Լրահոս
Օրվա լրահոսը

«2009-ին ձեռքբերումներ չեն եղել»

Դեկտեմբեր 25,2009 00:00

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը երեկ ամփոփել է անցնող 2009 թվականը եւ հայտարարել, թե այդ ժամանակահատվածում Հայաստանը որեւէ ձեռքբերում չի ունեցել: Փոխարենը մեր երկիրը, նրա ասելով, բռնատիրությունից ոչ թե դեպի ազատ հասարակություն, այլ հակառակը՝ գնում է դեպի ավտորիտար համակարգի:
Ինչպես փոխանցում են լրատվական գործակալությունները, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Շահնազարյանն անդրադարձել է ընթացիկ տարում Հայաստանի վարած ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությանը: Խոսելով տնտեսության մասին՝ նա արձանագրել է, որ այն գտնվում է կոլապսային իրավիճակում, որի պատճառը, սակայն, նրա դիտարկմամբ՝ ոչ այնքան միջազգային տնտեսական ճգնաժամն է, որքան մեր երկրի անվտանգության համար սպառնալիք դարձած օլիգարխիկ համակարգը, ինչն ավելի ակներեւ եւ բացահայտ դարձրեց տնտեսական ճգնաժամը: Շահնազարյանի ասելով՝ անցնող տարվա ընթացքում քաղաքական հալածանքները շարունակվել են, եւ իշխանությունը ցույց է տվել իր անմարդկային դեմքը: Որպես դրա թարմ եւ վառ օրինակ՝ բանախոսը մատնանշել է քաղբանտարկյալ, «ՀԺ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի համար 8 տարվա ազատազրկման պահանջը. «Սա ուղղակիորեն ապացուցում է, որ իշխանությունը ռեպրեսիվ միջոցներից բացի՝ հասարակության հետ խոսելու որեւէ այլ մեթոդ չունի: Ես այստեղ նույնիսկ անձնական քինախնդրություն, մանրախնդրություն եմ տեսնում. իշխանությունների պահվածքը քաղաքական որեւէ տրամաբանության չի ենթարկվում»: Նրա համոզմամբ, քանի դեռ Հայաստանում քաղբանտարկյաներ կան՝ իմաստ չունի ազգային կարեւորագույն հարցերում լուրջ ակնկալիքներ ունենալ, «որովհետեւ քաղբանտարկյալներ պահող իշխանությունը ի վիճակի չէ Հայաստանի ազգային կամ ՀՀ քաղաքացիների շահերից բխող» արտաքին քաղաքականություն վարել, որը բացառապես պետք է հենված լինի ներքին քաղաքականության վրա։
Անդրադառնալով արտաքին քաղաքականության ոլորտին՝ Շահնազարյանն էլի մեկ անգամ պնդել է, որ հայ-թուրքական հարաբերություններն ու ԼՂ հակամարտության կարգավորման հարցը եղել ու մնում են մեկ փաթեթում, եւ հիշյալ երկու խնդիրներում էլ Հայաստանն անցնող տարում միայն կորուստներ է ունեցել։ Ավելին, նրա դիտարկմամբ, ՀՀ իշխանությունների այն հայտարարությունները, թե Թուրքիան մինչեւ ապրիլի 24-ը կձգձգի եւ չի վավերացնի արձանագրությունները, ըստ էության, իշխանությունների կողմից ինքնախոստովանություն են առ այն, որ նրանք արձանագրությունների ստորագրմամբ հարցականի տակ են դրել Ցեղասպանության հարցը: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա՝ նրա ասելով, Թուրքիային կարելի է մեղադրել ամեն ինչում, բայց մի հարցում նրանք անկեղծ են եղել եւ բազմիցս ասել են, որ առանց ԼՂ կարգավորման հարցում լուրջ տեղաշարժի սահմանը չի բացվելու։ Նրա համոզմամբ, հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված պատմությունը, բացի ՀՀ իշխանություններից, մյուս բոլոր շահագրգիռ կողմերի համար արդեն ավարտվել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել