Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ գալիս է սեպտեմբերը

Օգոստոս 29,2009 00:00

Միայն գրենական պիտույքներ գնելու համար դպրոց հաճախող երեխաների ծնողները ստիպված են 10 հազար դրամից ոչ պակաս գումար հատկացնել: Այսքան գումար ծախսվում է տետրերի, օրագրերի, գրիչների, մատիտների, գրքերի կազմերի եւ գրչատուփերի համար, քանի որ 12 թերթանի տետրերի գինը սկսում է 25 դրամից, 46 թերթանի տետրերինը՝ 200 դրամից, իսկ 100 թերթանի տետրերինը՝ 400 դրամից: Գրիչների գները տատանվում են 25-400 դրամի սահմաններում, մատիտների մեկ տուփն արժե 100-750 դրամ: Ամեն տետրից գոնե 10 հատ գնելու դեպքում արդեն ծախսվում է 6500 դրամ՝ դրան գումարելով առաջին անհրաժեշտության այլ իրերը՝ օրագիրը, գրիչներն ու մատիտները, գրքերի կազմերն ու գրչատուփը, կծախսվի եւս 3-4 հազար դրամ:

Չնայած նրան, որ հայկական արտադրության գրչատուփերն ու գրքերի կազմերն ավելի էժան են, քան արտասահմանյանը, սակայն դպրոցահասակ երեխաների ծնողները հավաստիացնում են, որ դրանք անորակ են, քանի որ չեն համապատասխանում գրքերին՝ ավելի մեծ են կամ փոքր, տարվա ընթացքում էլ քրքրվում են: Ինչպես մեզ հետ զրույցում վստահեցրեցին երեխաների համար գնումներ անող ծնողները, գրչատուփերը չափերով համապատասխան են գրիչներին եւ մատիտներին, սակայն մեկ ամսից ավելի չեն ծառայում: Նրանց գույները խամրում են, եւ այն սկսում է տարբեր հատվածներից քանդվել: Հայկական արտադրության գրչատուփերի գինը 100-250 դրամ է: Իսկ արտասահմանյան, ասենք՝ չինական արտադրության գրքերի կազմերն ու գրչատուփերն ընդամենը մի քանի հարյուր դրամով են թանկ, սակայն, աշակերտների ծնողների խոսքերով, գոնե մեկ կիսամյակ օգտագործել լինում է: Օրագրերի գներն էլ սկսում են 315 դրամից: Ամենաթանկ օրագիրն արժե 1200 դրամ: Ինչքան էլ ուրախալի է, որ երեխաները կարող են դպրոց հաճախել հայկական օրագրերով, որոնց վրա պատկերված են հայկական տեսարժան վայրերը, սակայն դրանց մեծ մասի էջերը պակաս են: Նրանք պարունակում են 27-32 շաբաթվա թերթեր, այնինչ երեխաները տարվա ընթացքում դպրոց են հաճախում 34 շաբաթ: Հայկական օրագրերի շարքում միայն «Լուսաբաց» ընկերության արտադրած օրագրերն էին 75 շաբաթվա թերթեր պարունակում:

Աշակերտների ծնողների ծախսերն ավելանում են եւս մի քանի հազար դրամով, երբ դպրոցում բաժանված գրքերի համար են ստիպված լինում գումար վճարել: «Անցյալ տարի ես բավականին շատ տետրեր էի գնել երեխաներիս համար, սակայն երբ նրանք գնացին դպրոց, ամեն առարկայի համար պետք է գնեինք տվյալ առարկայի առաջադրանքներով եւս մի քանի տետրեր, որոնք սովորական տետրերից թանկ էին կրկնակի կամ եռակի անգամ: Մեր ծախսերը կրկնապատկվեցին: Այս տարի որոշել եմ ընդամենը մի քանի տետր գնել, որոնցով երեխաներիս դպրոց կուղարկեմ, իսկ այնուհետեւ կտեսնենք՝ ինչ կանենք: Խնայողություն եմ անում նաեւ դպրոցի դասագրքերի համար վճարելու համար: Այդ գումարը ամենաքիչը 3000 դրամ է կազմում: Ինչքան երեխան մեծանում է, այնքան դասագրքերը շատանում են, ու ամեն տարի դասագրքերի համար վճարվող գումարն ավելանում է»,- մեզ հետ զրույցում դպրոցական ծախսերից դժգոհեց 2-6-րդ դասարանի երեխաների մայր Նաիրան:

Ավանդաբար երեխաները նոր զգեստներով են գնում դպրոց, դա մոտ 25-50 հազար դրամով ավելացնում է աշակերտների ծնողների ծախսերը: Միայն մեկ վերնաշապիկը մայրաքաղաքի խանութներում եւ տոնավաճառներում կարելի է ձեռք բերել 4-15 հազար դրամով, իսկ տաբատի եւ կիսաշրջազգեստի գները տատանվում են 9-18 հազար դրամի սահմաններում: Կոշիկներ գնելու համար պետք կլինի եւս 8-25 հազար դրամ, իսկ պայուսակ ձեռք կբերվի 3-8 հազար դրամով: Թեեւ «Նոյյան տապանում» տեսանք անգամ 34-35 հազար դրամանոց դպրոցական պայուսակներ:

Ամենանվազագույն հաշվարկներով, սեպտեմբերի 1-ից յուրաքանչյուր աշակերտի դպրոց հաճախելը ծնողների համար կարժենա 30-50 հազար դրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31