Լրահոս
Օրվա լրահոսը

«Կառավարության առաջ ինձ մի՛ խայտառակեք»

Հոկտեմբեր 10,2009 00:00

Շիրակցի գյուղապետերին ասաց մարզպետը

Շիրակի մարզում երեկվա մարզխորհրդի նիստի ժամանակ քննարկվեցին մի քանի կարեւոր խնդիրներ. մասնավորապես՝ սեփական եկամուտների հավաքագրումը, աշխատավարձի պարտքերը, գայլերի հարձակումը, կարտոֆիլի «ջրի գնով» վաճառքը, Շաքարի գործարանի շահագործումը, անգամ որոշ գյուղապետերի պահվածքը: Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը վերջին 9 ամսվա հաշվետվությունը ներկայացնելիս անդրադարձավ Հայկաձորի գյուղապետի պահվածքին, որը վերջերս իրեն թույլ էր տվել կոպտել Իտալիայից ժամանած ու հայ-թուրքական սահմանի բացմամբ հետաքրքրված մի լրագրողի: «Կարողացեք կիրթ լինել մարդկանց հետ խոսելիս, վարվելակերպ ունեցեք, էս վիճակով էլ ուզում եք Շիրակը տուրիզմի կենտրո՞ն դարձնել, լրագրող է, եկել-հետաքրքրվել է, ո՞ր իրավունքով եք հարցնում՝ ինչո՞ւ ես մեր գյուղ եկել, հո դուք սահմանապահ չե՞ք»,- զայրացավ մարզպետը: Հայկաձորի գյուղապետը, սակայն, ներկա չէր, բայց նրա «թասիբին» կանգնեց հարեւան գյուղապետերից մեկը: Վերջինս ոտքի կանգնեց ու ասաց, որ Հայկաձորի գյուղապետը շատ ճիշտ է վարվել, քանի որ սահմանամերձ գյուղերում ոչ ոք իրավունք չունի դրսից գալ ու առանց անձնագրի շրջագայել, միգուցե սահմանն անցնողը թո՞ւրք է:

Գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանը խոսեց ոչխարաբուծության արդյունավետ լինելու մասին՝ շեշտելով, որ վերջին շրջանում ոչխարի միսը լավ է վաճառվում, հետեւաբար կարելի է օգտվել առաջարկվող պետական ծրագրից: Սակայն գյուղապետերից մեկը նրան ընդհատեց. «Շատ ներողություն, ժամանակին մտածեիք պետական մեխանիզմ մշակելու մասին, որ կարողանայինք իրացնել ոչխարները, ստիպված եղանք միջնորդավորված վաճառել ու արդյունքում ո՞վ շահեց՝ եզդիները, տարան ու թանկ գնով վաճառեցին, հիմա որ խոսում եք՝ իբր ի՞նչ»: Գյուղվարչության պետին թույլ չտալով պատասխանել՝ մարզպետն ասաց. «Նախորդ մարզխորհրդի նիստից, երբ հեռավոր գյուղերին առաջարկվեց զբաղվել ոչխարաբուծությամբ, 2 ամիս է անցել, բայց ոչ մի գյուղապետ ինձ չմոտեցավ ու չասաց, թե իրացման ենթակա էսքան ոչխար ունեմ, կլինի՞ ինձ օգնեք: Դուք մեծ գլխաքանակ պետք է ունենաք, որպեսզի կարողանանք պայմանագիր կապել այլ պետության հետ: Դուք պարզապես կազմակերպվածություն չունեք»: Այնուհետեւ անցան ճակնդեղագործությանը: Մարզպետը հիշեցնելով, որ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը Ախուրյանում ավարտում է Շաքարի գործարանի կառուցումը, գյուղացիներին առաջարկեց գործարանի գործադիր տնօրեն Էդիկ Սարգսյանի հետ պայմանավորվել՝ ինչքա՞ն ճակնդեղ կարող են մշակել գործարանին վաճառելու համար: Գյուղապետերը սա լսելուն պես հետաքրքրվեցին, թե ինչքանո՞վ կգնեն 1 տոննան: Էդիկ Սարգսյանը տեղեկացրեց, որ վերջին 2-3 տարիների ընթացքում, օրինակ, Ուկրաինայի, Բելառուսի պես երկրներում գնում են $55-ով, բայց իրենք լավություն կանեն ու $65-ով կգնեն: Սա լսելուն պես գյուղապետերը տեղից բացականչեցին. «Հույս չունենաք, թե գործարանը կաշխատի, մինչեւ $70-80 չտան՝ ցանող չի լինի, քանի որ հայկական հողերը ծանր կառուցվածք ունեն, ձեռքի հսկայական աշխատանք են պահանջում, հո չե՞ս համեմատի Ուկրաինայի հետ»:

Վերջում հրապարակեցին սեւ ցուցակում հայտնված գյուղապետերի ցանկը, որոնք ոչ մի կերպ չեն կարողանում հավաքագրել սեփական եկամուտները. դրանք են՝ Վարդագյուղ, Սարագյուղ, Սիզավետ, Բավրա, Մուսայելյան, Շիրակ, Հայկաձոր գյուղերի ղեկավարները: Հրապարակեցին նաեւ աշխատավարձերի պարտքեր ունեցող համայնքների ցանկը՝ Գյումրի (սեպտեմբեր ամսվա պարտքը՝ 37 միլիոն դրամ), Բենիամին, Հովիտ, Հովունի, Ողջի: «Բենիամին, տեսքիդ նայեմ, թե ցուցանիշիդ, իսկ դու՝ Բավրա, գալստուկդ կապում գալիս ես, զարմանում եմ, թե արածդ գործը ո՞րն է, հերիք չէ՝ լեզուներիդ տաք ու ինձ խայտառակ անեք, ինչի՞ պիտի կառավարության առջեւ ձեր պատճառով անընդհատ գլուխս կախեմ, Արմավիրը կամ Կոտայքը 90%-ով է կատարում սեփական եկամուտների հավաքագրումը, իսկ Շիրակը՝ 64%, հերիք չեղա՞վ էսպես աշխատեք»,- նեղսրտեց Լիդա Նանյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել