Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊԲՀ-ի վրա ստվեր են գցել

Հոկտեմբեր 23,2009 00:00

ԶԼՄ-ներում տեղ գտած եւս մի հրապարակման կապակցությամբ պարզաբանումով էլ ԿԳՆ-ն է հանդես եկել: Խոսքը, մասնավորապես, երեկ «Առավոտում» «Մեր դիպլոմն արժեք չունի՞» լուրի մասին է, որտեղ մեջ էինք բերել panorama.am-ի ինֆորմացիան, որ Իրանում, 2010թ.-ից սկսած, մեր Բժշկական համալսարանի տված դիպլոմները ուժ չեն ունենալու:

Ըստ ԿԳՆ-ի հաղորդագրության՝ «ՀՀ-ում սովորում է ԻԻՀ շուրջ 1700 ուսանող: Իրանի կառավարությունը ձեռնամուխ է եղել արտերկրում սովորող ուսանողների ստացած գիտելիքների վերահսկողության մեխանիզմների խստացմանը: Հայաստանում առկա են իրանցի ուսանողների հետ կապված բազմաթիվ խնդիրներ, այդ թվում նաեւ կրթության որակին առնչվող, որոնք քննարկվել են հոկտեմբերի 2-ին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի եւ ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Սեյիդ Ալի Սաղաիանիի միջեւ կայացած հանդիպման ընթացքում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, ի թիվս այլ խնդիրների, ընթացք տալ նաեւ ՀՀ-ում սովորող ուսանողների կրթության որակի ապահովման խնդիրներին, որին մասնակից պետք է լինեն ոչ միայն նախարարությունը, դեսպանատունը, այլ նաեւ բուհերը: Հայաստանի պետական բուհերում սովորող իրանցի ուսանողների խնդիրները նախատեսվում է քննարկել նաեւ ռեկտորների խորհրդի առաջիկա նիստում, որի ընթացքում նախարարի կողմից կառաջարկվեն որոշակի մեխանիզմներ: Բարձրագույն բժշկական կրթության որակի հետ կապված խնդիրներն առավելապես ծագել են ոչ պետական որոշ բուհերում բժշկական բարձրագույն մասնագիտական ծրագրերի իրականացման պատճառով, երբ Մերձավոր Արեւելքի մի շարք երկրներում հայտնվել են շրջանավարտներ, որոնց փաստացի գիտելիքները չեն համապատասխանում այդ բուհերի կողմից տրված դիպլոմներին:

Ոչ պետական որոշ բուհերում ցածրորակ կրթական ծառայությունների պատճառով ստվեր է նետվել ամբողջ բժշկական բարձրագույն կրթության որակի վրա: ԵՊԲՀ-ն ընդհանուր առմամբ «զոհ» է գնացել ընդհանրական մոտեցումներին: Ուսումնասիրություններ են իրականացվել, մասնավորապես, «Հայբուսակ» համալսարանում, որը դիմել էր անգլերեն լեզվով օտարերկրացիների դասավանդման հետ կապված՝ թույլտվություն ստանալու համար: Պարզվել է, որ բուհի ներկայացրած ուսումնական ծրագրերը, պրոֆեսորադասախոսական կազմը չեն համապատասխանում պետական կրթական չափորոշչին, եւ նախարարի կողմից մերժվել է այդ հնարավորությունը:

Արդեն սովորող ուսանողներին առաջարկվել է այս կիսամյակի ավարտին տեղափոխվել անգլերեն լեզվով ուսուցում իրականացնելու թույլտվություն ունեցող բժշկական բարձրագույն կրթական ծրագիր իրականացնող այլ ուսումնական հաստատություն՝ երաշխավորելով ուսման վարձի չափի պահպանումը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել