Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ միայն ոռոգում

Նոյեմբեր 20,2009 00:00

\"\"«Մասիս, Սիս եւ Նոր Հայաստան» ծրագրի հեղինակները առաջարկում են համատեղել գյուղատնտեսությունն ու
զբոսաշրջությունը եւ ապահովել 5000 աշխատատեղ ու ՀՆԱ-ի տարեկան 100 միլիոն դոլար աճ:

Հոկտեմբերի 10-ին տեղեկացրել ենք, որ ՀՀ տարածքային նախարար Արմեն Գեւորգյանը եւ նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը այցելել են Եղվարդի հարեւանությամբ գտնվող կիսակառույց ջրամբարի տարածք: Ջրամբարի համար նախատեսված էր 1049 հա տարածք, որից շուրջ 700-ը պետք է կազմեր լճի հայելին: Սակայն կիսակառույց ջրամբարը ավարտին հասցնելու համար ֆինանսներ չկան, ու հրապարակ է իջել այլ տարբերակ. քննարկվում է կիսակառույցի տարածքում գյուղատնտեսության համար պիտանի հողատարածքների արդյունավետ օգտագործման հնարավորությունը, մասնավորապես՝ օրգանական գյուղատնտեսության զարգացման համար։ Նաեւ նշել էինք, որ կիսակառույց ջրամբարը ավարտին հասցնելու համար փող չի ճարվում, քանի որ այս տարածքներում սեփական գյուղատնտեսական բիզնեսը ծավալելու ցանկություն ունի ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը: ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը հերքեց մեր լուրը բարձրաստիճան պաշտոնյայի՝ ջրամբարի տարածքով հետաքրքրվածության մասին: Իսկ մենք պարզեցինք, որ այս պահին ջրամբարի վերաբերյալ շատ ավելի հավանական ու գրավիչ ծրագիր կա, որով համադրվում են ոռոգումն ու զբոսաշրջությունը:
Եղվարդի ջրամբարի շինարարությունը սկսվել էր 1983-ին եւ նախատեսվում էր շահագործման հանձնել 2000 թվականին: Խորհրդային կարգերի փլուզումից հետո ծրագիրը մնաց անավարտ: Եղվարդցիների ձեւակերպմամբ՝ չկայացած ջրամբարը «դատապարտվեց» հավերժ ցամաք մնալու:
Դեռ ԽՍՀՄ տարիներին գործին մոտ կանգնած, մասնագիտությամբ շինարար Եղվարդի բնակիչներից մեկը «Առավոտին» փոխանցեց, որ աշխատանքների գրեթե 60%-ն արվել էր. տեղափոխվել ու կառուցվել էր նոր՝ Եղվարդ-Աշտարակ մայրուղին, մասամբ կառուցվել էին ջրամբարի արեւմտյան եւ արեւելյան պատվարները, տարածքը որոշ չափով մաքրել էին հողաշերտերից, անգամ պոմպակայանն ու մինչեւ Սեւ ջուր խողովակաշարն էր կառուցվել, որոնք թալանվեցին՝ շինաշխատանքները դադարեցնելուն պես: «Ափսոս, որ չհասցրին ավարտել կառույցը: Կայսրության տապալվելուն պես, տապալվեց նաեւ այդ հիասքանչ ծրագրի իրագործումը»,- նկատեց մեր զրուցակիցը:
Նա, սակայն, կարծում է, որ այսօրվա աշխարհում եւ զարգացման ներկա պայմաններում, ջրամբարի հետագա կառուցումը՝ սոսկ ոռոգման նպատակների համար, ֆինանսապես գրավիչ լինել չի կարող: Ըստ նրա՝ ջրամբարի ափամերձ տարածքը պետք է վերածվի հանգստյան գոտու, որը շահավետ կլինի ոչ միայն գյուղատնտեսության, այլեւ՝ տուրիզմի եւ զբոսաշրջության զարգացման համար: Այդ տարբերակով ջրամբարը մասամբ կծառայի ոռոգման նպատակին՝ գարնանը կպահեստավորի ձնհալների ու անձրեւաջրերի մինչեւ 90 միլիոն խորանարդ մետր ջուր, որպեսզի իրականացնի աշնանացանը: Այս ծավալի ջուրը կոռոգի 34 000 հեկտար տարածք: Եղվարդի ջրամբարի ջրալցման միակ աղբյուրը Արզնի-Շամիրամ ջրատարն է, որը կարող է ապահովել անհամեմատ մատչելի ոռոգման ջուր՝ համալիրի 25 հեկտար հողատարածքները ոռոգելու համար:
Եթե ջրամբարը գործի, զարգացման նոր թափ կհաղորդի նաեւ ձկնաբուծությանն ու ձկնարդյունաբերությանը, կխթանի ջրային մարզաձեւերի զարգացումը, կմեղմանան նաեւ տեղի բնակլիմայական պայմանները եւ, բացի այդ, «ջրամբարի առկայությամբ տուրիզմի զարգացման համար սոցիալ-տնտեսական ազդեցությունն ավելի մեծ կլինի, քան ջրամբարը սոսկ ոռոգման նպատակով օգտագործելը»,- ասաց զրուցակիցս: Խոսքը «Մասիս, Սիս եւ Նոր Հայաստան» ծրագիր մասին է, որը, ըստ էության, լճափնյա հանգստավայրերի հյուրանոցային համալիր է՝ հանգստի ու զվարճանքի բոլոր ծառայություններով: Գտնվելով Արարատի, Արագածի, Արայի լեռան եւ Հայկական պարի կենտրոնում՝ հանգստավայրը չի կարող չգրավել ոչ միայն աշխարհասփյուռ հայերին, այլեւ՝ օտարներին: ԱՄՆ Զարգացման գործակալության ուսումնասիրության ամփոփագրում գրված է. «Զբոսաշրջիկների 98%-ը խորհուրդ է տալիս այցելել, իսկ 60%-ը նախատեսում է վերադառնալ Հայաստան»:
Ամերիկյան «Էյ Վի Էյ» անշարժ գույքի գնահատման եւ շինարարական ընկերության նախագահ, ծրագրի համահեղինակ Արմեն Վարդանյանն «Առավոտին» ասաց, որ ծրագիրը նվիրված է Ցեղասպանության 100-ամյակին եւ հարկ է իրականացնել մինչեւ 2014 թվականը: «2015 թվականին Հայաստան այցելուների կտրուկ աճ կլինի: Լավ մշակված աշխատանքային ծրագրի եւ դրա իրագործման արդյունքում Հայաստանը ողջ տարվա ընթացքում կարող է գտնվել միջազգային հանրության ուշադրության կենտրոնում եւ գայթակղել մեծ թվով օտարազգի այցելուների, իսկ նրանց կանխատեսվող այցելությունների քանակը մեծապես պայմանավորված է երկրում տարվող նախապատրաստական աշխատանքներով: Այդ աշխատանքներից մեկն էլ համալիրի կառուցումն է»,- ասաց Արմեն Վարդանյանը:
Համալիրի ճարտարապետական կոնցեպտը ներառում է բիբլիական Արարատը՝ արտացոլելով լեռան երկու թեւերը՝ Մասիս եւ Սիս կառույցներով: Իսկ դրանց հարեւանությամբ վեր է խոյանալու 53 հարկանի «Նոր Հայաստան» երկնաքերը, ուր կլինեն 2500 հյուրանոցային համարներ: Նախաձեռնության հեղինակները նկատում են, որ եթե Սեւանում հանգստի սեզոնը լավագույն դեպքում երեք ամիս է, ապա Եղվարդում՝ վեց:
Արմեն Վարդանյանն ասաց, որ ծրագրի վրա աշխատում են բավականին լուրջ մասնագետներ, օրինակ՝ ճարտարապետ Լեւոն Ղալումյանը: Երեք տարի առաջ մեկնարկած ծրագիրն արդեն գնահատման փուլում է: Թեեւ նախնական հաշվարկներով շուրջ 450 միլիոն դոլար է պետք, բայց վերջնահաշվարկն ամերիկացի մասնագետները կանեն, որոնք այդ նպատակով արդեն եղել են Հայաստանում: «Ծրագիրն արժանացել է ՀՀ բազմաթիվ նախարարների, Հայկական զարգացման գործակալության, Ջրային տնտեսության պետական կոմիտեի, Կոտայքի մարզպետի եւ Եղվարդի քաղաքապետի հավանությանը: Առայժմ չի եղել մեկը, որ բացասական կարծիք արտահայտի: Նույնիսկ ներդրողները կան, որոնք սպասում են գնահատման վերջնական արդյունքին»,- ասաց Արմեն Վարդանյանը:
Արմեն Վարդանյանի ասելով, եթե ծրագիրն իրականություն դառնա, բարձր աշխատավարձով 4000-5000 մարդ կապահովվի մշտական աշխատանքով, տարեկան ավելի քան 100 միլիոն դոլարով կավելանա երկրի համախառն ներքին արտադրանքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30