլ մեր զրուցակիցը կատակեց. «Հետաքրքիր է՝ ինչպիսին կլինի 21-րդ դարի հայկական մանկական երգը»:

Ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը պարոն Գեւորգյանը տեսնում է միայն Կոմպոզիտորների միության գործունեությամբ. «Ինչպե՞ս էր ժամանակին. միությունը 2 տարին մեկ անցկացնում էր պլենումներ, որտեղ կոմպոզիտորները հանդես էին գալիս նոր ստեղծագործություններով, անցկացվում էին նաեւ մրցույթներ, հրատարակում մանկական երգերի ժողովածուներ: Այսօր էլ պետք է շահագրգռել պրոֆեսիոնալներին…»:

Հարցին, թե ինչո՞ւ Մանկական ֆիլհարմոնիայի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի ելույթները հաճախակի չեն, Ս. Գեւորգյանը նախ հայտնեց, որ իրենք ելույթներ են ունեցել սեւծովյան համագործակցության երկրների մանկական ստեղծագործությունների փառատոնում, Դամասկոսում, Սալոնիկում, Հունգարիայում, ապա հավելեց. «Ցանկալի հյուր ենք ինչպես Երեւանի, այնպես էլ հանրապետության մարզերի դպրոցներում ու մշակութային օջախներում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930