Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ Է»

Հոկտեմբեր 10,2009 00:00

Կարծում է ՕԵԿ խմբակցության անդամ Ստեփան Ասլանյանը

– Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ, այս ամբողջ քննարկումների շուրջ «Օրինաց Երկիր» կուսակցությունը անվերապահորեն պաշտպանում է Սերժ Սարգսյանի կողմից իրականացվող քաղաքականությունը: Արդյոք Ձեզ ամեն ինչ բավարարո՞ւմ է, մի՞թե չկան Ձեզ մտահոգող կետեր, մանավանդ, որ անգամ նախագահն է հայտարարում, որ մտահոգիչ բաներ շատ կան:

– Նախ՝ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը այս հարցում լիովին համահունչ է «Օրինաց Երկիր» կուսակցության դիրքորոշմանը, եւ այդ մասին բազմիցս հրապարակավ արտահայտվել են թե ՕԵԿ-ը եւ թե նրա նախագահ Արթուր Բաղդասարյանը՝ թե խորհրդարանական եւ թե նախագահական ընտրությունների ժամանակ: Այն, որ պետությունների համար չկան մշտական բարեկամներ եւ մշտական թշնամիներ, ապացուցված իրողություն է: Կոնկրետ այս պարագայում կա երկու ճանապարհ: Առաջինը՝ հույսը դնելով անապագա երազանքներին, թե մի օր կարթնանանք ու կտեսնենք բաց սահմաններ, Թուրքիայի կողմից ճանաչված ցեղասպանություն, ճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, դա պարզապես քաղաքական անհեռատեսություն է: Երկրորդ ճանապարհն այն է, ինչ «Օրինաց Երկիր» կուսակցության ծրագրերում մշտապես նշել ենք: Արտաքին քաղաքականությունում ՀՀ-ն պարտավոր է իրականացնել նախաձեռնողական քաղաքականություն՝ բարելավելու եւ զարգացնելու իր հարաբերությունները առանց բացառության երկրագնդի բոլոր պետությունների, մասնավորապես՝ տարածաշրջանի հարեւանների հետ հարաբերությունները ձեւավորելով ի շահ եւ ի նպաստ մեր ժողովրդի արժանապատիվ ապագայի: Այս տեսանկյունից մենք կարեւորում ենք առկա բանակցությունները Հայաստան-Թուրքիա հարաբերություններում: Նախաստորագրված փաստաթուղթը, որը ձեւավորվել է բանակցությունների ընթացքում, միանշանակ ամրագրում է դիվանագիտական կապերի հաստատում եւ սահմանի բացում: Այս անհրաժեշտությունը թերեւս ոչ ոք չի քննարկում, այլ քննարկվում են արձանագրություններում տեղ գտած իբր տողատակերը: Այս մասին են խոսվում տարբեր ձեւաչափերով հրավիրված քննարկումներում՝ թե ՀՀ նախագահի կողմից հրավիրված 50-ից ավելի կուսակցությունների ղեկավարների հետ, թե ԱԺ-ում անցկացված լսումներում եւ այլ ֆորմատներով հանդիպումներում:

– Ենթադրենք՝ արձանագրությունները ստորագրվում են, ու որոշ ժամանակ անց պարզվում է, որ դա այնքան էլ ճիշտ քայլ չէր: Ի՞նչ դիրքորոշում է ունենալու ՕԵԿ-ը, Ձեր պատասխանատվության չափը որքա՞ն եք գնահատում:

– Ես նշեցի, որ թնջուկը լուծվելու է համազգային կարծիք ձեւավորելուց հետո, եւ այստեղ կուզեի մեջբերել փիլիսոփայական այն խոսքերը, որ նա, ով իր համար կանոն է դարձնում գործը ստուգել մտքով, իսկ միտքը՝ գործով, չի կարող սխալվել, իսկ եթե նա, համենայնդեպս, սխալվում է, ապա շուտով վերստին կկանգնի ճիշտ ճանապարհի վրա: Հետագա բանակցությունները արդեն լույս կսփռեն գործընթացի վրա, եւ այդժամ կարելի է անել եզրակացություններ: «Օրինաց Երկիր» կուսակցությունը երբեք չի խուսանավել պատասխանատվության իր մասից, որովհետեւ մենք միշտ հանդես ենք եկել մեր ժողովրդի ու պետության շահերից:

– 12 քաղաքական ուժեր միավորվեցին ընդդեմ արձանագրությունների: Չե՞ք կարծում, որ դա լուրջ քայլ է, եւ կոալիցիան մտածելու բան ունի:

– Հայ-թուրքական հարաբերություններն այնպիսի նրբերանգներ են պարունակում իրենց մեջ, որ բնական է՝ ունենալու են լուրջ ընդդիմախոսներ: Թերեւս դրա վկայությունն է նշված 12 կուսակցությունների համակարծությունը ընդդեմ արձանագրությունների: Սակայն ես նշեցի, որ նախագահի հետ քննարկումներին մասնակցել են 50-ից ավելի կուսակցություններ, որոնք հայտնել են իրենց դիրքորոշումները խնդրի վերաբերյալ: Մեր կարծիքով՝ հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը պայմանավորված է միջազգային հարաբերություններում տեղի ունեցող տարբեր դինամիկ զարգացումներով, եւ մեր արտաքին քաղաքականությունը պետք է նպատակաուղղել զարգացումները ի շահ մեզ ծառայեցնելու, քայլել առաջ՝ նրբորեն մոտենալով ազգային շահերից բխող հիմնախնդիրներին:

– Ձեր կարծիքով՝ ի՞նչ կտա Թուրքիայի հետ բաց սահմանները Հայաստանի Հանրապետությանը:

– Այն, որ Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանում հայտնվել է մեկուսացման մեջ եւ տարիների ընթացքում դուրս է մնացել այնպիսի ծրագրերից, ինչպիսիք են «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթամուղը, «Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու» երկաթգծի կառուցումը՝ ակնհայտ փաստ է: Սա չի նպաստել մեր երկրի զարգացմանն ու առաջընթացին: Նաեւ հաշվի առնելով օգոստոսին վրաց-օսական պատերազմը, երբ ՀՀ-ն հայտնվեց ծանր կացության մեջ՝ զրկվելով արտաքին աշխարհի հետ տրանսպորտային կապի հնարավորությունից, ակնհայտ պարզ ու հասկանալի է դառնում այլընտրանքային ճանապարհների անհրաժեշտությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել