Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Ապրիլ 04,2009 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք ութերորդ

Գլուխ երկրորդ

ՀԱՐԱԶԱՏ ԽԱՂԵՐ

Եվ հիմա Ծաղկաձորի մեր ստեղծագործական տան իմ սենյակում նստած՝ իմ ու Խչոյի զրույցն եմ հիշելով գրի առնում, ավելի ճիշտ՝ ավարտում, իսկ ավելի ճիշտ՝ իմ ու Խչոյի էդ ամբողջ խոսակցությունն արդեն երրորդ շաբաթն է՝ հիշելով գրի եմ առնում Ծաղկաձորի մեր ստեղծագործական տան իմ էս սենյակում, իսկ ավելի ստույգ՝ ես Ծաղկաձորի մեր ստեղծագործական տան իմ էս թիվ 203 սենյակում յոթերորդ գիրքս բարեհաջող ավարտել եւ արդեն նույն հաջողությամբ ութերորդն եմ սկսում, եւ առաջին նախագահի առաջին հանրահավաքի երեկոյան հրապարակի «Եվրոֆուտբոլի» տարածքում տեղի ունեցած իմ ու Խչոյի երկխոսությունն իմ գործը բավական հեշտացրեց. գրողներն ու մանավանդ արձակագիրները եւ հատկապես մեկից ավելի հատորներից բաղկացած գրքեր գրած արձակագիրները կվկայեն, որ ո՛չ միայն բազմահատոր վեպ գրելն է դժվար գործ, այլեւ ու առաջին հերթին՝ էդ հատորներից մեկն ավարտելու ու մյուսն սկսելու գործը, ու էս էլ որերորդ անգամ էդ մասնագիտական դժվարությունը բարեհաջող հաղթահարում եմ Ծաղկաձորի մեր ստեղծագործական տանը, եւ էս անգամվա հաջողությանս հիմնական գրավականը Խչոն է, որի հետ իմ զրույցից երեւի գլխի ընկաք, որ ինքը սովորական ու շարքային մարդ չի, բայց իր ամբողջական կերպարը ներկայացնելու համար մարդ ոչ միայն արձակագիր պիտի լինի, այլեւ՝ նկարիչ, ընդ որում՝ վարպետ արձակագիր ու նույնքան վարպետ նկարիչ, մինչդեռ նվաստս չափազանց ուշ է սկսել արձակով զբաղվել եւ չափազանց շուտ է նկարելը թարգել, եւ հիմա որ Խչոյի ուղղությամբ մտածում եմ, սկսում եմ հասկանալ, որ իր կերպարն ամբողջական ու վերջնական ներկայացնողը նաեւ կինոռեժիսոր պիտի լինի, ընդ որում՝ Ֆելինիի մակարդակի կինոռեժիսոր, որովհետեւ Խչոյի մասին լսելով եւ իր մեծ-մեծ խոսելն ու հպարտ-հպարտ քայլելը չտեսնելով՝ հնարավոր չէ իր մասին ամբողջական ու վերջնական պատկերացում կազմել, ու էս կապակցությամբ հիմնական արդարացումս էն է, որ ես Խչոյին ամբողջականորեն ու վերջնականորեն ներկայացնելու խնդիր չէի էլ դրել, այլ ընդամենն ուզում էի հիշեցնել, որ բուքմեյքերական տարածքներում իմ, Խչոյի ու մյուսների կյանքը դեռեւս շարունակվում է, եւ չնայած տարուց ավել գրողական միջավայրում չէի եղել, հիմա Ծաղկաձոր գալով՝ մանրից սկսում եմ համոզվել, որ իմ ու մյուս գրողների գրողական կյանքն էլ է մանրից շարունակվում, եւ չնայած Սովետի փլուզումից հետո մեր էդ գրողական կյանքը որոշակի ու շեշտակի փոփոխություններ կրեց, գրողներս հիմնականում նույնն ենք մնացել՝ տարիքներս ու սոցիալական վիճակներս չհաշված, եւ չնայած էս վերջին երկու տասնամյակների ընթացքում մեր համընդհանուր կյանքն էլ է որոշակի ու շեշտակի փոփոխություններ կրել, գրողների հումորների ու խոսակցության թեմաներն էլ են նույնը մնացել, բայց էս կրկնված հումորների ու խոսակցությունների մթնոլորտում ինձ միանգամայն ջահել եմ զգում՝ ոչ միայն էն պատճառով, որ էս պահին էստեղ հանգստացող գրողներից՝ Լյուդվիգ Դուրյանից, Պետրոսյան Երվանդից, Վարդան Վանատուրից ու Հովնաթանից ահագին ջահել եմ, այլեւ էն պատճառով, որ իրենց էս շուրջօրյա հումորներն ու խոսակցություններն առաջին անգամ լսել եմ դեռեւս էն թվերին, երբ «Սովետական գրող» հրատարակչությունում էի աշխատում ու իսկապես էլ ջահել էի, եւ ահա ամբողջ երկու շաբաթ Ծաղկաձորի ստեղծագործական տան իմ էս սենյակում «Առավոտի» Պետյայի տված ճեփճերմակ թղթերը հաջողությամբ գրոտեցի ու հիմա արդեն Ծաղկաձորի էս տան տնօրեն Մոսոյի տված ճերմակներին եմ անցել, եւ երբ էսօր առավոտ Մոսոյից թուղթ ուզեցի, ինքը հարցրեց՝ «դեղին թուղթ տա՞մ, թե՝ սպիտակ», եւ երբ իրեն ասացի՝ «կոմպյուտերային սպիտակ», ինքը զարմացած հարցրեց՝ «արդեն կոմպյուտերով ե՞ս գրում», եւ ես ասացի՝ «գրիչով եմ գրում, բայց՝ կոմպյուտերային թղթի վրա», եւ Մոսոն զարմացած հարցրեց՝ «խի՞», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «չգիտեմ» եւ մի քիչ էլ մտածեցի ու ավելացրի՝ «դրանց եմ վարժվել», եւ Մոսոն ասաց՝ «հարց չկա» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «չմտածես թե՝ ափսոսում եմ. ուղղակի հետաքրքիր ա», եւ ես ժպտալով ասացի՝ «գիտեմ, որ չես ափսոսում», ու էդ իմանալս հաստատ էր, որովհետեւ եթե Մոսոն ափսոսող կամ խնայող լիներ, ոչ թե էդ սպիտակ թղթերն ինձանից կխնայեր, այլ՝ էս երեք շաբաթվա անվճար սնունդս ու ապրելս, էլ չեմ ասում, որ մտքումս եւս մի շաբաթ նկատի ունեմ՝ համոզված, որ Մոսոն չի մերժելու, որովհետեւ Մոսոն հենց էսպիսի դեպքերում է շռայլ, եւ չնայած ինքը երբեւէ գիրք չի գրել, այդուհանդերձ, էն քչերից է, ովքեր համառորեն շարունակում են գրականության մեջ իմաստ գտնել, եւ Մոսոն համառորեն շարունակում է գերագույն հաճույք ստանալ է՛ն հանգամանքից, որ մարդամեկն իր էդ պանսիոնատում ապրելով՝ ոչ թե նարդի, բիլիարդ, բլոտ ու թենիս է խաղում, այլ իր սենյակում մեկուսացած՝ մի գլուխ գրում ու գրում է, եւ, ըստ ամենայնի, Մոսոյին ուրախացնողը հատկապես էն հանգամանքն է, որ էդ մեկը հենց ե՛ս եմ, որովհետեւ Սովետի օրոք նույն էդ պանսիոնատում առավոտից իրիկուն ոչ միայն նարդի, թենիս, բլոտ ու հատկապես բիլիարդ էի խաղում, այլեւ մյուս գրողներին էի իրենց հիմնական բանուգործից կտրում՝ ստիպելով հետս նարդի, թենիս, բլոտ ու հատկապես բիլիարդ խաղալ, մինչդեռ հիմա ուրիշներն են ինձ խաղասրահներ ուղղորդում, բայց ես չեմ ենթարկվում՝ ոչ միայն էն պատճառով, որ ուղղորդողների մեջ Ծաղկաձորի Ալիկն ու Ամարյան Վազգենը չկան, այլեւ էն պատճառով, որ իմ էս գրավոր ու գրական խաղերը վերջնականապես եմ գերադասում բոլոր այլ խաղերից, եւ եթե ինձ բիլիարդանոց ուղղորդողների մեջ Ալիկն ու Վազգենը լինեին, ես երեւի ուղղորդվեի, որովհետեւ իմ ու էդ երկուսի բիլիարդը, եթե հիշում եք, ոչ միայն չի խանգարել, այլեւ ահագին նպաստել է իմ էս գրավոր խաղերին, բայց Վազգենը վաղուց երկնքում է, իսկ Ալիկն, ասում են, ռուսաստաններում է, եւ դա իմ բախտից է, որովհետեւ Ալիկի մասին ինչ գրելու էի՝ արդեն գրել պրծել եմ, եւ, էս պահի դրությամբ, ինձ էս գրավոր ու գրական խաղերիցս շեղողը միայն ու միայն էս գրավոր ու գրական խաղերս են, որովհետեւ ես էն մեծամիտ գրողներից չեմ, ովքեր գրում-գրում ու գրածներն անտիպ են թողնում՝ համոզված, որ իրենց էդ գրածները տասնամյակներ ու հարյուրամյակներ հետո ոչ միայն կկարդան ու կտպագրեն, այլեւ ըստ արժանվույն կգնահատեն էլ, եւ քանի որ էդ արժանավոր ու արժեքավոր ինքնավստահությունը չունեմ, նախընտրում եմ էս գրավոր խաղերիս տպագրության հարցերով անձամբ զբաղվել, եւ չնայած էս զբաղվելս ինձ որոշակիորեն է բուն գործիցս կտրում, այդուհանդերձ, այլ ճար չունեմ ու հենց էս պահին ինձ պիտի ստեղծագործական էս պրոցեսից կտրեմ ու տեղափոխեմ Երեւան, որովհետեւ էսօր ուրբաթ է, ու երեկոյան անպայման պիտի ինձ «Առավոտ» գցեմ, որ վաղվա համարում տպագրվելիք հատվածս սրբագրեմ ու վերջնական շուռտիպներն էլ աչքովս տեսնեմ, ու իմ բախտից Ղուկասն էլ էսօր ու էգուց Երեւանում գործեր ունի, ու իմ բախտից երեսուն տարվա իր «Ժիգուլին» դեռեւս տեղաշարժվում է, ու հիմա էս խաղերս դադարեցնելով՝ պիտի իջնեմ ճաշարան, մի կտոր բան ուտեմ, ու ճանապարհ ընկնենք:

Այսօր երկու հազար յոթի նոյեմբերի տասնյոթն է, եւ Ղուկասի հետ արդեն վերադարձել ենք Ծաղկաձոր, եւ Երեւան գնալս շատ ճիշտ էր, որովհետեւ երեկ երեկոյան «Առավոտում» ոչ միայն էսօրվա հատվածս սրբագրեցի ու վերջնական տեսքի բերեցի, այլեւ՝ եկող շաբաթվանն էլ. այսինքն, ես կարող եմ առաջիկա ուրբաթ Երեւան չմեկնել եւ կիրակի օրը ներառյալ Ծաղկաձորում մնալ, ու էս հանգամանքը չափազանց էական է, որովհետեւ տրամադրված եմ էս ութերորդ գիրքս հիմնավորապես հունի մեջ գցել ու նոր միայն հանգիստ խղճով տուն վերադառնալ:

Երեւանում տնեցիներից կարոտս առա, էսօրվա հատվածս վերջնական տեսքի բերեցի, եւ չնայած էդ հարգելի պատճառներով հնարավորություն չունեցա մասնակցել Առաջինի երկրորդ՝ երեկվա հանրահավաքին, այդուհանդերձ, էս պահի դրությամբ՝ էդ հանրահավաքի բովանդակությունն ու էությունը բոլորիցդ լավ գիտեմ, ավելի ճիշտ՝ երեկ իրիկուն արդեն գիտեի, որովհետեւ երեկ իրիկուն, երբ «Առավոտի» Վալոդին, Արմինեին ու Զառային խնդրեցի, որ եկող շաբաթվա էջերս էլ վերջնական տեսքի բերենք ու շուռտիպավորենք, էդ պահին արդեն Առաջինի երկրորդ հանրահավաքի ելույթի տեքստն ամբողջությամբ ինտերնետով եկել էր, եւ Արմինեն հանձն առավ հաջորդ շաբաթվա զույգ էջերս վերջնական տեսքի բերել ու շուռտիպավորել՝ պայմանով, որ ես էլ հանձն առնեմ օգնել երեկոյան սրբագրիչ Մելանին՝ Առաջինի երկրորդ ելույթի տեքստը սրբագրելու հարցում, որովհետեւ արդեն տասն անց էր, իսկ Առաջինի երկրորդ հանրահավաքի ելույթի տեքստը չափազանց մեծ էր, եւ ես հաճույքով հանձն առա ու երբ կարդալով հասա չորրորդ էջին, վերջնականապես հասկացա, որ Առաջինի էդ երկրորդ ելույթի ամբողջ տեքստը վերջնականապես ու ամբողջովին սրբագրված է, եւ չորրորդ էջից սկսած՝ արդեն միայն բովանդակությանն էի հետեւում, ու չմոռանամ ասել, որ Առաջինի էդ ելույթը ոչ թե սովորական՝ կոմպյուտերային չորս էջ էր, այլ՝ թերթի ամբողջ չորս էջ. այսինքն, երկու անգամ ավելի մեծ էր, քան՝ վեպիս էդ օրվա հատվածը, եւ էդ չորս էջերը կարդալով ու ոչ մի սխալ չհայտնաբերելով՝ երկրորդ անգամ կարդացի՝ արդեն բովանդակությունն ընկալելու ու իմանալու համար, եւ հիմա երեկվա էդ չորս էջերը հիշելով՝ հիշում եմ նաեւ, որ նույն ծավալի մի քաղաքական ելույթ էլ անցած դարի ութսունմեկ թվականի վերջերին էի կարդացել՝ վերստին սրբագրելու նպատակով, բայց էդ չորսէջանոց ելույթի ընդամենը մի էջը զուտ սրբագրելու նպատակով էի կարդացել, եւ էդ ելույթի տեքստի հեղինակը միանգամայն այլ երկրի առաջնորդ էր՝ Լեոնիդ Բրեժնեւ անունով ու ազգանունով, եւ չնայած Տաթեւիկի շնորհիվ էդ թվին արդեն «Ծիծեռնակի» աշխատող էի եւ աշխատանքիցս էլ շատ գոհ էի, այդուհանդերձ, աչքս շարունակաբար Մարտինի ու Համիկի գործին էր, եւ իմ, Վանոյի ու շատերի երազանքը «Սովետական Հայաստանում» ու մանավանդ «Ավանգարդում» սրբագրիչ աշխատելն էր, ու մեր էդ մշտական երազանքից մեր շարունակաբար կառչելը բավական լուրջ հիմքեր ուներ, ու էդ հիմքերից առաջինն էն էր՝ որ էդ երկու թերթերում սրբագրիչների աշխատանքն սկսվում էր ամենաշուտը երեկոյան յոթին ու վատագույն դեպքում տասներկուսի կողմերն ավարտվում էր. այսինքն, էդ աշխատանքը հատկապես ինձ ու ինձնմաններին էր ձեռնտու, որովհետեւ էդ աշխատանքն իմ ու իմպեսների համար երկրորդ աշխատանք էր, եւ, որ ամենակարեւորն էր, աշխատավարձն էդ թվերի համար բավական բարձր էր՝ մոտ հարյուր հիսուն ռուբլի, ու էդ հարյուր հիսունը մեր շրջապատի տղերքից Համիկին ու Մարտինին արդեն բազմիցս էր ժպտացել եւ ահա-ահա ինձ էլ էր ժպտալու, բայց, ավա՜ղ, իմ միամսյա պարտադիր փորձաշրջանն ընդամենը երկու օր տեւեց, եւ չնայած «Սովետական Հայաստանի» խմբագիրն իմ բանաստեղծությունները մամուլում կարդացել ու հավանել էր, եւ չնայած Համիկն էլ էր իմ հաշվով խմբագրին բարեխոսել ու համոզել, այդուհանդերձ, իմ չար բախտից իմ փորձաշրջանի երկրորդ իրիկուն Լեոնիդ Իլյիչ Բրեժնեւի չորսէջանոց ճառի տեքստը Կենտկոմի տպարան մտավ, եւ Համիկի բախտից՝ էդ օրն ինքը սմենի չէր, ու էդ չորսէջանոց ճառի չորրորդ էջն էր ինձ բաժին հասել, եւ ես իմ փայ էդ չորրորդ էջն արագ կարդալով ու սրբագրելով՝ արդեն իրենց հիմնական սրբագրիչներ Հենդոյին ու մանավանդ Ելենային էի ուզում օգնել, որովհետեւ մի ամսից Ելենան ֆիզարձակուրդ էր գնալու, ու ես հենց Ելենային էի նվազագույնը մի տարի փոխարինելու, եւ Համիկն ինձ արդեն հավաստիացրել էր, որ մինչեւ Ելենայի ֆիզարձակուրդից վերադառնալը ինձ համար հիմնական տեղ կազատվի, եւ խմբագիրն ինձ մշտական աշխատանքի կընդունի, բայց շաբաթն ուրբաթից շուտ եկավ, եւ ես էդ իրիկուն Լեոնիդ Իլյիչի ու իմ էդ չորրորդ էջն արագ ավարտելով՝ պատրաստակամ էի օգնել հատկապես Ելենային, բայց Ելենան իմ օգնությունից հրաժարվելով՝ մեծահոգաբար ինձ խորհուրդ տվեց եւս մեկ անգամ իմ բաժին չորրորդ էջը կարդալ, բացատրելով, որ նույնիսկ հինգ անգամ կարդալուց հետո են վրիպակներ պատահում, եւ ես էդ իրիկուն իմ բաժին չորրորդ էջը յոթ անգամ կարդալով՝ տասներկուսի կողմերը գնացի տուն, եւ առավոտյան կյանքումս առաջին անգամ կրպակից «Սովետական Հայաստան» առա, եւ կինո «Նաիրիի» դիմացի կրպակից էդ «Սովետական Հայաստանն» առնելով՝ մտա Օֆիկի կաֆե, մի բաժակ սուրճ առա, եւ երբ սուրճս խմելով՝ Բրեժնեւի ճառի իմ չորրորդ էջն էի վերընթերցում, Օֆիկը, հիշում եմ, զարմացած ինձ հարցրեց՝ «էդ գյոռնափշտիկի ճա՞ռն ինչի ես կարդում», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «պետք ա», եւ Օֆիկը հարցրեց՝ «մեջը կարեւոր բան կա՞», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «չէ», եւ Օֆիկը ծիծաղելով ասաց՝ «որ տենան էդ գյոռնափշտիկի ճառն էդքան ուշադիր կարդում ես, քեզ էլ պաշտոն կտան», եւ ես ժպտալով ասացի՝ «արդեն տվել են», եւ Օֆիկը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ են տվել», եւ ես ինքնագոհ ասացի՝ «էս թերթի սրբագրիչն եմ», ու էդ խոսքիս վրա Մարտինը ներս մտավ, եւ երբ Օֆիկը գնաց դախլի մոտ, Մարտինն ինձ հարցրեց՝ «իմացել ե՞ս», եւ ես հարցրի՝ «ի՞նչը», եւ Մարտինը զարմացած հարցրեց՝ «բա խի՞ ես էդ ճառը կարդում», եւ ես Մարտինին ասացի՝ «քո վատությունը քեզ մնաց», եւ Մարտինն ավելի զարմացած հարցրեց՝ «ի՞նչ վատություն», եւ ես ասացի՝ «մի տարի ա խոստանում էիր, որ ձեր «Ավանգարդում» ինձ սրբագրիչ ընդունել կտաս, բայց վերջը «Սովետական» ընդունվեցի», եւ Մարտինն ապշահար ինձ նայելով հարցրեց՝ «սրբագրիչ ե՞ս ընդունվել», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հա. քո վատությունը քեզ մնաց», եւ Մարտինը խղճահարությամբ ինձ նայելով հարցրեց՝ «հրամանդ արդեն կա՞», եւ ես ասացի՝ «մի ամիս փորձաշրջան պիտի անցնեմ, բայց խմբագիրը հարուր տոկոսով խոստացել ա», եւ Մարտինը խղճահարությամբ ինձ նայելով հարցրեց՝ «էդ ճառը դու ե՞ս կարդացել», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «ես մենակ չորրորդ էջն եմ կարդացել», եւ Մարտինը ժպտալով ասաց՝ «լավ ես պրծել», եւ ես զարմացած հարցրի՝ «ինչի՞ց եմ լավ պրծել», եւ Մարտինը ժպտալով ասաց՝ «բախտդ բերել ա, որ առաջին էջում ա սխալը գնացել», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ սխալ», եւ Մարտինը ժպտալով ասաց՝ «էդ ճառի առաջին էջում շատ կոպիտ տառասխալ ա գնացել», եւ ես առաջին էջը բացելով հարցրի՝ «ի՞նչ տառասխալ ա», եւ Մարտինը ժպտալով ասաց՝ «առաջին էջի երրորդ սյան վերեւից ութերորդ տողը որ կարդաս՝ կտենաս», եւ ես երրորդ սյան վերեւից ութերորդ տողը մտքիս մեջ կարդալով ասացի՝ «ոչ մի սխալ էլ չկա», եւ Մարտինը ժպտալով ասաց՝ «էդ պրոլետարիատ բառն ուշադիր կարդա», եւ ես ավելի ուշադիր կարդալով ասացի՝ «սխալ չկա», եւ Մարտինը թերթը ձեռքիցս վերցրեց, նայեց եւ թերթն ինձ վերադարձնելով ասաց՝ «էդ բառն ավելի ուշադիր կարդա», եւ ես մտքիս մեջ էդ բառը տառ առ տառ կարդալով՝ վերջապես նկատեցի, որ Բրեժնեւի ճառի առաջին էջի երրորդ սյան վերեւից ութերորդ տողում պրոլետարիատ բառի փոխարեն գրված է պլորետարիատ, եւ Մարտինն ակնոցների վրայից ինձ նայելով հարցրեց՝ «էլի չնկատեցի՞ր», եւ ես սարսափահար ասացի՝ «պլորետարիատ ա գնացել», եւ Մարտինը մի քիչ մտածեց ու ասաց՝ «խեղճերին մեղադրելու չի. էդ ճառերն էնքան ուշ են ուղարկում, որ հալից ընկած ենք ըլնում», եւ ես հարցրի՝ «ձեր թերթում ճիշտ ա՞ տպվել», եւ Մարտինը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մեր գրաշարը սրբագրիչներից գրագետ ա», եւ ես ասացի՝ «էդ մեխանիկական սխալ ա. գրագիտության հետ ոչ մի կապ չունի», եւ Մարտինը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ճիշտ ես ասում», եւ ես ասացի՝ «կարծեմ էդ առաջին էջը Ելենայինն էր», եւ Մարտինն ասաց՝ «կապ չունի. խմբագիրն առաջինը Հենդոյին ա հեռացրել», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «փաստորեն, հիմնական մեղքը գրաշարինն ա», եւ Մարտինն ասաց՝ «գրաշարին էլ ա հեռացրել» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «փաստորեն, դու էլ նիզաշտո քաշվար», եւ ես զարմացած հարցրի՝ «ե՞ս խի քաշվա», եւ Մարտինը մի քիչ մտածեց ու ասաց՝ «երեւի քեզ էլ կհեռացնի», եւ ես ժպտալով ասացի՝ «ինձ չէր էլ ընդունել», եւ Մարտինը մի քիչ մտածեց ու ասաց՝ «երեւի չի էլ ընդունի», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «պարզ ա», եւ ինքն ասաց՝ «հիմի Կենտկոմում խմբագրի հարցն են քննում. որ իրան չհեռացնեն՝ լավ ա», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «երեւի խմբագրին էլ հեռացնեն», եւ Մարտինը մի քիչ մտածեց ու ասաց՝ «խմբագիրը նախօրոք էդ էրկուսին հեռացրել ա, որ ինքը գոնե խիստ նկատողությունով պրծնի», եւ ես մի քիչ մտածեցի ու հարցրի՝ «բայց կպրծնի՞», եւ Մարտինը մի քիչ մտածեց ու ասաց՝ «խմբագրին դժվար թե հեռացնեն. վերեւներում իրան շատ են հարգում», եւ ես ծիծաղելով ասացի՝ «բայց շատ կոպիտ սխալ ա պլստացել», եւ Մարտինն ասաց՝ «իրա ու Դեմիրճյանի հարաբերություններն էլ են շատ լավ», եւ ես նորից ծիծաղելով ասացի՝ «ախր շատ կոպիտ սխալ ա», եւ Մարտինը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «կոպիտը կոպիտ ա, բայց որ շուխուռը չգցեին, երեւի ընթերցողները չնկատեին էլ», եւ ես ժպտալով ասացի՝ «ճիշտ ես ասում. դու որ չասեիր՝ երեւի ես էլ չնկատեի», եւ Մարտինը ծիծաղելով ասաց՝ «դու նույնիսկ իմ ասելուց հետո էդ սխալը չէիր գտնում», եւ ես հարցրի՝ «բա ո՞վ ա շուխուռը գցել», եւ Մարտինն ասաց՝ «խմբագիրը վերեւների հետ շատ լավ ա, բայց չուզողներ էլ շատ ունի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ինքը ամենագլխավոր թերթի գլխավոր խմբագիրն ա. իրա պաշտոնի վրա վերեւներում լիքը մարդ աչք ունի», եւ ես ասացի՝ «բա ասում ես՝ Դեմիրճյանի հետ լավ ա», եւ Մարտինը մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «էս պլորետարիատի շուխուռը որ Մոսկվա հասցնեն՝ երեւի Դեմիրճյանն էլ չկարենա խմբագրին փրկի», եւ ես ժպտալով ասացի՝ «փաստորեն, դրանց կյանքն էլ մի կյանք չի», եւ Մարտինը մի քիչ մտածեց ու ասաց՝ «դու քո մասին մտածի. էդ փորձաշրջանդ որ հաջող անցկացնեիր, Ելենայի տեղն առնվազն մի տարի կաշխատեիր», եւ ես ժպտալով ասացի՝ «փաստորեն, սրբագրիչի գործն էլ մի գործ չի», եւ Մարտինը ժպտալով ասաց՝ «ըսենց բան երեւի հիսուն տարին մեկ ա պատահում», եւ ես ծիծաղելով ասացի՝ «հենց իմ սմենի՞ն պիտի պատահեր», եւ Մարտինը ժպտալով ասաց՝ «մարդ պիտի բախտ ունենա», եւ ես ասացի՝ «հա», եւ Մարտինն ասաց՝ «բայց դու հեչ մեղավոր չես. ասում են՝ Ելենան ա էդ էջը կարդացել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «Ելենան ա կարդացել, բայց Հենդոն ա տուժելու», եւ ես ասացի՝ «բա ասում ես՝ խմբագիրը սաղին կհեռացնի», եւ Մարտինն ասաց՝ «Հենդոյի ու գրաշարի հրամաններն արդեն տվել ա, բայց Ելենայինը երեւի չտա», եւ ես զարմացած ասացի՝ «բա ասում ես՝ Ելենան ա էդ առաջին էջը կարդացել», եւ Մարտինն ասաց՝ «ես չեմ ասում. ուրիշներից եմ լսել», եւ ես հարցրի՝ «որ Ելենան ա կարդացել, Հենդոյի՞ն խի են հեռացրել», եւ Մարտինը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ խմբագիրը մեկնումեկին չհեռացներ՝ իրա՛ն կհեռացնեին», եւ ես հարցրի՝ «բայց խի՞ Հենդոյին», եւ Մարտինը պատասխանեց ու ասաց՝ «որովհետեւ Ելենան մի քանի օրից ֆիզարձակուրդ ա գնալու. խմբագիրը ռիսկ չի անի՝ ֆիզարձակուրդ գնացողին աշխատանքից ազատի», եւ ես զարմացած հարցրի՝ «խի՞ ռիսկ չի անի», եւ Մարտինը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «էս պետությունը ֆիզարձակուրդ գնացողների հետ շա՜տ զգույշ ա վարվում», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «խե՜ղճ Հենդո», եւ Մարտինը ժպտալով ասաց՝ «մեկն ըլնի՝ քեզ խղճա» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «էդ փորձաշրջանը գլխիդ իսկական փորձանք դառավ», եւ ես ժպտալով ասացի՝ «լավ ա՝ խմբագիրն ընդունվելուս հրամանը չէր տվել. որ հրամանս տված ըլներ՝ երեւի ինձ էլ կհեռացներ», եւ Մարտինը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հաստատ կհեռացներ. հիմի ինքն ինչքան շատ մարդ հեռացնի՝ էնքան իրան ավելի կապահովագրի», եւ ես ժպտալով ասացի՝ «Համիկի բախտը բերեց, որ էրեկ սմենի չէր», եւ Մարտինն ասաց՝ «Համիկի բախտը միշտ ա բերում. նախանցած տարի էլ ըսենց մի հատ չեպե էղավ, ու էլի իրա սմենին չէր», եւ ես ասացի՝ «բա ասում ես՝ հիսուն տարին մեկ ա ըսենց բան ըլնում», եւ Մարտինը ծիծաղելով ասաց՝ «էս պլորետարիատի մակարդակի չեպե երեւի հարուր տարին մեկ էլ չի ըլնում», եւ ես ծիծաղելով ասացի՝ «հենց իմ փորձաշրջանի վախտ էղավ», եւ Մարտինը ժպտալով ասաց՝ «դրա համար եմ ասում՝ մարդ պիտի բախտ ունենա», եւ ես ծիծաղելով ասացի՝ «Ելենայի բախտը բերել ա, որ կնիկ ա ծնվել», եւ Մարտինը ծիծաղելով ասաց՝ «իրա բախտը բերել ա, որ համ կնիկ ա ծնվել, համ էլ՝ ֆիզարձակուրդ ա գնալու» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «կարող ա կնիկ ծնված ըլներ, բայց դաննի մամենտ հղի չըլներ», եւ ես ծիծաղելով ասացի՝ «կնիկ կա, որ վաբշե չի հղիանում», եւ Մարտինը ծիծաղելով ասաց՝ «բայց հարցի մյուս կողմն էլ կա», եւ ես հարցրի՝ «մյուս կողմը ո՞րն ա», եւ Մարտինը ծիծաղելով ասաց՝ «որ Ելենան հղի չըլներ, շատ հնարավոր ա՝ էդ պլորետարիատը նկատեր», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «հաստատ չես կարա ասես», եւ Մարտինը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հակառակն էլ չես կարա ասես. ամեն դեպքում, հղի կնոջ մտքերն ուրիշ տեղ են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930