«Ժողովուրդ» հասկացության սահմանադրաիրավական բովանդակությունը
«Ժողովուրդ» հասկացությունը, կախված գործածության բնագավառից, չափազանց ընդգրկուն ընկալումներ ունի եւ, հետեւաբար, յուրաքանչյուր կոնկրետ բնագավառում օգտագործելիս կարիք ունի որոշակի ճշգրտման: Բացառություն չէ նաեւ իրավագիտությունը՝ առհասարակ եւ սահմանադրագիտությունը՝ մասնավորապես: Այս առումով անհրաժեշտ է նկատի ունենալ, որ յուրաքանչյուր հասկացություն, որ օգտագործվում է բազմաթիվ ոլորտներում, չնայած ընդհանրություններին, յուրաքանչյուր կոնկրետ բնագավառում դրսեւորում է իր առանձնահատկությունները եւ կարող է իմաստազրկվել կամ աղճատվել, եթե հաշվի չառնվեն այդ առանձնահատկությունները: Այդպիսի հասկացություններից է, անշուշտ, «ժողովուրդ» հասկացությունը, որն օգտագործվում է մի քանի տասնյակ գիտակարգերում (փիլիսոփայություն, ազգագրություն, ժողովրդագրություն, մշակութաբանություն, լեզվաբանություն եւ առհասարակ սոցիալական գիտությունները եւ այլն), չհաշված այդ բառի առօրյա օգտագործման բազմազան իմաստները:
Սահմանադրական իրավունքում «ժողովուրդ» ասելով սովորաբար հասկանում են տվյալ պետության՝ սոցիալ-տնտեսական եւ քաղաքական միասնական ընդհանրություն գոյացնող ամբողջ բնակչությունը՝ անկախ ազգային հանրույթների նրա բաժանումից: Այս իմաստով մի շարք պետությունների սահմանադրությունների համադրույթներում գործածվում է «բազմազգ ժողովուրդ» արտահայտությունը: Այս համատեքստում ժողովուրդը վերածվում է ինքնիշխանության եւ իշխանության միակ կրողի: Բացի այդ, «ժողովուրդ» հասկացությունը կարող է նշանակել նաեւ ազգային-մշակութային հանրույթ, որը կարող է եւ կապված չլինել որեւէ պետության տարածքի հետ եւ այս դեպքում ժողովուրդը, փաստորեն, օգտագործվում է ազգ իմաստով: Նկատի ունենանք նաեւ, որ ազգ ասելով սովորաբար հասկացվում է մարդկանց հանրույթ, որը պատմականորեն ձեւավորվում է նրա հատկանիշները կազմող ընդհանուր տարածքի, տնտեսական կապերի, լեզվի, մշակույթի, հոգեւոր կերտվածքի, ավանդույթների ու սովորույթների հիման վրա: Անգլալեզու եւ ռոմանալեզու երկրներում «ազգ» հասկացությունը սովորաբար օգտագործվում է հասարակություն, բոլոր քաղաքացիների ամբողջություն իմաստներով: Այդ երկրների սահմանադրություններում «ազգ» հասկացությունն արտահայտում է ոչ թե էթնիկական, այլ պետաքաղաքական ընդհանրությունը: Օրինակ, ըստ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սահմանադրության, գերմանացի նշանակում է ԳԴՀ քաղաքացի (հոդված 116, մաս 1): Նույնն է նաեւ Իսպանիայի Սահմանադրությունում (հոդված 19):
Այսպիսի պատկերացման հիման վրա, կարծում ենք, կարեւոր է հասկանալ, թե ի՞նչ է նշանակում «հայ ժողովուրդ» բառակապակցությունը, որով սկսվում է ՀՀ Սահմանադրության նախաբանը (պրեամբուլա): Սահմանադրությունների նախաբաններում, որպես կանոն, շարադրվում են սահմանադրության ընդունման անհրաժեշտությունը, սկզբունքային դրույթները, դրդապատճառներն ու նպատակները, նշվում են դրա պատմական նշանակությունն ու ընդունման անհրաժեշտությունը: Սահմանադրության նախաբանն ունի քաղաքական եւ գաղափարական չափազանց կարեւոր նշանակություն, որը կարող է արտահայտվել նաեւ պետական քաղաքականության հիմնարար սկզբունքների հռչակմամբ: Նախաբանը, սովորաբար, բովանդակում է, այսպես կոչված, «նորմեր-նպատակներ», «նորմեր-սկզբունքներ», որոնք պետք է հաշվի առնվեն սահմանադրության դրույթները մեկնաբանելիս եւ կիրառելիս: Ընդհանուր առմամբ, որեւէ սահմանադրության նախաբան համարվում է սահմանադրության անբաժանելի եւ բաղկացուցիչ մասը եւ իշխանության բոլոր ճյուղերի համար ունի ոչ միայն բարոյական, այլեւ իրավական ուժ: Այդ մասին են վկայում նաեւ բազմաթիվ պետություններում սահմանադրական վերահսկողություն իրականացնող մարմինների որոշումներում սահմանադրական դրույթների հետ մեկտեղ նախաբանների դրույթների վկայակոչումները: Այս տեսակետից բացառություն չէ նաեւ ՀՀ Սահմանադրության նախաբանը, որում, մասնավորապես, նշված են այն նպատակները, որոնց իրականացման համար ընդունվում է Սահմանադրությունը: Դրա հետ մեկտեղ ՀՀ Սահմանադրության նախաբանում վկայակոչվում է Հայաստանի անկախության մասին հռչակագիրը, որը համարվում է ՀՀ Սահմանադրության ընդունման հիմք եւ, փաստորեն, դառնում նրա բաղկացուցիչ մասը:
Այժմ այս համատեքստում անդրադառնանք ՀՀ Սահմանադրության նախաբանի «հայ ժողովուրդ» հասկացության պարզաբանմանը: Այս առումով, թերեւս, կարիք կա ՀՀ Սահմանադրության նշված արտահայտությունը համեմատել այլ պետությունների սահմանադրությունների համանման արտահայտությունների հետ: Այսպես, Ամերիկայի Միացյալ Նահանգների Սահմանադրությունում նշված է. «Մենք՝ ԱՄՆ-ի ժողովուրդը…», կամ Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությունում՝ «Մենք՝ Ռուսաստանի Դաշնության բազմազգ ժողովուրդը…»: Նույնանման արտահայտություններ կան բազմաթիվ այլ պետությունների սահմանադրություններում: Ակնհայտ է, որ բոլոր այդ պետություններում սահմանադրություններն ընդունում են տվյալ պետությունների ժողովուրդները կամ, ավելի ստույգ ասած՝ քաղաքացիները: Եվ եթե այդ նույն սահմանադրություններում ասվում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, ապա դա նշանակում է, որ նկատի է առնվում տվյալ պետության քաղաքացուն: Ինչպես երեւում է ՀՀ Սահմանադրության նախաբանից, հայ ժողովուրդ ասելով տվյալ դեպքում նկատի է առնվում ոչ թե եւ ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, այլեւ ամբողջ հայության հավաքականությունը:
Այս հանգամանքը, կարծում ենք, պատահական չէ, այլ հայ ժողովրդի պատմական անցած ճանապարհի տրամաբանական հետեւանքն է, որքանով հայոց պետականության հաստատումը եւ ապահովումը վերաբերել եւ վերաբերում է ոչ միայն ՀՀ տարածքում ապրող բնակչությանը, այլեւ ողջ հայությանը, որը դարեր շարունակ, անկախ բնակության վայրից կամ քաղաքացիությունից, պայքարել է հանուն այդ նպատակի: Մյուս կողմից, եթե նկատի ունենանք, որ ՀՀ տարածքից դուրս ապրող հայերը հիմնականում հայտնվել են արտերկում ոչ իրենց կամքով, այլ հարկադրաբար՝ պետականության բացակայության պայմաններում, բռնագաղթի հետեւանքով, բռնագաղթ, որը, ի թիվս այլոց, հետեւանք էր հայ ժողովրդի ազգային-ազատագրական գաղափարները ճնշելու, սեփական պետություն եւ անկախ պետականություն կերտելուն ուղղված դարավոր նպատակներն ի չիք դարձնելու, ապա հասկանալի է դառնում «հայ ժողովուրդ» բառակապակցության առկայության արդարացիությունը եւ անհրաժեշտությունը:
«Հայ ժողովուրդ» հասկացությունը հիշատակվում է նաեւ Հայաստանի անկախության հռչակագրում (որը, ինչպես արդեն նշեցինք, ՀՀ Սահմանադրության բաղկացուցիչ մասն է), որի նախաբանում ամրագրված է, որ ՀՀ բարձրագույն իշխանությունները պատասխանատվություն են կրում «հայ ժողովրդի ճակատագրի առջեւ համայն հայության իղձերի իրականացման եւ պատմական արդարության վերականգնման գործում»: Ակնհայտ է, որ այստեղ եւս խոսքն ամբողջությամբ վերաբերում է հայ ժողովրդին՝ «համայն հայությանը», անկախ նրա քաղաքացիությունից կամ բնակության վայրից: Ավելին, Հռչակագրի 11-րդ հոդվածում ամրագրված է, որ «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին», ինչից ակնհայտորեն երեւում է, որ խոսքը հայ ժողովրդին վերաբերող կարեւոր իրադարձության մասին է եւ, հետեւաբար, «հայ ժողովուրդ» բառակապակցության հայտնվելը ամենեւին պատահական չէ, այլ խորապես գիտակցված է եւ ՀՀ Սահմանադրությունում ունի առանցքային նշանակություն:
Նշելով ՀՀ Սահմանադրությունում «հայ ժողովուրդ» բառակապակցության իմաստային նշանակությունը եւ դրա կարեւորությունը՝ կարող է ստեղծվել այն թյուր տպավորությունը, թե Սահմանադրությունն անտեսում կամ երկրորդական պլան է մղում քաղաքացիների (ինչպես հայ, այնպես էլ այլազգի) դերակատարությունը Հայաստանի Հանրապետության ստեղծման, կայացման ու պահպանության գործում, մանավանդ, երբ ակնհայտ է (ինչպես վերը բերված պետությունների օրինակն է վկայում), որ ցանկացած պետությունում սահմանադրությունն ընդունում են այդ պետության քաղաքացիները: Միանգամից նշենք, որ այս իմաստով ՀՀ Սահմանադրությունը բացառություն չէ: Հետեւապես, Սահմանադրության նախաբանում ամրագրված «Հայ ժողովուրդը… ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը» դրույթը մեկնաբանելիս անհրաժեշտ է հարցը քննարկել, ինչպես պահանջվում է, միայն ու միայն Սահմանադրության ամբողջական համատեքստում, Սահմանադրության մյուս դրույթների համադրությամբ: Տվյալ դեպքում անհրաժեշտ է նկատի ունենալ, որ նույն Սահմանադրությունում ամրագրված է, թե ով է իրավասու ընդունել Սահմանադրությունը եւ ինչ կարգով: Այսպես՝ ՀՀ Սահմանադրության հոդված 111-ում հստակ նշվում է, որ «Սահմանադրությունն ընդունվում կամ դրանում փոփոխություններ կատարվում են հանրաքվեի միջոցով…», իսկ հոդված 30-ում ամրագրված է, որ հանրաքվեներին մասնակցել կարող են միայն ՀՀ չափահաս քաղաքացիները:
Բացի դա, ՀՀ Սահմանադրությունում օգտագործվում է նաեւ «ժողովուրդ» հասկացությունը: Այսպես՝ հոդված 2-ում ամրագրված է, որ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին, իսկ այդ նույն հոդվածի երկրորդ պարբերությունում նշվում է, որ ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների միջոցով, եւ, ինչպես արդեն նշեցինք, ինչպես հանրաքվեներին, այնպես էլ ընտրություններին կարող են մասնակցել միայն ՀՀ չափահաս քաղաքացիները: Այսինքն՝ ասվածից միանշանակ բխում է, որ տվյալ դեպքում «ժողովուրդ» հասկացությունը կարող է հասկացվել միայն Հայաստանի Հանրապետության ժողովուրդ իմաստով: Այսպիսի պնդումը հիմնավորվում է նաեւ Հռչակագրի մի շարք դրույթներով, որոնք նույնպես բացառում են որեւէ տարընթերցում: Մասնավորապես, Հռչակագրի հոդված 3-ում նշվում է. «Հայոց պետականության կրողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է…», իսկ երկրորդ մասում՝ «Հանրապետության ժողովրդի անունից…» եւ այլն:
Հարցի տվյալ ամբողջական քննարկմանը կնպաստեր, եթե հաշվի առնվեին նաեւ ՀՀ Սահմանադրության 7, 8.1, 11, 11.3, 12, 41, 54, 55 եւ մի շարք այլ հոդվածներ, որոնք մեկ այլ հոդվածի թեմա են՝ առավել ընդարձակ բացատրության անհրաժեշտությամբ: Ընդհանուր առմամբ, վերը ասվածը թույլ է տալիս եզրակացնել, որ «հայ ժողովուրդ», «ժողովուրդ» եւ համանման հասկացությունները ՀՀ Սահմանադրությունում ունեն կոնկրետ բովանդակություն եւ դրանցից յուրաքանչյուրի համար հստակ սահմանված են ինչպես դրանց կոնկրետ նշանակությունները, այնպես էլ դրանց փոխադարձ կապը եւ միաժամանակ պարզ է դառնում, որ պետական իշխանության մարմինները ո՞ր չափով են պատասխանատու Հայաստանի Հանրապետության ժողովրդի եւ ո՞ր չափով՝ հայ ժողովրդի առջեւ:
Առանձնակի հետաքրքրություն կարող է ներկայացնել «հայ ժողովուրդ» հասկացության համեմատությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության համապատասխան հասկացությունների հետ, որքանով այդ Սահմանադրության նախաբանում հռչակվում է, որ Արցախի ժողովուրդը, իրականացնելով իր ինքնիշխան իրավունքը, ընդունում է ԼՂՀ Սահմանադրությունը: Տվյալ դեպքում Արցախի ժողովուրդը, որը Հայաստանի անկախության հռչակագրին համապատասխան՝ լինելով Հայաստանի Հանրապետության ժողովրդի մասը, իրականացրել է իր ինքնորոշման իրավունքը՝ անկախ պետականություն ստեղծելու ձեւով, դրանով իսկ ստանալով նոր կարգավիճակ: Դրա հետ մեկտեղ, Արցախի ժողովուրդը, կրելով մշակութային, լեզվական, կրոնական, սովորութային նույն հատկանիշները, շարունակում է մնալ հայ ժողովրդի անբաժանելի մասը եւ, հետեւաբար, Հայաստանի Հանրապետությունը ՀՀ Սահմանադրությանը համապատասխան ստանձնում է որոշակի պատասխանատվություն նրա ճակատագրի նկատմամբ: Արցախի Հանրապետությունը, դառնալով պետական կազմավորում՝ թեկուզ դեռեւս չճանաչված, ձեռք բերելով ինքնիշխանություն, իր նոր կարգավիճակին համապատասխան կարող է եւ պետք է իրականացնի ներքին եւ արտաքին այնպիսի ինքնուրույն քաղաքականություն, որը բխում է ԼՂՀ պետական եւ ազգային շահերից: