Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՐԱԳՐՈՂԻ ԴԵՄ ԲՌՆԱՐԱՐՔԻ ԳՈՐԾԸ՝ ԹԵՐԻ

Հունիս 24,2009 00:00

Մեղադրյալն իրեն մեղավոր չճանաչեց

\"\"\"\"
Լրագրողը լսում է պաշտպանի ճառը:

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան ուշացումով ներկայացավ «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության նախագահ, «Հետք» էլեկտրոնային թերթի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը: Սակայն դա չէր խանգարել առանց տուժողի սկսել Կարեն Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Երեկ պաշտպանական ճառով հանդես եկավ վերջինիս պաշտպան Վահագն Մանուկյանը: Հիշեցնենք, որ Կ. Հարությունյանը մեղադրվում է անցյալ տարվա նոյեմբերի 17-ին Էդիկ Բաղդասարյանին ծեծի ենթարկելու համար: Պաշտպանը գտնում էր, որ մեղադրանքը շինծու է, եւ կան չփարատված կասկածներ, որոնք իր պաշտպանյալի դեմ չպետք է օգտագործվեն: Մասնավորապես, նա ասաց, որ Կարեն Հարությունյանը դեպքի օրը գտնվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում, որտեղ նրա մայրը ենթարկվել է վիրահատման, այնուհետեւ նա մորը երթուղայինով տեղափոխել է տուն, որտեղ բժշկուհի Լուսինե Թովմասյանի եւ Նաիրա Մուրադյանի հետ միասին ամբողջ օրը եղել են վիրահատվածի կողքին: Էդիկ Բաղդասարյանը հայտարարություն է տվել, որ դեպքի օրը Բուզանդի փողոցի 1/3 շենքի մոտ «երեք անհայտ անձինք ծեծի են ենթարկել իրեն»: Նա նաեւ հայտնել էր, որ իր վրա հարձակվողները եղել են 25-30 տարեկան՝ 165-170 սմ հասակով, նիհարավուն կառուցվածքով տղաներ, որոնց դեմքերը չի հիշում: Պաշտպանը հայտնեց, որ անձին ճանաչման ենթարկելու քննչական գործողության ժամանակ Է. Բաղդասարյանին են ներկայացվել չորս անձինք, որոնց մեջ եղել է նաեւ Կարեն Հարությունյանը, սակայն լրագրողը մատնացույց է արել ձախից չորրորդը կանգնած մի երիտասարդի, բայց նախաքննության մարմինը հետագայում որեւէ գործողություն չի ձեռնարկել, թե ինչ առնչություն կարող էր ունենալ այդ անձը եւ, առհասարակ, ըստ պաշտպանի, դատավարական փաստաթղթեր չկան Բաղդասարյանի ճանաչած անձի վերաբերյալ: Փաստաբանն ուշադրություն հրավիրեց ոստիկանության աշխատակցի՝ Նորայր Ավետիսյանի (միակ ականատեսի) ցուցմունքներին, որոնք, ըստ նրա, աչքի էին ընկել անհեթեթությամբ: Մասնավորապես նշեց, որ, ըստ Ն. Ավետիսյանի զեկուցագրի, լրագրողի հետ տեղի ունեցածը կատարվել է ժամը 20-21-ի սահմաններում, իսկ Էդիկի նշած ժամը 19.30-19.50-ն էր, այսինքն՝ ակնհայտ է 1 ժամ տարբերությունը: Ոստիկանը զեկուցագրում գրել է, որ Կ. Հարությունյանին տեսել է Բուզանդի փողոցի 1/3 շենքի ձախակողմյան հատվածից դեպի այգի գնալիս, մեր գործընկերը գրել էր, որ ծեծկռտուքը տեղի է ունեցել այգու աջակողմյան հատվածում՝ Խանջյան փողոցում: Այս հակասությունը նույնպես վրիպել է նախաքննության մարմնի ուշադրությունից: Ոստիկան Ն. Ավետիսյանը նոյեմբերի 19-ի իր ցուցմունքում հայտնել էր, որ դեպքի օրը «նկատել է Կարենին՝ ինչ-որ մի տղայի հետ այգի մտնելուց»:

Իսկ այս տարվա մարտի 23-ին հարցաքննության ժամանակ այս նույն ոստիկանը պնդել էր, որ «Կարենն անցել է իր մեքենայի կողքով միայնակ», ինչը հակասում է, ըստ պաշտպանի, նախաքննական ցուցմունքներին: Ոստիկանը հայտնել էր նաեւ, որ հետապնդել է լրագրողին ծեծի ենթարկած անձանց, իսկ տուժողը մնացել է գետնին ընկած: Պաշտպանը հարցրեց՝ այդ դեպքում ո՞ւր մնաց տուժողի ցուցմունքն այն մասին, որ ինքը կրակոց լսելուց հետո վեր է կացել, վազել է գրասենյակի ուղղությամբ, իսկ ինչ-որ մեկը հետապնդել է իրեն, որը, ինչպես հետո պարզվեց, եղել է Նորայր Ավետիսյանը: Փաստաբանը նաեւ ասաց, որ ոստիկանը չի նկատել տուժողի գլխին քարով, կողոսկրերին ոտքերով հարվածողներին: Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ տեղանքի զննության ժամանակ քար կամ քարեր չեն հայտնաբերվել եւ որ մեկ գիշերվա ընթացքում դրանք չէին կարող անհետանալ: Նա միջնորդեց, որպեսզի արդարացվի 20-ամյա իր պաշտպանյալը, քանի որ նա որեւէ թշնամություն չի ունեցել լրագրողի հետ, ընդհանրապես չի ճանաչել նրան: Կարեն Հարությունյանը, դիմելով մեղադրողին, ասաց. «Չեմ վախենում 5,5 տարուց, ուզում եք՝ 7 տարի տվեք: Եթե օրենքի մարդ եք՝ պաշտպանեք օրենքը»: Մեղադրողը գտավ, որ տեղի չեն ունեցել քրեադատավարական օրենքի խախտումներ եւ նկատեց, որ պաշտպանն իր մարտավարությունը ընտրել է սխալ եւ գրավում էր դատական նիստը հետեւողների ուշադրությունը, այլ ոչ թե դատարանի: Մեր գործընկեր Է. Բաղդասարյանը անհասկանալի համարեց քննիչների գործողությունները, սակայն դատարանի ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ նախկին բնապահպանության նախարար, Մոսկվայում այդ ժամանակ գտնվող Վարդան Այվազյանին (Կ. Հարությունյանը նրա որդու ընկերն է) դեպքի օրը զանգեր են եղել եւ մինչ Կ. Հարությունյանի կալանավորվելը այդ զանգերը քչացել են: Նա նաեւ ասաց, որ եթե Կ. Հարությունյանը հիվանդանոցում է եղել, ինչպե՞ս է «Օդնոկլասնիկ» կայքէջում հաղորդակցվել: «Այդ հարցերը ինձ համար էլ պարզ չեն: Ես չեմ ուզում կասկածել: Ես նրա բռնվելու հետ կապ չունեմ, բայց ուզում եմ պատասխան ստանալ»,- ասաց Է. Բաղդասարյանը: Կ. Հարությունյանը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել