Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՎԱՐՁԱՀԱՏՈՒՅՑ ԴՈՆՈՐ ԼԻՆԵԼԸ ՕԳՏԱԿԱՐ Է ԵՎ ՊԱՏՎԱԲԵՐ

Հոկտեմբեր 29,2009 00:00

\"\"Վստահեցնում է Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը

«Ամբողջ աշխարհում անվարձահատույց դոնորությունը ամենատարածված ձեւերից է, ինչը չի կարելի ասել Հայաստանի օրինակով: Արյունատվության գիտակցական այս ձեւը շատ օգտակար է հենց արյուն տվողի համար. արյունատվությունը կարեւոր դեր է կատարում մարդու իմուն համակարգի ամրապնդման գործում, շատ հիվանդությունների ինֆեկցիաների նկատմամբ դոնորը դառնում է անընկալունակ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը: Նրա ներկայացմամբ՝ արյան ծառայությունը եւ փոխներարկումային բուժօգնության անվտանգությունը կարեւոր խնդիր է, ինչն էլ պետական լուրջ աջակցություն է պահանջում: Ճիշտ է, դոնորական արյան հավաքագրման, անվտանգության որոշման եւ պաշարման ծրագրին պետբյուջեով հատկացվող գումարները տնտեսական ճգնաժամի հետեւանքով չեն նվազել եւ նախորդ տարիների պես այս տարի էլ մոտ 200 մլն դրամ է հատկացվել, սակայն, ըստ Ս. Դաղբաշյանի, դրանք այնքան էլ չեն բավականացնում այդ ոլորտի խնդիրները լուծելուն. «Պետք է ասեմ, որ ի պատիվ մեր առողջապահության նախարարության, տարեցտարի ծառայությանը տրամադրվող գումարները ավելանում են, որոնց շնորհիվ մենք իրականացրել ենք ոլորտի լուրջ բարեփոխումներ, սակայն այդ գումարները դեռեւս քիչ են եւ չեն համեմատվում նույնքան ազգաբնակչություն եւ նույն խնդիրներն ունեցող երկրներում այդ ոլորտին հատկացվող գումարներին: Առաջինը, որ պետությունը ամբողջովին ֆինանսավորում է՝ դոնորական արյան ինֆեկցիոն անվտանգության հետազոտություններն են, որոնք Երեւան քաղաքի համար իրականացնում են Արյունաբանական կենտրոնում, մարզերի համար՝ Վանաձորի, Գյումրիի, Գորիսի, Արմավիրի, Հրազդանի արյան փոխներարկման կայաններում: Վերոհիշյալ գումարը բաժանվում է այս բուժհիմնարկների միջեւ: 2008 թ. ՀՀ-ում ունեցել ենք շուրջ 16000 դոնոր, որի 5%-ը անվարձահատույց դոնորներ են, 38-%-ը՝ փոխհատուցվող, շուրջ 57%-ը հիվանդների հարազատներ են: Պետք է ասեմ, որ երբ մեզ դիմում են դոնորության համար, յուրաքանչյուր 10 դոնորից մեկի մոտ հայտնաբերվում է այս կամ այն տիպի վիրուսային հեպատիտների հանդեպ հակամարմիններ: Դա չի նշանակում, որ այդ մարդիկ այսօր հիվանդ են, այլ՝ որ իրենց կյանքի ընթացքում ուղղակի հանդիպել են հեպատիտի վիրուսին եւ հետեւաբար նրանց արյունատվություն թույլ չենք տալիս: Նշեմ նաեւ, որ այդ ֆինանսավորմամբ մենք արտադրում ենք նաեւ հակառեզուս D իմունոգլոբուլին, որը անվճար հատկացվում է ռեզուս բացասական կանանց ծննդաբերությունից հետո՝ ըստ բժշկական ցուցումների: Առողջապահության նախարարության վարած քաղաքականության շնորհիվ աճել է ծննդաբերությունների քանակը, հետեւաբար ավելացել է նաեւ արտադրվող իմունոգլոբուլինի օգտագործման քանակը»: Ըստ պրոֆեսոր Դաղբաշյանի, այս տարվա ցուցանիշներով ունեցել ենք 5-10% դոնորության աճ. «Տվյալներն ամփոփում ենք տարվա վերջում, բայց պետք է ասեմ՝ դոնորության ակտիվության աճ կա, ինչը պայմանավորված է վերջին շրջանում քարոզչական լայնամասշտաբ գործունեությամբ: Մեզ այդ հարցում աջակցում է նաեւ «25 ակումբ» հ/կ-ն, որը ժամանակ առ ժամանակ կազմակերպում է արյունատվական ակցիաներ բուհերի ուսանողների շրջանում, այս տարի պատրաստել ենք նաեւ գովազդային տեսահոլովակներ»: Պարոն Դաղբաշյանի խոսքերով՝ «Հայաստանում վատ սովորություն է ձեւավորվել. շատ վիրաբույժ-մասնագետներ վիրահատության ընթացքում նոր միայն մտածում են, թե որտեղից հայթայթեն արյան բաղադրամասը, այնինչ՝ վիրահատությունից կամ ծննդաբերությունից առաջ պետք է արդեն պատրաստ լինի համապատասխան խմբի եւ ռեզուս պատկանելության արյան բաղադրամասերի որոշակի պաշար: Դա կբարձրացնի վիրահատությունների որակը եւ բուժօգնության մակարդակը»:

Պարոն Դաղբաշյանը նաեւ նշեց, որ անցյալ տարի ունեցել են 8249 դիսպանսեր հաճախումներ, այս տարվա 9 ամիսների ընթացքում արձանագրվել է 7473-ը: Հիվանդանոցային դեպքերը 2008-ին եղել են 2174, որից առաջնակի՝ 632 հիվանդներ: Այս տարվա 9 ամիսների կտրվածքով՝ հիվանդանոցային 1423 դեպք, որից առաջնակի՝ 494: Միայն մանկական բաժանմունքում այս տարի ունեցել են 309 հիվանդանոցային դեպք, 126-ը՝ առաջնակի հիվանդներ: Ս. Դաղբաշյանի մեկնաբանմամբ, վերջին տարիներին արյան հիվանդությունների աճը պայմանավորված է բնապահպանական գործոններով, սննդի եւ խմելու ջրի հետ կապված խնդիրներով:

Առաջիկա օրերին Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի եւ ԵՊՀ-ի ուսանողները կմասնակցեն արյունատվական ակցիաներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել