Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՀԱՆՈՒՄ ԵՆ ԾՆՈՂՆԵՐԻ ԱՆՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Հոկտեմբեր 10,2009 00:00

Եթե ծնողները համապատասխան գիտելիքներ ունենան՝ մանկամահացությունը մեր երկրում կնվազի

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ աշխարհում յուրաքանչյուր տարի ավելի քան 4 միլիոն մանուկ է մահանում կյանքի առաջին տարվա ընթացքում: Մահացությունների 98%-ը բաժին է ընկնում զարգացող երկրներին. երեխաների մահացությունների 65%-ը տեղի է ունենում կյանքի առաջին ամսվա ընթացքում, որի մեծ մասը՝ առաջին շաբաթվա, իսկ մնացածն էլ՝ առաջին 24 ժամվա ընթացքում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում մանկական մահացության մակարդակը ավելի քան 4 անգամ գերազանցում է ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի տվյալներին: Հայաստանում մանուկների 40%-ը ծնվում է մայրաքաղաքում: Ըստ մասնագետների, եթե մեզ մոտ համապատասխան բուժսարքավորումներ լինեն, բժիշկներն էլ համապատասխան գիտելիքներ եւ հմտություններ ունենան, մանկական մահացության շատ դեպքերից կարելի է խուսափել: Այն հարցին, թե որո՞նք են մեզ մոտ մանկամահացության պատճառները, առողջապահության նախարարության Մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Դրանք հիմնականում 4-ն են. առաջին պատճառը հղիության եւ ծննդաբերության հետ կապված հիվանդություններն ու վիճակներն են, այնուհետեւ՝ զարգացման բնածին արատները, 3-րդ եւ 4-րդ տեղերում շնչառական հիվանդություններն ու փորլուծություններն են: Երբ մեզ մոտ 1990-ական թվականներին մանկամահացության մակարդակը բարձր էր՝ պատճառների կառուցվածքն այլ էր, առաջին տեղում կրկին հղիության ընթացքում եղած հիվանդություններն էին, սակայն 2-րդ եւ 3-րդ տեղերում շնչառական եւ փորլուծային հիվանդություններն էին: Մանկամահացության ցուցանիշը մեզ մոտ իջեցվեց ի հաշիվ փորլուծային եւ շնչառական հիվանդությունների դեմ պայքարին ուղղված ծրագրերի իրականացման, դրա հետեւանքով էլ մանկական մահացության պատճառների կառուցվածքում 2-րդ տեղ բարձրացան բնածին արատները: Եթե մահանում է 0-1 տարեկան 100 երեխա, նրանցից 65-ը մահանում է մինչեւ 7 օրական, 12-ը՝ մինչեւ 1 ամսական հասակում, մնացածը՝ նորածնային շրջանից հետո: Հենց այս նպատակով էլ նախածննդյան հսկողությունը եւ ծննդաբերությունը մենք դարձրինք անվճար: Հետնորածնային մահերն ավելի հեշտ է կանխելը, քան հղիության ընթացքում առաջացած բարդությունների հետեւանքով առաջացած մահերը»: Խոսելով 0-5 տարեկան երեխաների մահվան պատճառների մասին, Կ. Սարիբեկյանը նշեց, որ վաղ մանկության շրջանում երեխաների մահվան պատճառներում դժբախտ պատահարների թիվը կազմում է ընդամենը 2,2%, իսկ 1-5 տարիքային խմբում դրանց մասնաբաժինն ավելանում է՝ հասնելով շուրջ 20%-ի. «Քանի որ երեխան ավելի ակտիվ է շփվում միջավայրի հետ, սակայն այդ միջավայրն այնքան էլ ապահով չէ իր համար, ծնողները շատ ուշադիր չեն լինում, դժբախտ պատահարներն անխուսափելի են»:

Մեր այն դիտարկմանը, որ շատ հաճախ երեխաների մահվան պատճառ է դառնում նաեւ բժշկական սխալը, տիկին Սարիբեկյանը պատասխանեց. «Բժշկական սխալ ասածը շատ հարաբերական է, եթե աշխարհում ամեն ինչ գերազանց լիներ, մարդիկ չէին մահանա: Բժշկությունը ճշգրիտ գիտություն չէ: Կա վիճակագրություն, ըստ որի էլ պարզ է դառնում, թե ինչն է ավելի արդյունավետ ազդում մարդկանց հիվանդությունները բուժելու համար: Կա բժշկական սխալի եւ բարդությունների միջին թույլատրելի սահման: Գիտեք, որ Քրեական օրենսգիրքը չունի առանձին հոդված բժշկական սխալի մասին: Եվ իսկապես ոչ մի բժիշկ կանխամտածված սխալ չի անում»:

Անդրադառնալով մանկամահացության տոկոսների նվազեցման ծրագրին՝ Մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետն ասաց, որ սկսած 1990-ականներից, մանկամահացության ցուցանիշը նվազել է 24%-ով. «Մանկամահացության ցուցանիշով հիմա մեզ մոտ միջին մակարդակ է: Մենք ԱՊՀ երկրներից շատ ավելի լավ ցուցանիշ ունենք»: Չնայած դրան, նա ավելացրեց, որ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի տվյալներով, շատ երկրներում տնտեսական ճգնաժամն ազդել է նաեւ մանկամահացության վրա, քանի որ սոցիալապես դժվար պայմաններում ապրող ընտանիքների թիվն էլ է ավելացել: Մեր զրույցի վերջում տիկին Սարիբեկյանը նշեց, որ 1990-ական թվականների կեսերից նախարարությունը մի շարք ծրագրեր է իրականացրել մանկամահացության իջեցմանն ուղղված, դրանց թվում է կրծքով սնուցման խրախուսումը, ինչի շնորհիվ էլ մանկական մահացությունը 10%-ով նվազել է. «Քանի որ ապացուցված է, որ կրծքով սնվող երեխաների հիվանդությունները եւ մահացությունը 7-10 անգամ նվազում է: Ապացուցված է նաեւ այն, որ եթե երեխայի ծնողները բարձրագույն կրթություն ունեն, ապա այդ երեխաները ավելի կենսունակ են, քանի որ մայրերը ճիշտ են արձագանքում երեխաների հիվանդություններին: Սոցիալապես բարեկեցիկ պայմաններում ապրող ընտանիքի երեխաներն էլ են կենսունակ լինում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել