Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐՊԵՍԶԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՆ ԱՇԽԱՏԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ

Ապրիլ 04,2009 00:00

Կայացավ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գործկոմի նիստը, որում քննարկվեցին եւ ընդունվեցին մի շարք կարեւոր որոշումներ: Դրանց շուրջ «Առավոտը» զրուցեց ֆեդերացիայի առաջին փոխնախագահ եւ գործադիր տնօրեն Հովհաննես Սոֆոյանի հետ:

– Սկսվել է Լոնդոն-2012-ի նախապատրաստության քառամյա փուլը: Կարծում եմ, որ գործկոմի նիստի օրակարգային հարցերը գլխավորապես դրան պետք է ուղղված լինեին:

– Անշուշտ: Չնայած ֆեդերացիայի նորընտիր ղեկավարությունն անցած ժամանակաընթացքում զբաղված է եղել մեր հավաքականների ուսումնամարզական հավաքները, սահմանված ժամկետներում ըմբշամարտի երկու ոճերում տարբեր տարիքային խմբերի Հայաստանի առաջնությունների անցկացումը նախապատրաստելով եւ կազմակերպելով, միջազգային պաշտոնական մրցումներում, այդ թվում՝ աշխարհի գավաթի առաջնությանը, մեր առաջատար մարզիկների հաջող մասնակցությունն ապահովելով, աշխատել է նաեւ նոր կանոնադրություն մշակելու վրա, ինչն էլ հաստատվեց գործկոմի նիստում:

– Սպորտում երկրորդական հարցեր չկան: Բայց որո՞նք եք համարում նիստում քննարկված հարցերի մեջ առաջնայինները:

– Անհրաժեշտ է, որպեսզի ֆեդերացիան աշխատի արդյունավետ եւ բնականոն: Դրա համար մեր նախագահ Սամվել Կարապետյանի որոշմամբ գործկոմի անդամների միջեւ կատարվեց աշխատանքի հստակ բաժանում: Տեղակալներից յուրաքանչյուրը եւ քարտուղարը ստանձնեցին իրենց պատասխանատվության ոլորտները: Լուծվեց եւս մի կարեւոր խնդիր: Դա ֆեդերացիային կից հանձնաժողովների՝ մարզչական (երկու ոճերի), կարգապահական եւ մրցավարական, ստեղծումն էր: Հնարավոր է, որ ժամանակի ընթացքում նոր հանձնաժողովներ ստեղծելու անհրաժեշտություն էլ առաջանա:

Նիստում նախագահության անդամներին հանձնարարվեց մշակել ըմբշամարտի մասսայականությունն ու զարգացումը, պրոպագանդումը, մարզիկների վարպետության բարձրացումը, նյութատեխնիկական բազայի ամրապնդումը, պետական եւ հասարակական շահագրգիռ կազմակերպությունների հետ սերտ համագործակցության հաստատումն արդյունավետ կազմակերպելու առաջարկություններ, իսկ ազգային հավաքականների մարզիչներին՝ Լոնդոն-2012-ին նախապատրաստվելու քառամյա ծրագիր կազմել եւ ներկայացնել գործկոմի հաջորդ նիստի քննարկմանը:

– Մարզիկների եւ մարզիչների սոցիալական ապահովվածության խնդիրներին անդրադարձ չեղա՞վ:

– Այդ ուղղությամբ քայլեր արդեն արվում են: Հայաստանի առաջնության հաղթող եւ մրցանակակիր մարզիկները, նրանց մարզիչները ֆեդերացիայի միջոցներից պարենային բավարարման դրամական փոխհատուցում են ստանում: Բացի դրանից, բոլորս էլ գիտենք, թե բարձրակարգ մարզիկների մարզումներն ինչպիսի ծանրաբեռնվածությամբ են անցնում: Այդ խնդիրն էլ լուծված է պատշաճ մակարդակով: Ես համեմատաբար վերջերս եմ զբաղվում ֆեդերացիայի աշխատանքներով, սակայն, իմ ունեցած տեղեկություններով՝ առաջին անգամ է, որ նույնիսկ երկրի պատանեկան առաջնության երկու 3-րդ մրցանակակիրները, այն էլ բոլոր քաշային կարգերի, նյութական աջակցություն են սկսել ստանալ: Մեր ֆեդերացիայի նախագահն այդ հարցերին մեծ կարեւորություն է տալիս եւ օգնել չի զլանում: Կարծում եմ, դա ռեզերվի հետ ճիշտ աշխատելու լավագույն տարբերակներից մեկն է:

– Մի հարց, որը մշտապես օրակարգային է: Խոսքը հաջողությունների հասած պատանի մարզիկների զինծառայության մասին է: Նրանք երկու տարի բանակում ծառայելուց հետո՝ մեծամասամբ չեն կարողանում նախկին մարզավիճակը ետ բերել ու ասպարեզից դուրս են մնում:

– Այդ հարցը մշտապես բարձրացնում են հատկապես հավաքականների մարզիչները: Ես նրանց հասկանում եմ: Հարցը նաեւ նախագահության այս նիստի քննարկման թեմա դարձավ: Մարզական առումով դա ռեզերվի վարպետության անընդմեջ պահպանման ու բարձրացման հարց է, մյուս կողմից՝ պետական նշանակություն ունեցող խնդիր: Իհարկե, ցանկալի կլիներ, որ մեր շնորհալի պատանիները, որոնք իրենց ցուցադրել են հանրապետության առաջնություններում, ծառայեին սպորտային վաշտում: Բայց ներկայիս պայմաններում հնարավո՞ր է այդքան մեծ թվով զինակոչիկների տեղավորել այնտեղ: Չմոռանանք, թե ի՞նչ հարեւանների կողքին ենք ապրում: Ամեն դեպքում՝ մենք համապատասխան միջնորդություն կանենք սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն, ՀԱՕԿ: Խնդիրը պետական մակարդակով կարող է լուծվել:

– Որքան տեղյակ եմ, եկող տարվա Եվրոպայի առաջնությունը եւս նշանակվել է Բաքվում:

– Մենք Բաքվից խուսափելու խնդիր չունենք եւ արդեն մեկ անգամ մասնակցել ենք այնտեղ անցկացված աշխարհի առաջնությանը: Եթե միջազգային մարզական պաշտոնական մրցում է կազմակերպվում, որին ազգային ֆեդերացիաների մասնակցությունը պարտադիր է, պատրաստ ենք մեկնել: Բայց մինչեւ 2010 թվականը ժամանակ կա: Կարծում եմ, որ մեր ֆեդերացիայի նախագահը դեռ կհանդիպի ՖԻԼԱ-ի ղեկավարության հետ, հարցը նաեւ կառավարությունում ու ՀԱՕԿ-ում կքննարկվի: Ինչ որոշում կկայացվի (կարծում եմ, ավելի շուտ՝ դրական)՝ կկատարենք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930