Ասում է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունում «Ժառանգության» ներկայացուցիչ Րաֆֆի Հովհաննիսյանը
Իսպանիայի Վալենսիա քաղաքում մարտի 30-31-ին տեղի ունեցած ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստին մասնակցած հայ խորհրդարանական միակ ընդդիմադիր ուժի ներկայացուցիչը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, դեռեւս մանրամասներ չէր պատմել քննարկումների ընթացքի մասին: Ուստի փոքր-ինչ ուշացումով խնդրեցինք ներկայացնել դրանք: Ըստ նրա՝ խոսել է Մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ Հոլովաթին, համազեկուցողներից Պրեսկոտը ներկա չէր. «Ու թեեւ ընդհանրապես ընդունված է, որ համազեկուցողն է սկսում քննարկումը՝ այս դեպքում անմիջապես խոսքը տրվեց մեր պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանին, ապա՝ ինձ, որպես ընդդիմադիր ներկայացուցչի, հետո՝ Արմեն Ռուստամյանին: Հետո եղավ ընդհանուր քննարկում, որն ամփոփեց պրն Կոլոմբիեն»: Այլ երկրների պատվիրակների կարճ ելույթները մեր զրուցակիցը բնորոշեց իբրեւ քննադատական:
Մեր խնդրանքով պրն Հովհաննիսյանը ներկայացրեց Հայաստանի հարցի քննարկման ժամանակ ունեցած իր ելույթի մանրամասները (նա Մոնիտորինգի հանձնաժողովում ելույթ էր ունեցել նաեւ Թուրքիայի հարցի քննարկման ժամանակ): «Փորձեցի հերթական անգամ ներկայացնել ողջ իրականությունը. առաջին հերթին՝ Հայաստանի Հանրապետությունում, ու նաեւ՝ եվրոպական չափանիշների հավասար կիրառման սկզբունքին համապատասխան, նույն մեթոդաբանությունն օգտագործեցի քննադատական հայացքներ նետելու համար մեր հարեւան երկրների, Ռուսաստանի ու նաեւ ընդհանրապես Եվրոպայի խորհրդի վրա,- պատմեց Րաֆֆի Հովհաննիսյանը:- Ներկայացրի մոնիտորինգային առաքելության համապարփակ լինելու անհրաժեշտությունը՝ առ այն, որ ցանկացած երկրի յուրաքանչյուր համազեկուցող պետք է ինքը լինի ճշմարտության վերհանման ամբողջական նվիրյալ ու չառաջնորդվի այս կամ այն իրավիճակային, քաղաքական կամ ապաքաղաքական ամբիցիաների չափանիշներով: Եվ երկրորդը՝ ԵԽ-ում պետք է ստեղծվի, զարգացվի ինքնամաքրման, ինքնաքննադատության մշակույթ եւ ոչ այն, ինչի վկան ես եղել եմ վերջին 2 տարիների ընթացքում»: Անդրադառնալով Հայաստանին՝ ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության անդամը խոսել է հիմնարար ազատությունների էական սահմանափակումների, լրագրողների նկատմամբ հարձակումների մասին. «Հատկապես էլեկտրոնային լրատվամիջոցները մնում են գործադիր իշխանության, նախագահական անմիջական հսկողության տակ: Եվ «Ա1+»-ը տարբեր տեսակի պատրվակներով՝ թվայնացման նախագծերով, չի վերադառնում եթեր: Ասացի նաեւ, որ մինչեւ հիմա մարտի 1-ի անմեղ զոհերի գործով ոչ մի ամբաստանյալ չկա, թեեւ գիտեն, թե գոնե մեր 3 հայրենակիցների կյանքերն ինչպես խլվեցին: Դրա փոխարեն ունենք քաղաքական բանտարկյալներ»:
Հիշեցրել էր ԵԽԽՎ-ում 2008-ի հունիսին իր վերջին ելույթը, երբ հայտարարել էր, թե այլեւս չի մասնակցելու լիագումար նիստերին, քանի դեռ Եվրոպայի խորհուրդն ու Հայաստանն արժանի չեն միմյանց: «Մոնիտորինգի հանձնաժողովում ասացի՝ այն ժամանակ ես հայտարարում էի, որ անմեղ մարդկանց ազատազրկումն անգամ մի ժամով արդարության մեծագույն խախտում է, եւ հատկապես՝ եթե դա տեղի է ունենում ԵԽ հայացքի ներքո: Երբ հունիսին ասում էի, որ մինչեւ 2009-ի հունվար սպասելն ուղղակի անմարդկային է եւ հակաեվրոպական ու հակահայկական՝ պատասխան տրվեց, թե սեպտեմբերին պիտի վերանայվի այդ հարցը: Ուրեմն՝ հունիսը դարձավ սեպտեմբեր, սեպտեմբերը՝ Մոնիտորինգի հանձնաժողովի դեկտեմբերի նիստ: Իսկ այդ նիստը հակաշրջադարձով հունվարին հասավ Ստրասբուրգ, եւ ահա մարտի վերջին օրերին նստում ենք Վալենսիայում ու քննարկում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության իրավիճակը Հայաստանում: Չնայած շատ բարի խոսքեր են ասվել գործող նախագահի անունից՝ դրանք, ըստ էության, գործի չեն վերածվել: Եվ ներկա դրությամբ՝ ինձ համար, գոնե որպես պատվիրակ ու քաղաքացի, ապրիլի 1-ը լակմուսի թուղթ էր: Իհարկե, ողջունեցի, որ ԱԺ-ն փորձել էր իր անցյալ մեղսակցությունից ինչ-որ տեղ շրջանավարտ լինել, դուրս գալ՝ օրենսդրական համապատասխան փոփոխություններ մտցնելով 225 եւ 300 հոդվածներում, բայց հիմնական մեխը եւ քննության հանձնման հիմնական չափորոշիչը կիրառումն է»:
Մեր հարցին, թե ի՞նչ ցույց տվեց այդ «լակմուսի թուղթը»՝ օրենսդրական փոփոխությունների ապրիլի 1-ին կիրառման ընտրված ձեւն արդյոք բավարարո՞ւմ էր առկա ակնկալիքներին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը ժխտական պատասխան տվեց. «Ոչ, չէր բավարարում: Եվ դրա համար խոսքիս ավարտական մասում ասացի՝ Հայաստանի անկախ դատարանի կողմի՞ց էր որոշումը, թե՞ իշխանական հեռախոսային պատվերով, շատ հետաքրքիր զուգադիպությամբ՝ «7»-ի գործի դատաքննությունը հետաձգվեց մինչեւ ապրիլի 1-ը, այսինքն՝ Մոնիտորինգի նիստից հետո»: Ըստ նրա՝ հատկապես մարտի 28-ից հետո, երբ ուժի մեջ մտան ՔՕ այդ փոփոխությունները՝ «Արդեն ընդհանրապես հիմնավորում չկա մեր այդ համաքաղաքացիներին անազատության մեջ պահելու ու նաեւ՝ մեր պատգամավոր գործընկերների անձեռնմխելիության վերաբերյալ մեր մեղսակից որոշումն ուժի մեջ թողնելու»: Րաֆֆի Հովհաննիսյանի համոզմամբ՝ ապրիլի 1-ից հետո նրանք պետք է ազատ արձակվեին՝ «Կա՛մ պետք է արդեն տեւապես ուշացած համաներումը կիրառվեր, կա՛մ էլ՝ նվազագույնը, ԱԺ-ն, որը կատարել է իր պարտքը՝ փոխելով այս հոդվածները, պետք է անմիջապես քայլեր կատարեր, որպեսզի արդեն գոյություն չունեցող հոդվածների ու հիմնավորումների հիման վրա կայացված որոշումը՝ անձեռնմխելիության վերաբերյալ, հայտարարվեր չեղյալ: Եվ եթե այդ քայլերը չլինեն՝ շատ ակնհայտ է ինձ համար, որ թե՛ Հայաստանի իշխանությունը, թե՛ Եվրոպայի խորհուրդը խաղում են ոչ միայն պահմտոցի, այլ նաեւ մեղսակցության խաղ, որտեղ տուժում է ՀՀ շարքային քաղաքացին, ուստի եւ Եվրոպայի սիրած-փայփայած քաղաքացիական հասարակությունը: Ու թեեւ «the show must go on»՝ այս խաղը խաղացվելու ենթակա չէ»:
Վալենսիայում քննարկման նախօրեին Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը՝ հարցին, թե արդյոք կա՞ն պայմանավորվածություններ ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» ներկայացուցչի միջեւ՝ ԵԽԽՎ-ի մոնիտորինգի հանձնաժողովին ընդդիմության անունից ներկայացվելիք հարցերի վերաբերյալ, պատասխանել էր. «Ցավոք սրտի, նա չի դիմել Հայ ազգային կոնգրեսին համապատասխան տեղեկություն կամ օժանդակող նյութեր ստանալու համար, որը նրան կզիներ այդ Մոնիտորինգային հանձնաժողովի նիստի աշխատանքների համար»: Մեր հարցին, թե Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ այս երկու ընդդիմադիր ուժերի միջեւ այլեւս համագործակցությունը դադարե՞լ է՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Չեմ կարծում, թե մեկը մյուսի հետ կապ ունի: Ես, որպես քաղաքացի, որպես «Ժառանգության» ներկայացուցիչ, որպես ԵԽԽՎ ընդդիմադիր պատվիրակ՝ միշտ բաց եմ եղել ցանկացած տեղեկատվության, խորհրդատվության առաջ: Մեր կողմից երբեք արգելքներ չեն եղել: Ինստիտուցիոնալացված համագործակցություն գոնե ԵԽԽՎ իմ մասնակցության պահով երբեւէ չի եղել: Ընդհակառակը՝ կարելի է հիշել մեր ընդդիմադիր գործընկերների կողմից հանրային արտահայտությունները: Երբ իմ սկզբունքային որոշումը կայացրի, թե ինչու չեմ կարող լիագումար նիստերին մասնակցել, դա ընկալվեց, ողջունվեց մեր ընդդիմադիր գործընկերների կողմից՝ որպես սկզբունքային քայլ: 2008-ի դեկտեմբերին Մոնիտորինգի հանձնաժողովի որոշումը հռչակվեց որպես համաժողովրդական հաղթանակ: Եվ արդեն հունվարի լիագումար նիստին իմ չմասնակցությունը հակառակ արձագանքի արժանացավ: Ամեն մեկն իր տեսակետի իրավունքն ունի: Ես չէ, որ որեւէ մեկի պրոֆեսիոնալիզմի, քաղաքակրթվածության կամ բարոյականության դատավորն եմ»: