Լրահոս
Օրվա լրահոսը

Գծատերերն էլ են բողոքում

Հոկտեմբեր 29,2009 00:00

\"\"Այսօր կառավարության շենքի մոտ էին հավաքվել մայրաքաղաքի երթուղիները սպասարկող կազմակերպությունների տնօրենները: Նրանք վստահեցնում էին, թե բարեխղճորեն վճարում են հարկերը, չեն խախտում Աշխատանքային օրենսգիրքը եւ վարորդներին սահմանված 8 ժամից ավելի չեն աշխատեցնում:

Սակայն իրենց մոտ սկսվել են տարբեր տեսչությունների կողմից ստուգումներ եւ տուգանքների նշանակումներ: Այս մասին գրում է «Ա1+»-ը:

Համար 98 երթուղին սպասարկող կազմակերպության տնօրեն Վլադիկ Աբրահամյանը բողոքել է, թե ամեն երթուղում 6-7 մեքենա ազատ է, քանի որ վարորդ չկա, մինչդեռ իրենցից պահանջում են երկու վարորդ պահել յուրաքանչյուր մեքենայի համար. «Ոնց որ պարանը գցած պահում ենք, որ վարորդը չփախնի: Մեկ վարորդ չենք կարողանում պահել, երկրորդը ո՞նց պահենք: «Բոգդաններ» են բերել, որոշել են «Գազելները» դրանցով փոխարինել: Բայց էդ «Գազելները» առնելու համար մենք մեծ պարտքեր ենք արել»:

Համար 28 երթուղու տնօրեն Գեղամ Գրիգորյանն էլ ավելացնում է, թե վարորդները 8 ժամից էլ քիչ են աշխատում. «Ոնց կարելի է միանգամից 50-100 միլիոն տուգանք նշանակել: Ամեն գիծ պահում է 30-40 ընտանիք, հիմա նրա՞նք էլ սոված մնան: Ազատենք, կանգնենք, գիծը փակենք, ես երկիրը ի՞նչ է, բռնապետությո՞ւն է»:

Փոխադրողների միության նախագահ Սամվել Հայրապետյանն էլ նշել է, թե փոխադրողների առջեւ մեծ պահանջներ է դրվում, որը հիմնականում վերաբերում է աշխատաժամերի չարաշահմանը. «Առկա սակագնի պայմաններում երաշխավորված սպասարկում հնարավոր չի սպասել, այսինքն՝ մենք խախտում ենք նաեւ սպառողների շահերը, սակայն պահանջել սպառողների շահերի պաշտպանություն՝ նշանակում է պահանջել նաեւ փոխադրողների շահերի պաշտպանություն: Այսօր 100 դրամ սակագնով փոխադրողները աշխատում են վնասով: Կառավարությունը կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկի սակագնի բարձրացման հարցում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել