Լրահոս
Օրվա լրահոսը

Գնացին մեղսակցային գործարքի

Փետրվար 02,2010 00:00

\"\"Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, ԵԽԽՎ պատվիրակության կազմի փոփոխությունը «վախկոտություն էր, ծայրահեղ մեղսակցային, մարտնչող վախկոտություն»:

«Սա մարտակոչ է Հայաստանի հասարակությանը, Հայաստանի քաղաքացուն եւ ընդդիմադիր ուժերին, որ ամեն մեկը չկարծի, որ ինքն է միակ ներկայացուցիչը: Ոչ «Ժառանգությունը», ոչ ՀԱԿ-ը, ոչ Դաշնակցությունը կամ որեւէ այլ ընդդիմադիր ուժ միակը չէ եւ միակը չի կարող լինել: Հիմա խնդիրն այն է, որ բովանդակային եւ ձեւաչափային առումով հասարակությունը պետք է վերակազմակերպվի եւ հանդիմանի իր ներկայացուցիչներին, կուսակցություններին, պատգամավորներին, որ չտառապեն այլեւս բացառիկության այս ախտով, այս հիվանդությամբ: Եթե այսպես շարունակենք՝ մեզ կզրկեն ձայնից: Կբողոքենք արտաքին աշխարհից, որ Հայաստանի օգտին ի նպաստ՝ այս կամ այն հարցը չլուծվեց, բայց Հայաստանն ինքը նման կուլիսային, միջանցքային մոտեցումներով պարզապես ինքն իրեն կզրկի, մենք մեզ կզրկենք ձայնի իրավունքից, ճշմարտության արտահայտումից»,- ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության կազմի փոփոխությանը վերաբերող հարցերին պատասխանելով՝ երեկ ասաց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, ԱԺ պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ազատություն» ռադիոկայանը ուզեց ճշտել՝ ո՞ր հարցերում է «Ժառանգությունը» Դաշնակցության հետ համակարծիք եւ որոնցում՝ ոչ:
Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ եթե Դաշնակցությունը եւ «Ժառանգությունը» քաղաքական հասուն ուժեր են (ինքը ուզում է մտածել, որ հասուն են), «իրենք այս հարցին (նկատի ունի պատվիրակության կազմի փոփոխության հարցը -Մ. Ե.) պետք է լուծում գտած լինեին, բայց, ցավոք սրտի, Հայաստանի խորհրդարանը իր ղեկավարությամբ եւ նաեւ պատվիրակության անդամներով գնացին մեղսակցային գործարքի, եւ հաղորդակցության ուղիները բաց չպահվեցին: Համագործակցությունը կարելի է, եւ ես միշտ հավատացել եմ, որ սա միայն Դաշնակցություն-«Ժառանգություն» կամ՝ «Ժառանգություն-ՀԱԿ» խնդիր չէ, է՛լ ավելի լայն համագործակցություն պետք է լինի, արժեքային, բովանդակային, եւ, հույս ունեմ, որ մենք կգտնենք այս մայրուղին: Բայց, ներկա դրությամբ, այն, ինչ տեղի ունեցավ՝ վախկոտություն էր, ծայրահեղ մեղսակից եւ մարտնչող վախկոտություն»: Իսկ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Դաշնակցության ապագա դիրքորոշման մասին պարոն Հովհաննիսյանն ասաց. «Ինչ վերաբերում է արձանագրություններին, ես չգիտեմ՝ Դաշնակցության տեսակետը ինչպիսի հոլովույթ կունենա, ինչպիսի էվոլյուցիա: «Ժառանգությունը» դեմ է: Ոչ թե կողմ՝ վերապահումներով, այլ դեմ է, եւ մենք կմնանք դեմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել