Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՂԻՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՀԱՏՈՒՄ ԵՆ «ԼԵՎԻ» ԴԵՂԵՐՈՎ

Հունիս 27,2009 00:00

Չնայած այդ դեղերը պետականորեն գրանցված չեն, բայց շատ բժիշկներ իրենց պացիենտներին հենց դրանք են խորհուրդ տալիս:

Հայաստանում ինքնաբուժմամբ զբաղվելը սովորական երեւույթ է: Եթե ոչ յուրաքանչյուր, գոնե ամեն 2-րդ մարդն ինքնազգացողության վատթարացման դեպքում առաջին հերթին ոչ թե բժշկի է դիմում, այլ հարեւան-բարեկամի, լավագույն դեպքում՝ դեղատան աշխատակցին եւ միայն ծայրահեղ դեպքում՝ բժշկի: Գլխացավի կամ ատամի ցավի դեպքում դեռ ոչինչ, բայց որ հայ կանայք «իրենց ուժերով» են կազմակերպում հղիության արհեստական ընդհատումը, դա արդեն բժիշկ մասնագետները խիստ մտահոգիչ են համարում: Այսօր մայրաքաղաքի մի շարք դեղատներից առանց դեղատոմսի կարելի է ձեռք բերել արհեստական վիժեցման համար նախատեսված միջոցներ:

Բավականին լայն տարածում ունի հատկապես սայտատեկ դեղամիջոցը, որը, ինչպես «Առավոտի» հետ զրույցում բժիշկները վստահեցրին, բավականին վտանգավոր դեղամիջոց է եւ առանց բժշկի վերահսկողության ընդունելը՝ կարող է մինչեւ անգամ մահվան պատճառ դառնալ: Հետաքրքիրն այն է, որ սայտատեկը Հայաստանում գրանցված չէ, ինչը կնշանակի՝ այդ դեղամիջոցի վաճառքն արգելված է, սակայն որոշ դեղատներում այն, այնուամենայնիվ, վաճառվում է: Պարզապես դեղատան աշխատակիցներն էլ, իմանալով, որ դա գրանցված դեղ չէ, ամեն պատահական այցելուի չեն վաճառում: Մեր աղբյուրների փոխանցմամբ, դեղատան աշխատակիցը սայտատեկը տալիս է միայն այն դեպքում, երբ նրան զանգում կամ դիմում է վստահելի ծանոթ բժիշկ:

Մայրաքաղաքի դեղատներից մեկի աշխատակցի ներկայացմամբ. «Մեզ շատ են դիմում, բայց ամբողջ ցավն այն է, որ այդ կանայք գալիս են ու ասում, որ իրենց գինեկոլոգն է այդ դեղը խորհուրդ տվել: Լինում են դեպքեր, երբ պարզապես ինչ-որ մեկից լսել են ու գալիս են մեզ մոտ հարցնում՝ ունե՞նք այդ դեղը, թե՞ ոչ: Բացատրում ենք, որ դա չի վաճառվում, վտանգավոր է ինքնուրույն ընդունելը, բայց, միեւնույն է՝ քաղաքով մեկ այդ դեղն են փնտրում: Ես դեպքեր գիտեմ, երբ բժշկի տված թղթով գալիս են ու խնդրում: Բայց բժիշկներն էլ գիտեն, որ դա մեր հանրապետությունում չգրանցված դեղ է»:

Դեղատան աշխատակցի պատմելով՝ բժիշկներ կան, որոնք պայմանավորվածություն ունեն համապատասխան դեղատան հետ եւ քանի որ արդեն վստահություն են ձեռք բերել, զանգում են՝ ներկայանում ու պայմանավորվում, որ իրենց մոտ մարդ են ուղարկելու, որպեսզի առանց վախենալու տվյալ մարդուն տրամադրեն այդ դեղամիջոցը:

Նշենք, որ Հայաստանում գրանցված դեղերի ցանկը, ըստ սահմանված կարգի, իրենց ձեռքի տակ պետք է ունենան ինչպես դեղատան աշխատակիցները, այնպես էլ գործող բժիշկները, ուստի բժիշկը, եթե հիվանդին ուղարկում է դեղատուն, ապա շատ լավ իմանում է՝ տվյալ դեղը գրանցում ունի՞, թե՞ ոչ:

Այն, որ չգրանցված դեղամիջոցը շատ վտանգավոր է առողջության համար եւ լայն տարածում ունի, հաստատում են նաեւ մասնագետները: «Առավոտի» հետ զրույցում բժիշկ-գինեկոլոգ Ինա Պերսոյանը վստահեցրեց, որ սայտատեկը կարող է առաջացնել արնահոսություն, իսկ կինն էլ, չմտածելով, որ դա վտանգավոր է, ընդունի որպես վիժում եւ չդիմի բժշկի: Ըստ Ի. Պերսոյանի՝ արյունահոսությունը կարող է տեւել մի քանի օր. «Եղել է, որ մեզ մոտ են եկել արնաքամ եղած՝ հենց այդ դեղից: Ասեմ, որ այդ դեղը կամ խմում են, կամ էլ դնում լեզվի տակ: Այն ուժեղ ցավեր է առաջացնում, հետո տեղի է ունենում վիժում: Կանայք օրերով արնահոսում են ու չեն էլ մտածում դիմել բժշկի, կարծում են, թե դա հենց վիժման պրոցեսն է: Այդ դեղի կողմնակի ազդեցությունը հենց արնահոսությունն է, դրա համար էլ կանայք մեկ շաբաթ արնահոսում են ու մտածում, թե ամեն ինչ նորմալ է, դեղի ազդեցությունն է: Այսօր շատ են դիմում այդ մեթոդին, անգամ հարեւաններից լսում են այդ դեղի անունը ու ձեռք բերում: Սակայն, եթե ընդունում են, գոնե բժշկի մոտ լինեն, քանի որ հնարավոր է վիժման ընթացքում պտղաձուն լրիվ դուրս չգա, որը հետագայում առողջական լուրջ խնդիրների է հանգեցնում: Իսկ եթե հսկողության տակ լինեն, ապա բժիշկը անհրաժեշտության դեպքում կմիջամտի, կմաքրի արգանդը եւ այլն»:

Բժշկուհու կարծիքով, նմանատիպ դեղերի ազատ վաճառքը պետք է արգելվի, այն պետք է վաճառվի միայն դեղատոմսով եւ ցուցում լինի՝ պարտադիր բժշկի նշանակմամբ ու հսկողությամբ ընդունել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930