Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍՏԵՂԾՎՈՒՄ Է ԿԵՂԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»

Օգոստոս 11,2009 00:00

«Գարունի» խմբագիր Վարուժան Այվազյանը՝ գրական ճգնաժամի ու ամսագրի մասին

«Գարուն» ամսագիրը Գրիգոր Լուսավորչի 15 հասցեից կրկին տեղահանվելու վտանգի առաջ է կանգնած: Ժամանակին, ԳԱԱ նախագահության նիստի 2006թ. փետրվարի 6-ի արձանագրությամբ ու ակադեմիկոսներ Ֆադեյ Սարգսյանի եւ Էդուարդ Ղազարյանի ստորագրությամբ, այդ հասցեում խմբագրությանը 61 քմ ընդհանուր մակերեսով աշխատանքային տարածք հատկացվեց: Վերջերս էլ մի նոր փաստաթուղթ է ստացվել «Գարունի» հասցեով՝ այս անգամ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի բլանկով, թե «Գարուն» ամսագիրը 01.06.2009թ. դրությամբ Գրականության ինստիտուտին պարտք է 405000 դրամ վարձավճար»: Այնտեղ նշված է նաեւ, որ մինչեւ օգոստոսի 1-ը այդ գումարը 312700 դրամ տույժի հետ միասին չմուծելու դեպքում՝ «Գարունը» մինչեւ սեպտեմբերի 1-ը պարտավոր է ազատել տարածքը:

«Առավոտի» հարցին, թե ինչ են պատրաստվում անել, «Գարունի» խմբագիր Վարուժան Այվազյանը պատասխանեց՝ ոչինչ, վկայակոչելով իրենց ուղարկված երկու թղթերի միջեւ եղած հակասությունը: Նա նաեւ նեղսրտեց՝ նո՞ր են որոշել, որ առաջին գրությունն այլեւս օրինական չէ ու պետք է թարմացվի ամեն տարի:

Վ. Այվազյանի հետ զրույցը միայն ամսագրի ֆինանսական դժվարությունների մասին չէր: Խմբագրին հարցրինք՝ ինչո՞ւ «Գարունն» առաջվա նման փնտրված չէ, մի՞թե չեն ծնվում շնորհալիներ, այն դեպքում, երբ ժամանակին «Գարունը» լուրջ բրենդ էր, «Գարունի» սերունդ» հասկացությունն էլ՝ ասոցացվում էր միմիայն բարձրորակ գրականության հետ:

«Այո, նախկինում «Գարուն» անունն իսկապես թնդում էր, իսկ շնորհալիներ այսօր էլ են ծնվում: Ինչ վերաբերում է այսօրվա «Գարունին», այն նախկինին ամենեւին չի զիջում: Պարզապես առաջվա «Գարունը» այլ ֆոնի մեջ էր, այս «Գարունը»՝ ուրիշ… Զանգը, որ զանգ է, միայն լեզվակը չի զրնգա, այն պատ է ուզում, որ խփի ու զնգզնգա: Ահա այդպիսի պատի կարիքն ունեն գրական մոլեռանդներն ու նվիրյալները: Ու հետո, ամեն ինչ կախված է նրանից, թե այդ մարդիկ ինչ են ուզում կյանքից: Ընդհանրապես վերջին 10-15 տարիների ընթացքում մեր կյանքում մեծ տեղաշարժեր են եղել»,- պատասխանեց պարոն Այվազյանը:

«Առավոտի» հաջորդ հարցին, ինչո՞ւ այդ տեղաշարժերը գրականության նյութ չեն դառնում, ինչո՞ւ գրականությունը հեռացել է կյանքից, մեր զրուցակիցը պատասխանեց. «Չի հեռացել, գրում են… Ի դեպ, առաջիններից մեկը ես էի, երբ հեռուստատեսությամբ ասացի՝ գրականությունը պիտի մոտիկ լինի կյանքին, ինձ ծաղրեցին… Մարդը կասկածամիտ է կյանքի տարբեր վարկածների իր իմացությամբ, որոնցից էլ կազմվում է գրականությունը: Վերջինս բոլոր ժամանակներում էլ եղել է կասկածների, տարակույսների արտացոլանք: Ինչո՞ւ չի գրվում լավ գիր, կամ ո՞վ է լավ գիրը որոշողը, սրանք հարցեր են, որոնց պատասխանատուն մարդն է, ես եմ, դուք եք, թե չէ՝ միայն Աստված է անպատասխանատու…»:

Մեր այն դիտարկմանը, թե բոլորը խոսում են համաշխարհային տնտեսական ճգնաժամից, մինչդեռ գրական ճգնաժամն ավելի վաղ է սկսվել, ամսագրի խմբագիրը պատասխանեց. «Գրականության ճգնաժամը սկսվել է ոչ թե երեկ կամ հինգ, տասը, քսան տարի առաջ, այլ շատ վաղուց… Մենք նահանջել ենք մտքից, որովհետեւ հիմա ունենք անդունդներ, որոնք ժամանակին չենք լցրել»: Հարցին՝ իսկ «Գարունում» այս պահին կա՞ ճգնաժամ, պարոն Այվազյանը կարճ պատասխանեց. «Գարունը» արտացոլում է ամբողջ գրական դաշտը՝ նրա լավ ու վատ կողմերով»:

Իսկ ինչի՞ դեմ պիտի ըմբոստանա այսօրվա գրողը: Վ. Այվազյանն այս մասին էլ ասաց. «Ոչ մի բանի, ինչո՞ւ պիտի մարդն ըմբոստանա: Նա ընդամենը պիտի նկարագրի, պատմի, անընդհատորեն վերապրի իրականությունը: Այսօր չունենք գրող, որը իր պատմվածքի դետալը փոխ առնի ինքն իրենից, իր ապրումից, դրա համար էլ ստեղծվում է կեղծ գրականություն: Եթե մարդը արգանդից երեխա է ծնում, այսօրվա գրողները ծնում են մեր տարիքի մարդ, մա՛րդ են կառուցում, որը ինչ-որ բան է ուզում: Այսօր մենք հերոս չունենք, որ կարողանա ինչ-ինչ հարցերի պատասխանել, իսկ Լեւ Տոլստոյը, օրինակ, ժամանակին համարձակվեց անդրադառնալ էկոնոմիկային, գյուղին ու գյուղացու խնդիրներին»: Վ. Այվազյանը անդրադառնալով մերօրյա գրականությանը, այն որակեց գերագույն գորշություն, ասաց, որ պատճառներից մեկն էլ այն է, որ բանական կյանքը չափում են նյութով. «Դե թող որեւէ մեկը ռիսկ անի այդ մասին մի երկու տող գրի, թե չէ՝ եղածը զայրույթ է ընդհանուր կյանքի դեմ, ոչ թե որոշակի փաստի ու դեպքի…Այսօր լավագույն դեպքում կա՛մ հասնում են կիսաքնարական-հայրենասիրական վեպի, որտեղ ոչ ոք չի կրում պատասխանատվություն, կամ սոցիալականի՝ ինչպես Պերճ Պռոշյանի «Հացի խնդիրը»:

Ինչ վերաբերում է գրական պետական մրցանակին, որը երբեմն տրվում է ոչ արժանավորներին, պարոն Այվազյանի խոսքով. «Մրցանակ տալը դարձել է հարուստների կողմից աղքատներին մի կտոր հաց բաժանելու նման մի բան»: Իսկ թե ինչո՞ւ չեն ընդվզում մրցանակակրին որոշող հանձնաժողովի դեմ, որի կազմը մշտապես նույնն է, այս մասին էլ մեր զրուցակիցը նշեց. «Ինչո՞ւ ընդվզել, երբ բոլորը նույնն են, ու մեկին մյուսով փոխարինելով՝ արդյունքը չի փոխվելու: Դրա համար էլ աշխարհը շարժվում է այլ հունով, մենք՝ լրիվ այլ: 36-37 թվականներին Հայաստանն ավելի աղքատ էր, բայց Խանջյանը համարձակվեց 3-4 լավ գրողի ուղարկել արտասահման, որ գնան-տեսնեն ու գան գրեն… Այսօր որեւէ նախագահ կամ իշխանավոր կանի՞ այդպիսի քայլ կամ ինքը կարդո՞ւմ է որեւէ մեկին: Ուղղակի այս կամ այն գրողի անունը բերում-տալիս են, ինքն էլ ստորագրում է, որ մրցանակ տրվի: Եվ հետո համատարած անգրագիտացումն ու մանկուրտացումը ձեռնտու է ոմանց…»: ՀԳՄ համագումարի մասին տպավորությունները պարոն Այվազյանը յուրովի հայտնեց. «Այսքան որ պատմում էի՝ նաեւ անուղղակի տպավորություն էր»: Հետո էլ հավելեց. «Չկա իրական գրող, ոչ ոք չի համարձակվում ասել, որ թագավորը մերկ է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31