Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՀԵՐՈՒՄ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Հոկտեմբեր 10,2009 00:00

Ոչ պետական բուհերում գիտական հետազոտությունները հազվադեպ են հայտնվում լայն հասարակության տեսադաշտում։ Դրա հիմնական պատճառը անվստահությունն է վերջերս երեւան եկած կրթական հիմնարկների նկատմամբ, որոնց մոտ բացակայում են ֆինանսավորման բյուջետային աղբյուրները, այդ թվում նաեւ՝ գիտական հետազոտություններին տրամադրվող։ Որպես կանոն, ոչ պետական բուհերը ստիպված են ինքնուրույն գոյատեւել ծանր տնտեսական պայմաններում, որոնցում գտնվում է նաեւ գիտական աշխատանքը։ Ափսոս, որ ներկայումս բացակայում է գիտահետազոտական գործունեության պատշաճ համակարգումը տարբեր տեսակի ընկերությունների եւ ոչ պետական միությունների կողմից։

Ոչ պետական բուհերի մեծամասնության հումանիտար ուղղվածությունը ենթադրում է հետազոտությունների զարգացում եւ կողմնորոշում դեպի հասարակական գիտությունները, որոնք մոտ են եւ հարաբերակցում են մասնագետների պատրաստման ուղիներին։ Գիտական հետազոտությունների կայացումը եւ զարգացումը ոչ պետական բուհերի արտաբյուջետային ֆինանսավորման պայմաններում ունի շատ առանձնահատկություններ։

Պետբյուջետային ֆինանսավորման պայմաններում բուհական գիտության զարգացման փորձի վերլուծությունը վկայում է, որ հարկավոր է սկսել բուհի գիտական ներուժի աճի գնահատումից եւ կանխատեսումից։ Նշված խնդրի լուծման սկզբնական փուլը ոչ պետական բուհի տրամադրության տակ գտնվող ստեղծված գիտական ներուժի վիճակի գնահատումն է։ Հետազոտում անցկացնելու արդյունավետ գիտամեթոդական ապահովման պայմաններում յուրաքանչյուր դասախոսի վերաբերյալ կարելի է կազմել պարզ պատկերացում նրա գիտական հետաքրքրությունների ոլորտի, գիտական ակտիվության, նրա հետազոտությունների մակարդակի, արդյունավետության եւ այլնի մասին։

Ափսոս, որ ոչ պետական բուհերում սկզբունքային նոր եւ հիմնական բնույթի ամենանշանակալի գիտական արդյունքներ ստանալու հավանականությունը տարեցտարի նվազում է։ Դրան նաեւ նպաստում է ընդհանուր բնույթ ունեցող զանազան պատճառների ամբողջ փաթեթը, որոնցից նշենք մի քանիսը. գիտական աշխատողի ցածր սոցիալական հեղինակությունը: Դրա արդյունքն է տաղանդավոր երիտասարդների մի ամբողջ սերնդի անուղղելի կորուստը ֆունդամենտալ գիտության համար։ Գիտաշխատողի տարիքի ազդեցությունը նրա արհեստավարժական գործունեության վրա քաջ հայտնի է։ Ամերիկացի հոգեբան Լեմանի անցկացրած հետազոտման ընթացքում պարզվել է, որ գիտնականի առավելագույն արդյունավետությունը համընկնում է 30-39 տարիքի հետ։ Հայտնի են սոցիոլոգների խորհուրդները ֆունդամենտալ հետազոտություններով զբաղվող կոլեկտիվների համար՝ գիտնականների կեսից ավելին պետք է լինի 40 տարեկանից երիտասարդ։

Երիտասարդության այն խավի համար, որը բոլոր դեպքերում ընդունվում է աշխատանքի ոչ պետական կրթական հիմնարկների ստորաբաժանումներում, սովորական է դառնում «եկա, տեսա, գնացի» վարքագիծը։ Գիտական ստորաբաժանումները դառնում են երիտասարդ մասնագետների համար միջանկյալ օղակ, որտեղ նրանք կարող են բարելավել իրենց արհեստավարժական որակավորումը գիտական հետազոտությունների ոլորտի հետ կապ չունեցող հետագա աշխատանքի համար։ Այսպես, 264 ասպիրանտների եւ համաթեկնածուների մեջ անցկացրած սոցիոլոգիական հարցման ընթացքում հարցվողների թվից միայն 23,7 %-ը որպես ուսուցման պատճառ նշեց գիտության մեջ կարիերա ստեղծելու ցանկությունը: Անհատական գիտական գործունեության տարիքային դինամիկայից հետեւում է, որ յուրաքանչյուր գիտնականին բնությունը տալիս է բավականին կարճ ժամանակաշրջան՝ նրա ստեղծագործական ներուժը իրականացնելու համար։ Փաստորեն հետագա ողջ գիտական առաջխաղացումը կախված է նրանից, թե հաջողվե՞լ է արդյոք մինչեւ 30 տարեկան երիտասարդին գիտական ասպարեզ մտնել, անցնել հարմարեցման ժամանակաշրջանը եւ սկսել ինքնուրույն գիտական գործունեությունը։ Մինչեւ 30 տարեկան մեկնարկային պայմանները անհրաժեշտ նախապայման են հանդիսանում, որպեսզի ստեղծագործական ունակությունները առավելագույնս բացահայտվեն մինչեւ 40 տարեկան հասնելը։ Երիտասարդության համար գիտության սոցիալական վարկի եւ գրավչության կորուստը նշանակում է, որ երիտասարդության առնվազն մեկ սերունդ կարող է կորչել գիտության համար։

Սերնդափոխության հիմնախնդիրը: Մասնագետների կարծիքով երիտասարդների համալրման բացակայությունը ստեղծում է գիտական ավանդույթների հաջորդականության կորստի իրական սպառնալիք։ Ոչ պետական բուհերի մեծ մասում գիտական հետազոտությունների զարգացման պատասխանատվության հիմնական բեռը մինչ այժմ ընկած է առաջին հերթին գիտնականների ավագ սերնդի վրա։ Նրանք են ժամանակակից տնտեսական պայմաններում ապահովում գիտական համակարգերի կայունությունը։ Գիտնականների ավագ սերնդի բնականոն փոխարինումը միջին սերնդով բազմաթիվ ոչ պետական կրթական հիմնարկներում շատ բարդացված է՝ ելնելով մի շարք հանգամանքներից։ Առաջին հերթին առանձին հիմնարկների հետազոտողների շարքում միջին տարիքային խմբերի չափաբաժինը անընդհատ նվազել է։ Երկրորդ հերթին, միջին սերնդի որակը նույնպես վատթարացել է նրա առավել գործունյա եւ կենսունակ մասի՝ տարիներ շարունակ գործունեության այլ ոլորտներ «արտահոսքի» պատճառով։ Չի կարելի հույս դնել ինքնակազմավորման տարրերի գերակշռությամբ կադրային ներուժի բնականոն զարգացման վրա։ Ստիպված ենք ելնել նրանից, որ գիտական ճյուղերի եւ դպրոցների առաջնորդների զանգվածային արտահոսքը կարճ ժամանակահատվածում կդառնա ոչ պետական կրթական հիմնարկների կոլեկտիվների համար մեծ փորձություն՝ հեռու գնացող հետեւանքներով։

Գիտական գործունեության անկայունությունը: Ոչ պետական բուհերում գիտական ստորաբաժանմունքների անընդմեջ եւ երբեմն անմիտ ձեւափոխումները, գիտական կադրերի մեծ հոսքը, գիտական կոլեկտիվներում կայունության բացակայությունը խոչընդոտում են ֆունդամենտալ հետազոտությունների առաջնային ուղղությունների երկարաժամկետ ծրագրերի կազմավորմանը։ Գիտահետազոտական աշխատանքային պլաններում լուրջ երկարաժամկետ ծրագրերի երեւան գալը հաճախ ոչ պետական բուհերի ղեկավարների կողմից վանողական հակազդում է առաջացնում։

Ասպիրանտուրա ընտրելու որակի հիմնախնդիրը: Հաճախ ոչ պետական բուհերում շփոթում են ասպիրանտուրայի ընդունելության պլանը ասպիրանտների ավարտական պլանի հետ։ Այդ ընթացքում հետեւում են մեկ կանոնի՝ ընդունեցիր հայցվորին ասպիրանտուրա՝ նրան դարձրու գիտնական, այլապես դա կրթական համակարգի աշխատանքի խոտան է։ Այդ կապակցությամբ համարում եմ բացարձակ վնասարար հետեւյալ պահանջը. ընդունեցիր ասպիրանտին, հասցրու գիտական աստիճանի։ Նպատակահարմար է թվում նախապատրաստել նրան գիտական աշխատանքի ոչ թե «ճիպոտով», ոչ թե պլանով, այլ ըստ կոչումի, բարեխիղճ եւ կամավոր։ Միաժամանակ նկատվում է նաեւ մի այլ միտում։ Որոշ ոչ պետական բուհերը ասպիրանտների ընդունելության քննություններին շատ ցածր պահանջներ են ներկայացնում եւ ընդունում են բոլոր ցանկացողներին։ Հետագայում պարզվում է, որ ասպիրանտուրա ընդունվածների ճնշող մեծամասնությունը երիտասարդներ են, որոնք ամենեւին չեն էլ պլանավորում դիսերտացիա գրել։ Ասպիրանտուրա ընդունվելուց նրանց միակ նպատակը բանակից տարկետում ստանալն է։ Նշվեցին միայն որոշ ակներեւ ընդհանուր պատճառներ։ Առանց այս եւ մի շարք ուրիշ խնդիրներ լուծելու՝ անհնարին է խոսել երիտասարդ գիտնականների պատրաստման արդյունավետության մասին, ժամանակակից պայմաններում գիտական կադրերի ստեղծագործական ներուժի բարձրացման մասին։

Հ. ԴԵՐՁՅԱՆ

Պետականորեն հավատարմագրված «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի կառավարման խորհրդի նախագահ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել