Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՋԸՆԹԱՑ՝ ԻՐՈՔ ԿԱ

Հունիս 27,2009 00:00

Ընդունում է ԵԽԽՎ-ում Հայ ազգային կոնգրեսի ոչ պաշտոնական ներկայացուցիչ Արման Գրիգորյանը

\"\"
ԵԽԽՎ-ում ՀԱԿ-ի ներկայացուցիչ Արման Գրիգորյանը եւ ԵԽ-ում
Հայաստանի դեսպան Զոհրաբ Մնացականյանը:

– ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցի վերաբերյալ քննարկման ընթացքում ամենաշատը հնչած արտահայտությունն էր, որ թեեւ քաղաքական կյանքի կարգավորման գործընթացը դեռ ավարտված չէ, բայց արդեն իսկ կա առաջընթաց: Արդյոք, կվիճարկե՞ք այս գնահատականը:

– Չեմ էլ ցանկանում վիճարկել այդ գնահատականը, քանի որ դժվար կլինի պնդել, թե ընդհանրապես չկա որեւէ առաջընթաց: Մեզ կսկսեն լուրջ չվերաբերվել, եթե նման պնդում անենք, քանի որ 30 քաղբանտարկյալի ազատ արձակելն իսկապես առաջընթաց է: Այլ հարց է, որ դա բավարար առաջընթաց չէ կամ, որ սա լիովին չի լուծում քաղբանտարկյալների հարցը, ինչը մենք պնդում ենք, եւ ինչը նաեւ արտահայտված է ԵԽԽՎ 1677 բանաձեւում: Ավելին՝ նույնիսկ փախուստի մեջ գտնվողների հարցը, որը երկար ժամանակ չի քննարկվել՝ նույնպես արտացոլվեց այս բանաձեւում: Չի կարելի նաեւ ասել, թե այն օրենքների փոփոխությունները, որոնք իրականացվեցին ԵԽԽՎ անցած նստաշրջանից առաջ՝ առաջընթաց չէր կամ անկարեւոր էր: Առաջընթացի սահմանումը միայն այն չէ, թե լուծվել են բոլոր հարցերը եւ ընդունվել է մեր նախընտրություններին 100%-ով համապատասխան փաստաթուղթ: 100%-անոց չի՝ շատ թերություններ ունի այս բանաձեւը, մենք շատ բաներից ենք դժգոհ, բայց էլի եմ ասում՝ լուրջ չենք ընդունվի, եթե ժխտենք առաջընթացը:

– Կարծո՞ւմ եք, արդյոք, թե այն հանգամանքը, որ բանաձեւում չեն սահմանվել ժամկետներ եւ ընդամենը խոստում կա, որ շարունակելու են դիտարկումը՝ բավարար է, որ Հայաստանում ծավալվող զարգացումները մնան ԵԽԽՎ ուշադրության ներքո:

– Սա այս փաստաթղթի թերեւս ամենակարեւոր թերությունն է: Եվ Ստրասբուրգում գործադրած իմ ջանքերի մի զգալի մասը նվիրված է եղել հենց դրան, որ նշվի որեւէ ժամանակացույց, վերջնաժամկետ: Բանաձեւում համազեկուցողների առաջարկած փոփոխությունը, թե հետեւելու են մնացած գործերին, որոնց վրա չտարածվեց համաներում՝ հենց դրան էր միտված: Շատ լավ կլիներ, եթե նաեւ ժամանակացույց լիներ, բայց չստացվեց, մեզ դա չհաջողվեց:

Սրանով հանդերձ՝ պիտի նշեմ, որ ինձ բազմաթիվ հավաստիացումներ են տրվել, թե մենք շուտով կտեսնենք, որ ժամանակացույցի բացակայությունը չի նշանակում, թե ընդհանրապես մի կողմ են թողնելու այս խնդիրը կամ բարձիթողի վիճակում է հայտնվելու: Ընդգծում եմ՝ կան նման հավաստիացումներ:

Ինձ նաեւ բացատրեցին, թե քանի որ մինչեւ հիմա Հայաստանի նկատմամբ մոնիտորինգը հիմնականում կենտրոնացած էր նախագահական ընտրությունների ու դրա հետեւանքների վրա, մյուս բազմաթիվ հարցերը, որոնք նույնպես վերաբերում են Հայաստանի ժողովրդավարացմանը կամ մեր երկրի ստանձնած պարտավորություններին, ասենք՝ իրավական, ոստիկանության բարեփոխումները եւ այլն, լրիվ բարձիթողի վիճակում են եղել: Եվ նորմալ մոնիտորինգն իրականում ենթադրում է այդ հարցերին շատ ավելի կոնկրետ ու խիստ ուշադրություն, քան թե միայն կենտրոնանալը նախագահական ընտրությունների հետեւանքով առաջացած քաղաքական ճգնաժամի վրա:

Բացի այդ՝ չնայած դա չի նշվում բանաձեւում, բայց նորմալ մոնիտորինգը ենթադրում է պարբերական ու կանոնավոր այցելություններ ու զեկույցների պատրաստում համազեկուցողների կողմից: (Ի դեպ, բանաձեւի քննարկման ժամանակ Դավիթ Հարությունյանը հենց նման հիմնավորմամբ դեմ արտահայտվեց Զարուհի Փոստանջյանի ներկայացրած առաջարկին, ըստ որի՝ համազեկուցողները մինչեւ ձմեռային նստաշրջան պիտի այցելեին Հայաստան՝ զեկույց նախապատրաստելու համար: «Իհարկե, կարեւոր է հետեւել Հայաստանում զարգացումներին»,- ասաց պրն Հարությունյանը՝ վստահություն հայտնելով, թե ԵԽԽՎ-ն կկատարի իր դերը- Ա. Ի.): Այսինքն՝ այն, ինչ նշվել էր առաջարկված հավելման մեջ՝ փաստացի լինելու է. համազեկուցողները մինչեւ ձմեռային նստաշրջան գալու են Հայաստան եւ պատրաստելու են զեկույց:

– Ձեր խոսքում հիշատակեցիք արված հավաստիացումների ու տրված բացատրությունների մասին: Գուցե որոշակիացնեք, թե ԵԽԽՎ որքա՞ն բարձր մակարդակով են տրվել նման հավաստիացումներ:

– Իմ աշխատանքը հիմնականում կենտրոնացրել եմ համազեկուցողների եւ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի վրա: (Որքան մեզ հայտնի է, ՀԱԿ ներկայացուցիչը Թոմաս Համմարբերգին հանդիպեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ նրա զրույցից հետո- Ա. Ի.): Եվ Համմարբերգի, եւ համազեկուցողների հետ ես մշտական կապի մեջ եմ՝ երբեմն ուղղակի, երբեմն նրանց ներկայացուցիչների միջոցով: Ճիշտն ասած՝ ինձնից որոշ ժամանակ պահանջվեց հասկանալու, որ սա ԵԽԽՎ-ի հետ աշխատելու ամենաարդյունավետ մեթոդն է, ելնելով հատկապես այն հանգամանքից, որ ՀԱԿ-ը Վեհաժողովում չունի պաշտոնական ներկայացուցիչ:

– ԵԽԽՎ-ում Լիտվայի պատվիրակ Էգիդիժուս Վարեյկիսը մինչդեռ փետրվարին կարծիք էր հայտնել, թե հայաստանյան ընդդիմությունը լավ չի աշխատում՝ «տեղեկատվությունն ուղարկվում է անհարկի մեծ ծավալներով, ծանրաբեռնված մանրամասնություններով եւ հնարավոր չի լինում այդքան դետալների մեջ խորանալ»:

– Լիտվացի պատվիրակի այդ դժգոհության մասին ես տեղեկացա դեռեւս հունվարյան նստաշրջանի ժամանակ, որ Հայաստանից ով չէր ալարում՝ ԵԽԽՎ-ին ինչ-որ բաներ էր ուղարկում ընդդիմության անունից: Նույնիսկ ՀԱԿ-ի տարբեր հատվածները կամ գործիչներն էին իրարից անկախ, առանց իրար տեղեկացնելու, երբեմն անգամ նույն փաստաթուղթն ուղարկում ԵԽԽՎ-ին: Տարբեր բաներից մեկը, որն ինձ հաջողվել է անել՝ կանոնակարգելն է տեղեկատվության այդ հոսքը եւ դրա վրա վերահսկողություն սահմանելը:

– ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» ԵԽԽՎ-ում, արդյոք, համագործակցաբա՞ր են աշխատում:

– Որոշ դեպքերում համագործակցել ենք՝ եղել են փաստաթղթեր, որոնք համատեղ են ստորագրված եղել, որոնք ես եմ ներկայացրել համազեկուցողներին եւ Մարդու իրավունքների հանձնակատարին: Դրա օրինակն է փաստահավաք խմբի լուծարման վերաբերյալ ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» համատեղ հայտարարությունը: Այս անգամ էլ որոշ հարցերի շուրջ հաջողվեց համագործակցել Զարուհի Փոստանջյանի հետ. բանաձեւին հավելումների տեքստերը դրա արդյունքն էին: Այնպես որ՝ այդ համագործակցությունը կա, բայց ես այն համարում եմ ոչ բավարար: Պետք է ավելի լավ տեղեկացված լինենք միմյանց գործողությունների մասին եւ կարողանանք այդ գործողություններն ավելի լավ համակարգել, քանի որ մենք իրականում աշխատում ենք տարբեր աղբյուրների հետ ու տարբեր մեթոդներով: Արտախորհրդարանական ընդդիմությունը նույն ձեւով չի կարող աշխատել, ինչպես խորհրդարանական ընդդիմությունը, որը պատվիրակ ունի ԵԽԽՎ-ում: Օրինակ, ես չեմ կարող պատգամավորների հետ աշխատել նույն կերպ, ինչպես կարող է աշխատել Վեհաժողովի անդամը: Մասամբ այդ պատճառով է ինձ համար ամենահարմար մեթոդը եղել քարտուղարության, Համմարբերգի եւ համազեկուցողների գրասենյակների հետ աշխատելը: Բայց այս ցանկը կլրացվի, աշխատանքի արդյունավետությունը շատ ավելի կմեծանա, եթե նաեւ ԵԽԽՎ պատվիրակների հետ աշխատանքն ավելի ուժեղացվի: Ու շատ լավ կլինի, եթե այդ աշխատանքը լինի համակարգված ու համաձայնեցված:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930