Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԱՍՏԱՀԱՎԱՔԻՆ ՉԷԻՆ ԹՈՂԵԼ ԽՈՐԱՆԱԼ

Հունիս 16,2009 00:00

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը «7 օր» կայքէջին ասել էր, թե փաստահավաք խումբը մի քանի ամսում փաստեր էր հավաքել, որ մարտի 1-ին 950 հոգանոց սադրիչների խումբ է գործել, «որոնք ղեկավարել են 4 օլիգարխ եւ 5 պաշտոնյա։ Գուցե հասել էին նրան, թե ովքեր էին այդ պաշտոնյաները»: Անդրադառնալով այս պնդմանը՝ փաստահավաք խմբում կոալիցիայի նշանակած անդամ Ռոբերտ Ավագյանն «Ազատություն» ռ/կ-ին հայտնել է. «Դա բացարձակապե՛ս չի համապատասխանում իրականությանը: Եղել է հետեւյալը. Լեւոն Զուրաբյանը մեզ ուղարկել է ցուցակ այն օլիգարխների եւ անձանց, որոնք իր կամ իրենց տեսակետից՝ իբր թե մասնակցել են մարտի 1-ին»: Իսկ փաստահավաք խմբում «Ժառանգության» նշանակած անդամ Սեդա Սաֆարյանը հարցին, թե միայն ՀԱԿ-ի ուղարկած այդ ցուցա՞կն է եղել, թե՞ խումբն էլ է ուսումնասիրություններ կատարել՝ պատասխանել է. «Այդ տեղեկատվության հետ կապված փաստեր ճշտելու նպատակով մենք մեկնեցինք զորամաս: Բայց զորամասը մեզ չընդունեց՝ իմանալով, թե մենք ուր ենք գնացել եւ ինչ ենք պահանջելու: Այնտեղ այդ հագուստներ ստանալու վերաբերյալ մատյաններ կան, որոնք պետք է տեղում զննեինք ու նայեինք: Եվ քաջ հասկանալով, թե դա ինչ իրավական հետեւանք կարող է առաջացնել զորամասի համար՝ նրանք խուսափեցին դրանք մեզ տրամադրելուց… Եթե նրանց մոտ ամեն ինչ մաքուր էր՝ ինչի՞ մեզ չընդունեցին: Մենք էլի ենք զորամաս գնացել եւ դժվարությունների առջեւ կանգ չենք առել՝ մտել ենք ներս, բերել են, հարցաքննել ենք, լսել ենք մարդկանց, կարծիքներ փոխանակել եւ այլն: Ինչո՞ւ այն զորամասը, որտեղ կասկածահարույց էր այդ հանգամանքը, թե մարդիկ կան, որոնք հագուստ են ստացել եւ դրանք օգտագործել մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ՝ այդ հանգամանքի կապակցությամբ չթողեցին, որպեսզի փաստահավաք խումբը խորանար զորամասի մատյաններում եւ անհրաժեշտ փաստաթղթերում»: Ռոբերտ Ավագյանն ի պատասխան ասել է, թե իրենց այդ զորամաս չեն թողել, քանի որ այնտեղ «Անդրանիկ Քոչարյանի դրդմամբ» այցելելով՝ նախապես չեն տեղեկացրել. «Մենք գնացինք, անկոչ հյուրի պես դուռը ծեծեցինք, զորամասի ղեկավարությունն էլ մեզ չընդունեց: Եվ շատ ճի՛շտ արեց»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել