Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

ԴՊՐՈՑ, ԲԱՆԱԿ, ԿԱԼԱՆԱՎԱՅՐ

Հուլիս 02,2009 00:00

\"\"Լոռու մարզում չկա՞ մի ոլորտ կամ հաստատություն, ուր չխախտվեն մարդու իրավունքները

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Բաց հասարակության ինստիտուտի աջակցության հիմնադրամի Հայաստանի գրասենյակի հովանավորությամբ Լոռու մարզում 2008-ին գարնանային եւ աշնանային զորակոչերի մոնիտորինգ է անցկացրել: Իսկ նույն հիմնադրամի եւ Նիդեռլանդների կառավարության աջակցությամբ, արդեն երրորդ անգամ ուսումնասիրվել է մարդու իրավունքների վիճակը Լոռու մարզում: Երկու ուսումնասիրությունների արդյունքներն էլ հրապարակվեցին երեկ: Խնդիրների պակաս չկա:

Մարդու իրավունքներ

Մարդու իրավունքների վիճակին ծանոթանալու համար մոնիտորինգի հեղինակները եղել են «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում եւ Վանաձորի երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ մեկ գիշերօթիկ դպրոցում, զրուցել 27 ազատազրկվածի ու 6-18 տարեկան 56 երեխայի, դաստիարակների, բժշկի, հոգեբանի, սոցիալական աշխատողի հետ: Թե ՔԿՀ-ում, թե դպրոցում ուսումնասիրության արդյունքում վեր են հանվել մի շարք մտահոգություններ: ՔՀԿ-ում ազատազրկվածները խցերում սնունդը եւ անձնական հիգիենայի պարագաները առանձին պահելու հնարավորություն չունեն, դրանք պահվում են նույն պահարանում, հատկացվող անձնական հիգիենայի պարագաների որակը բավականին ցածր է, ազատազրկվածները չեն օգտվում ՔԿՀ-ի լվացքատնից, խցերում ազատազրկվածների իրավունքների եւ պարտականությունների մասին տեղեկատվական թերթիկ փակցված չէ, ՔԿՀ-ն կառավարության որոշմամբ սահմանված սննդի տեսականիով չի ապահովվում, մասնագիտացված բուժօգնություն տրամադրելու հնարավորություն չկա, տրվող դեղերի որակն ու արդյունավետությունը ցածր են: Հարցված ազատազրկվածները կալանավայրի աշխատակազմից ընդհանուր առմամբ բողոքներ չունեն, սակայն ասել են, որ ՔԿՀ աշխատակիցները խտրական վերաբերմունք ունեն մարզադահլիճի հարցում՝ ազատազրկվածների մի մասին թույլատրվում է մարզադահլիճ մտնել, այլոց՝ ոչ:

Վանաձորի երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ դպրոցում պայմանները մոտ են ընտանեկան պայմաններին եւ օրենսդրությամբ սահմանված չափանիշներին, սակայն կան մտահոգություններ: Օրինակ՝ հնարավոր չէ նախաճաշն ու ընթրիքը բոլոր երեխաների համար միաժամանակ կազմակերպել, սահմանափակ է երեխաների լողանալու հնարավորությունը, երեխաների նկատմամբ կիրառվում են բռնություններ, սահմանված չեն երեխայի վարքագծի կանոններ եւ դրանց խախտման համար պատասխանատվության միջոցներ, տեսակցությունների սենյակը նպատակային չի օգտագործվում:

Զորակոչ

2008 թվականի երկու զորակոչերի ժամանակ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի՝ ՀՔԱՎԳ, ներկայացուցիչները խոսել են 315 զինակոչիկի եւ նրանց ընտանիքների անդամների հետ: Ըստ կազմակերպության ղեկավար Արթուր Սաքունցի, զինակոչիկների՝ իրենց իրավունքներից տեղեկացվածությունը շատ ցածր է, առանձին դեպքերում զինկոմիսարիատի աշխատակիցները վատ են վերաբերվում զինակոչիկին, սակայն ամենացավոտ հարցը բուժզննության խնդիրն է: Զինակոչիկին տարկետման իրավունք տվող հիվանդությունների ցանկը տարեցտարի փոփոխություններ է կրում, սակայն միշտ մնում զինակոչիկի համար անհասանելի: Զինակոչիկի բուժզննության արձանագրությունն էլ է անհասանելի ապագա զինվորի համար: Զինակոչիկի բուժզննության ծախսերը պետք է հոգա պետությունը, սակայն մարզից Երեւան ուղարկված զինակոչիկին կամ գումար չի տրվում, կամ քիչ գումար է տրվում: Լինում են դեպքեր, երբ բժիշկը վատ ու արհամարհական վերաբերմունք է ցուցաբերում:

Այս ամենը, ըստ ուսումնասիրության հեղինակների՝ զորակոչի նկատմամբ անվստահություն է առաջացնում: Պաշտպանության նախարարությունը տարկետման իրավունք տվող հիվանդությունների մասին տեղեկություններ չի տվել նաեւ մոնիտորինգի հեղինակներին: Հիմա ՀՔԱՎԳ-ը փորձում է դատարանով ստանալ անհրաժեշտ տեղեկությունը: Ըստ Արթուր Սաքունցի, մի պաշտոնյայից ստացած ոչ պաշտոնական տվյալների համաձայն, երիտասարդների 48 տոկոսը առողջական խնդիրների պատճառով տարկետում է ստանում: Սա շատ մեծ թիվ է եւ կազմակերպությանը կասկածելի է թվացել, դրա համար էլ ՊՆ-ից խնդրել են տեղեկություններ՝ «առավել եւս, որ ունեինք ահազանգեր, թե առողջ երեխաներ կան, որ չեն ծառայում, պաշտոնյաների երեխաները սահմանամերձ շրջաններում չեն ծառայում: Այս ամենը պարզելու համար մեզ պետք էին տարկետման իրավունք տվող հիվանդությունների մասին տեղեկությունները», հայտարարեց Արթուր Սաքունցը: ՀՀ վարչական դատարանը այս հարցով վճիռ կկայացնի հուլիսի 10-ին: Ըստ ՀՔԱՎԳ ղեկավարի, ծառայության համար ոչ պիտանի զինվորի հայտնվելը բանակում ոչ միայն անմարդկային է եւ արժանապատվությունը նվաստացնող, այլ նաեւ՝ խոշտանգում, որովհետեւ մարդը մի վիճակում է, որում չպետք է լիներ:

ՀՔԱՎԳ-ն առաջարկում է որոշ հստակություններ մտցնել՝ բուժզննության եզրակացությունը պարտադիր տալ զինակոչիկին, զինակոչիկի իրավունքների եւ պարտականությունների իրազեկման աշխատանքներ իրականացնել եւ այլն: ՀՔԱՎԳ-ն մտադիր է եկող տարի էլ ուսումնասիրել զորակոչը ոչ միայն Լոռու, այլ նաեւ՝ Շիրակի, Տավուշի եւ այլ մարզերում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել