Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը, Շրի Լանկան եւ Զիմբաբվեն

Հոկտեմբեր 22,2009 00:00

«Պիրատության» բարձր ցուցանիշով այս երկրների շարքում ենք

Մտավոր սեփականության անպաշտպան վիճակի հետեւանքով Հայաստանում այսօր զգալի տեմպերով զարգանում է «պիրատություն» երեւույթը: Հեղինակային իրավունքների խախտման հետեւանքով տուժում է ոչ միայն ստեղծագործողը, այլեւ՝ Հայաստանի տնտեսությունը եւ միջազգային հեղինակությունը: Հոկտեմբերի 21-ին «Մայքրոսոֆթ» եւ BSA (Business Soft Alliance) ընկերություններն աշխարհի ավելի քան 70 երկրներում նշում են «պիրատության» հիմնախնդրի դեմ պայքարի միջազգային օրը: Երեկ օրվա առիթով «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցում կազմակերպվել էր «կլոր սեղան» քննարկում: BSA-ի հիմնական առաքելությունն է՝ սպառողներին տեղեկացնել այն վնասների եւ հնարավոր ռիսկերի մասին, որը կարող են ունենալ՝ օգտագործելով «պիրատական» ծրագրերը: BSA-ի՝ 2008 թվականի համաշխարհային հաշվետությունը արձանագրում է, որ Հայաստանը գլխավորում է բարձր «պիրատական» ցուցանիշ ունեցող երկրների շարքը՝ համեմատվելով Շրի Լանկայի եւ Զիմբաբվեի հետ: Մասնակիցները ուրախալի համարեցին, որ այս տարի գոնե 3% աճ է արձանագրվել, եւ ցուցակը սկսել է գլխավորել Վրաստանը՝ 95%, երկրորդ տեղում Բանգլադեշն է, Հայաստանը շարքում 3-րդն է՝ 92%պիրատության» ցուցանիշով, նրան հետեւում է Շրի Լանկան:

Աշխարհի առաջատար համակարգչային ծրագրեր արտադրող ընկերությունների շահերը ներկայացնող BSA կազմակերպության փորձագետ Նարինե Մկրտչյանը Հայաստանի համար առանձնացրեց 3 հիմնական խնդիր, նշելով, որ թեեւ BSA-ը իրականացնում է նաեւ իրավատերերի իրավունքների դատական կարգով պաշտպանություն, սակայն կարծում է, որ 92% «պիրատական» ցուցանիշ ունեցող Հայաստանի համար առաջին քայլը իրավախախտին ծանուցելն է եւ ոչ դատական կարգով իրավունքի պաշտպանությունը: Ոլորտում առկա խնդիրներից մեկն էլ այն է, որ Հայաստանում գործող օրենսդրությունը լիարժեք կերպով հնարավորություն չի տալիս իրավատիրոջը դիմել ոստիկանություն, իսկ դատարանն էլ ներկայացված հայցը մերժում է, քանի որ չկան համապատասխան ապացույցներ, ինչը, քննարկման մասնակիցների պնդմամբ՝ այսօր սովորական ստեղծագործողը ձեռք բերելու հնարավորություն չունի:

«Մայքրոսոֆթի» հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը գտնում է, որ Հայաստանից լավագույն մասնագետների արտահոսքի հիմնական պատճառը երկրում հեղինակային իրավունքների ոտնահարումն է, ստիպված են մեկնել այն երկրներ, որտեղ այն հարգվում ու պաշտպանվում է, կատարած աշխատանքի դիմաց էլ համապատասխան վարձատրություն են ստանում: Կարեւորելով ներդրումային միջավայրը՝ պարոն Բարսեղյանը նշեց. «Ոչ մի մեծ միջազգային հեղինակավոր կազմակերպություն ներդրում չի կատարի այն երկրում, որտեղ հեղինակային իրավունքի պատշաճ պաշտպանություն չկա: Այդ է պատճառը, որ Հայաստանում խոշոր, առաջատար ընկերություններ չկան: Հայաստանում չկա որակյալ հայկական ծրագրային ապահովում՝ բառարաններ, թարգմանական, հաշվապահական ծրագրեր կամ պարզապես խաղեր»:

ԿՀԴՊԳՎ մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնից Արթուր Վարդերեսյանը նշեց, որ ներկայումս բաժնի կատարած աշխատանքների արդյունքում Հայաստանում մտավոր սեփականության խախտման դեպքերը նվազել են: Նա, ներկայացնելով 2005 թվականին ձայնասկավառակների արտադրման բնագավառում քաոսային վիճակը, ասաց, որ բաժնի անցկացրած ստուգումների արդյունքում 4-5 ընկերություններ ենթարկվել են պատասխանատվության, տուգանքների: «Բոլոր ընկերությունները սկսեցին գործել օրինական դաշտում, հեղինակ ստեղծագործողների հետ սկսեցին կնքվել պայմանագրեր, արդյունքում բարձրացավ հեղինակների հոնորարի չափը»,- հավելեց պարոն Վարդերեսյանը: Սակայն, նրա կարծիքով՝ հայերի մեջ դեռեւս չկա այն իրավագիտակցությունը, որ ոստիկանության միջոցով կարելի է պաշտպանել իրավունքները, իսկ ոստիկանությունը գործող օրենսդրությամբ իրավասու չէ նախապատրաստել նյութեր կամ սկսել որեւէ իրավական գործընթաց. «Ունենք այնպիսի օրենսդրություն, որը չի համապատասխանում իրավակիրառ միջազգային իրավական պրակտիկային եւ նման օրենսդրությամբ պայքարելը իրավապահ մարմինների համար անհնարին է դառնում»: ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ իրավական վարչության մաքսային բաժնի ներկայացուցիչ Կարեն Կարապետյանն էլ կարծում է, որ պատասխանատվության պետք է ենթարկել ոչ միայն անօրեն տարածողներին, այլեւ սպառողներին: Նշենք նաեւ, որ օրենսդրական բացերի մասին կարծիքներ չհնչեցին, որովհետեւ քննարկմանը հրավիրված ԱԺ պատգամավորներից ոչ մեկը չէր բարեհաճել ներկա գտնվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել