Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ կնոջ կերպար գոյություն չունի»

Ապրիլ 04,2009 00:00

Կարծում է «Ամբողջը եւ հիմա» ցուցահանդեսի կազմակերպիչ Եվա Խաչատրյանը

«Ամբողջը եւ հիմա». այս կարգախոսը 1968-ին սեռական հեղափոխության նշանաբաններից էր, որը մի խումբ հայուհիներ համապատասխանեցրել են կանանց հայաստանյան խնդիրների համատեքստին: Հենց այս կարգախոսի ներքո էլ օրերս «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մեդիակենտրոնում բացվեց կին արվեստագետների ցուցահանդես, որը կտեւի մինչեւ ապրիլի 17-ը:Ցուցահանդեսի համադրող, արվեստի քննադատ Եվա Խաչատրյանը «Առավոտի» հետ զրույցում նկատեց, որ իրենք ինչ-որ առումով հակադրվում են կանանց միամսյակի պաշտոնական տոնակատարություններին, որոնք ամեն տարի կրկնում են միմյանց. «Մենք ուզում ենք հիշեցնել կանանց իրավունքների պաշտպանության մասին, իսկ երկիրը՝ չգիտես ինչ է տոնում»: Ցուցահանդեսին վերաբերող բուկլետում արտահայտված էր մասնակից կին արվեստագետների ընդհանուր կարծիքը, որտեղ կարելի է կարդալ. «Տոնը» զայրացնող է իր բոլոր գայթակղիչ առաջարկություններով, քաբաբ-խորովածով համեմված (իբրեւ ազգային աքսեսուար) կնամեծար հաճոյախոսություններով: Այս իրականությունը ենթակա է անվերջ կրկնության, եթե նահապետական իշխանության դեմ չպայքարենք խոսքով եւ գործողություններով»: Կանանց նշված խմբին մտահոգում է այն, որ կնոջ մարմինն ամեն քայլափոխի ակնհայտ կերպով շահագործվում է, դպրոցի տնօրենների եւ ուսուցիչների մեծամասնությունը կանայք են, որոնք նախընտրական շրջանում ստրկաբար քշվում են իշխանական միջոցառումների եւ միտինգների: Ուստի՝ սեփական իրավունքների պաշտպանությանը լծված կանայք պահանջում են խոսքի ազատություն, իրավահավասարություն, տնտեսական անկախություն, կնոջ իրավունքները ոտնահարող ավանդույթների ոչնչացում, կնոջ եւ տղամարդու կարծրացած դերերի վերաիմաստավորում: Ցուցահանդեսի «մասնակից» նկարներն աչքի էին ընկնում բողոքի նոտայով: Օրինակ՝ «Ինքնադիմանկար» պաստառում հեղինակը պատկերել էր մերկ կին՝ սեւ բծերով պատված, մեկ այլ հեղինակ էլ «Playboy»-ի շապիկին պատկերել էր ոչ թե գեղեցիկ արտաքինով կին, այլ այնպիսին, որի մարմինը վերքերով է պատված, դեմքը՝ այլանդակված:

Գեղանկարիչ Օվսաննա Շեկոյանն էլ փորձել էր իր նկարում վերարտադրել 5 կին հերոսներով մի հին լուսանկար՝ այդպիսով իր համար բացահայտելով շատուշատ հարցերի պատասխաններ: Կնոջ իրավունքների մասին խոսելիս նա նկատեց. «Հայաստանն այն երկրներից է, որտեղ այս առումով հաստատ խնդիրներ կան: Իհարկե, արվեստը հիմնովին չի կարող փոփոխություններ անել, այլ կարող է հարցեր բարձրացնել: Կանանց իրավունքների պաշտպանության նման վիճակը պայմանավորված է հասարակության զարգացածության ցածր մակարդակով: Մյուս կողմից էլ մեր երկրում վիճակն այնքան էլ կատաստրոֆիկ չէ, կան շատ երկրներ, որ կանանց իրավունքների պաշտպանության առումով շատ ավելի վատ վիճակում են»: Իսկ Եվա Խաչատրյանը նշեց. «Կարեւորում ենք կանանց մոտեցումն ու ասելիքը, քան տղամարդունը: Առանց այդ էլ ամբողջ տարվա ընթացքում տղամարդու դիրքորոշում ենք տեսնում, բայց կնոջ դիրքորոշումն անհայտ է: Այսպիսով, կանանց հնարավորություն է տրվում իրենց ասելիքը տեղ հասցնել, որպեսզի մարդիկ իմանան, որ կինն ընդամենը ծաղիկ կամ գեղեցիկ առարկա չէ»: Ե. Խաչատրյանից հետաքրքրվեցինք, չի՞ կարծում, որ այդպիսով հասարակությունն իրենց կմեղադրի հայ կնոջ ավանդական կերպարի ոչնչացման մեջ: Նա պատասխանեց. «Հայ կնոջ կերպար գոյություն չունի: Կարծում եմ, որ աշխարհում բոլոր մարդիկ պիտի հավասար լինեն: Չեմ ուզում առանձնացնել ու ասել, որ հայ կնոջը սա է բնորոշ եւ նա սա պիտի անի, այդպիսով հերթական անգամ փորձ է արվում կանանց դնել շրջանակների մեջ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել