Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ ԽԱՆԳԱՐԵԼ ՌԵԺԻՍՈՐԻՆ

Մայիս 30,2009 00:00

\"\"Կամ մշակույթի նախարարության հերթական «ձեռնարկը»

Բեմադրիչ Սուրեն Շահվերդյանն անցյալ տարվա դեկտեմբերից այլեւս չի աշխատում Գ. Սունդուկյանի անվան թատրոնում: Մայր թատրոնի խաղացանկից հանվել են նրա «Փսիխոզ 4.48» եւ «Մեր ծնողների նեւրոզները» ներկայացումները, ինչը, բնականաբար, չի գոհացնում երիտասարդ բեմադրիչին, որն իր ներկայացումներով պարբերաբար մասնակցում է բարձր հեղինակություն վայելող միջազգային թատերական փառատոների: Վերջերս էլ Ս. Շահվերդյանը վերադարձել է Ռումինիայից, որտեղ համատեղ բեմադրվել է «Hitler in love» ներկայացումը: Իսկ չեխական մի փառատոնի, որտեղ պիտի բարձրացվեր Հայաստանի դրոշը, Սուրենի խոսքով, մշակույթի նախարարությունը սկզբում զլացել է իրեն աջակցել ընդամենը 299 եվրոյով, ու հատկացրել միայն այն բանից հետո, երբ բեմադրիչն ասել է, թե պատրաստվում է նամակ գրել ՀՀ նախագահին ու վարչապետին:

Վերջին յոթ տարիների ընթացքում Ս. Շահվերդյանը մասնակցել է շուրջ 20 թատերական փառատոների՝ ստացել մրցանակներ ու հրավերներ: Ռումինիայի ազգային թատրոնի հետ տարեկան մեկ ներկայացում բեմադրելու պայմանագիր էլ ունի: Ս. Շահվերդյանին ընդամենը պետք է անհրաժեշտ տարածք՝ իր նման երիտասարդ համախոհների հետ ծրագրերն իրականացնելու համար: Ի տարբերություն այլ երիտասարդ ռեժիսորների, որոնք հաստիքով աշխատում են որեւէ թատրոնում եւ կարող են դրա հարկի ներքո ստեղծագործել, Սուրենը զրկված է նման հնարավորությունից:

«Ինձ եւ եւս երկու ռեժիսորի մշակույթի նախարարի հրամանով հեռացրին թատրոնից, պատճառաբանելով, որ այնտեղ այլեւս ռեժիսորներ չպետք է աշխատեն: Նաեւ նշվեց, որ ցանկացած մտահղացում ռեժիսորները կարող են ներկայացնել գեղխորհուրդ, որտեղ կքննարկվեն եւ կարժանանան համապատասխան գնահատականի: 2008 թվականի սեպտեմբերից 6 նախագիծ եմ ներկայացրել նախարարություն, որոնք, սակայն, առ այսօր անարձագանք են մնացել: Երբ մշակույթի նախարարը լուծարում էր Գ. Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը, նա խոսում էր աշխատանքների կազմակերպման նոր ձեւի մասին, որի դեպքում ներկայացման բեմադրությունը վերածվում է «նախագծի», իսկ ռեժիսորը հրավիրում է այլ դերասանների: Այս գործընթացը տեւում է այնքան ժամանակ, քանի դեռ, այսպես կոչված, նախագիծը հանդիսատես ունի: Մի խոսքով՝ անտրեպրիզա: Աշխարհի թատերական քննադատները խուսափում են անտրեպրիզայից, ինչպես ժանտախտից, քանի որ սովորաբար «անտրեպրիզան» համարվում է «կոմերցիոն խալտուրայի» հոմանիշը: Սա էր առաջարկված տարբերակը: Իհարկե, հասկանալի է, որ բոլոր քայլերը հուշել են մարդիկ, ովքեր հիմա մեդալներ են ստանում, չնայած ժամանակին վաճառեցին Արվեստի աշխատողների տունը, իսկ հետո սկսեցին գոռգոռալ ու աջուձախ մեղադրել ուրիշներին, նույնատիպ ստահակները, ովքեր վաճառեցին «Փոս» երիտասարդական թատրոնի տարածքը… կոկորդներով մեկ բղավելով, թե թատրոնը Հայաստանում այլեւս գոյություն չունի: Ընդ որում, նույն մարդիկ նախարարական հրամանից շաբաթներ առաջ սպառնալիքով հայտնում էին իրենց չար հակաթատերային մտադրությունների մասին, որոնց ականատեսն էինք դառնում հետագայում»,- ասում է Սուրեն Շահվերդյանը: Նաեւ հավելում. «Բազմիցս հանդիպել եմ թատրոնի ադմինիստրացիայի հետ: Այն հարցին, թե ե՞րբ են խաղացվելու իմ բեմադրված ներկայացումները, պատասխանել են, որ ծրագիրը վաղուց արդեն կազմված է. 4 ներկայացում՝ մայիսին, 3 ներկայացում հունիսին, քո հերթն էլ կհասնի դեկտեմբերին: Եթե որեւէ մեկը գիտի, թե ինչո՞ւ են որոշել ամիսը 4-ական ներկայացում խաղալ, ապա պատասխանեք ինձ, խնդրում եմ: Երկու տարի անընդմեջ խնդրում եմ եւ թատրոնին, եւ մշակույթի նախարարությանը, որպեսզի ընդամենը 80 000 դրամ փոխանցվի՝ «Փսիխոզ 4.48» ներկայացման հեղինակ Սառա Քեյնի ժառանգների հետ պայմանագիրը շարունակելու համար, բայց մինչեւ այսօր այդ գումարը չեն փոխանցում: Իսկ թե ինչու Սունդուկյան թատրոնում ներկայացումներ չեն խաղում, պարզից էլ պարզ է՝ որպեսզի շենքը վարձակալության հանձնեն: Ինչ խոսք, բավականին շահավետ գործ է..»:

Նա եկել է այն եզրակացության, որ կա Շահվերդյան ազգանունը պախարակելու հրահանգ, ինչը երեւում է որոշ ԶԼՄ-ների հրապարակումներից: Նրա խոսքով, մշակույթի նախարարության հրահանգը կատարողների նմանօրինակ պահվածքն ընդամենը ծիծաղ է հարուցում:

Ըստ Ս. Շահվերդյանի. «Նախարարները ժամանակավոր երեւույթ են, ափսոս, որ իրենց իշխանության ընթացքում նրանք վստահում են մարդկանց, ովքեր իրենց ողջ «թատերական գործունեության» ընթացքում մեկուկես անհիշատակ ներկայացում են պատրաստել: Իրականում սա բացարձակ դավաճանություն է թե իրենց եւ թե իրենց մասնագիտության հանդեպ: Վերջերս ինձ ապշեցրեց մի հանգամանք. երբ պրեմիերայի ավարտին հայկական թատրոնի լեգենդ համարվող Վարդուհի Վարդերեսյանին ծափահարում էին հոտնկայս, «վերեւներից» այցելած մարդիկ շքախմբով արագ հեռացան դահլիճից: Իմ պատկերացմամբ, թատրոնը «ֆաստ ֆուդ» չէ եւ միշտ չէ, որ մատչելի եւ հասու է բոլորին, հակառակ դեպքում՝ «բավարարելով մարսողությունը», կարելի է հեռանալ ցանկացած պահին՝ անգամ չպահպանելով տարրական քաղաքավարություն»: Երիտասարդ բեմադրիչը համոզված է, որ թատրոնին կբուժի բարություն անունով «բացիլը». «Ինչպե՞ս կանխել ատելության եւ չարի այդ շղթան ոչ միայն Ազգային թատրոնի, այլեւ Հայաստանի ողջ թատերական աշխարհի: Հույս ունեմ, որ դրանից դուրս գալու ելք կա. պետք է երկար աշխատել եւ ստեղծել նոր թատրոն: Կարծում եմ՝ թատերական երիտասարդությունը պետք է միահամուռ լինի եւ ակտիվորեն պայքարի նրանց դեմ, ովքեր այլեւս ոչինչ չունեն անելու ժամանակակից հայկական թատրոնում, բացի նրանից, որ կառչում են իրենց անտաղանդ դերերից կամ աթոռներից: Իսկ ո՞վ է դրանում մեղավոր, իհարկե՝ երիտասարդներս: Թեկուզ նրա համար, որ թույլ ենք տալիս՝ թատրոններն ու մշակույթը ղեկավարեն ոչ նրանք եւ ոչ այնպես: Ինչպես ընդունված է ասել՝ «Пуля виноватого найдет».

ՀՀ մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանը Ս. Շահվերդյանի բարձրացրած մտահոգությունների մասին հետեւյալն ասաց. «Եթե խոսքը աջակցության մասին է, ապա ասեմ, որ մի քանի օր առաջ ստորագրել եմ ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ Սուրենի՝ Պրահա գործուղելու վերաբերյալ որոշումը, որ մասնակցի «Ապոկրիֆ» փառատոնին: Չեմ կարծում, որ մերժված ռեժիսորին միջազգային գործուղում են տալիս (ի դեպ, դա ոչ թե նախարարության կողմից տրված գործուղում է եղել, այլ փառատոնից ստացված հրավեր՝ Ս. Շահվերդյանի անունով- Վ. Մ.): Մեկ ամիս առաջ դիտել եմ Սուրեն Շահվերդյանի «Աղախիններ» ներկայացումը՝ Գ. Սունդուկյանի անվան թատրոնի Ձմեռային այգում: Օրիգինալ, սպեցիֆիկ ներկայացում է, ոչ մեծ բեմի համար գեղագիտական լուծումներով, որը, ի դեպ, խաղացվում է շատ ճիշտ միջավայրում, եւ տարածքը, որքան գիտեմ, տրամադրվում է անվճար (Ձմեռային այգու տարածքը բոլորին է անվճար տրամադրվում,- Վ. Մ.): Նրա կողմից բեմադրված ներկայացումները չեն հանվել խաղացանկից, իսկ ինչ վերաբերում է «Փսիխոզ 4.48»-ին, ուղղակի լրացել է հեղինակային իրավունքի ժամկետը: Նշեմ, որ Սունդուկյան թատրոնում այս տարի իրականացվում են 4-5 խոշոր բեմադրական նախագծեր՝ ծավալուն եւ ծախսատար, իսկ երիտասարդ ռեժիսորների համար մենք մտածել ենք մի այլ ձեւաչափ: Նախարարի հետ մենք եկանք այն եզրակացության, որ թող 20 երիտասարդ ռեժիսորներն իրենց մեջ քննարկեն միմյանց բեմադրական պրոյեկտները եւ իրենք երաշխավորեն, թե դրանցից որ 3-4-ն է արժանի ֆինանսավորվելու 2010թ.: Մենք հավասարաչափ ենք վերաբերվում մեր երիտասարդ բեմադրիչներին եւ Սուրեն Շահվերդյանն էլ բացառություն չէ»:

Գ. Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանը եւս հավաստիացնում է, թե Սուրեն Շահվերդյանի հետ իրենք խնդիր չունեն: Նա եւս նշեց, որ իբր Սուրեն Շահվերդյանը շարունակում է Սունդուկյան թատրոնի անունից գործուղվել տարբեր երկրներ, այն դեպքում, երբ հրավերները հենց Շահվերդյանի անունով են գալիս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031