Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԻԿԱՄԻ ԴՈՆՈՐԻ ԿԱՐԻՔ ԿԱ

Փետրվար 02,2010 00:00

\"\"Քանի դեռ մեր երկրում օրենքը թույլ չի տալիս դիակից օրգաններ վերցնել, երիկամի փոխպատվաստումը հայերի համար խնդիր է:

21-ամյա Քրիստինե Հայրապետյանի երիկամը Արաբկիր բժշկական կենտրոնում վերջերս փոխպատվաստել են: Նրա պատմելով՝ իմանալով, որ երիկամային անբավարարություն ունի եւ անհրաժեշտ է փոխպատվաստում կատարել, խուճապի մատնվեց եւ «տեղը չէր գտնում»: Քրիստինեի խոսքերով՝ «4 տարեկան տղա ունեմ ու նրա համար էի անհանգստանում: Բայց մայրիկիցս շատ շնորհակալ եմ, որ փրկեց կյանքս՝ դառնալով իմ դոնորը: Այսօր ամեն ինչ հետեւում է»: Մեզ հետ զրույցի ժամանակ նրա կողքին կանգնած մայրն անմիջապես արձագանքեց. «Պետք լինի՝ սիրտս էլ կհանեմ կտամ»: Քրիստինեի մոր համար էլ անակնկալ էր դստեր հիվանդության բացահայտումը եւ, իր խոսքերով՝ շոկ ապրեց այդ մասին իմանալուց հետո. «Երբ բժիշկներն ասացին, որ փոխպատվաստում է պետք, իմ ուղեղին չհասավ, թե ինչի մասին է խոսքը: Աղջիկս 20 տարի առողջ է եղել, նորմալ ամուսնացել է, հղիություն է տարել: Դիմեցինք «Արաբկիր» կենտրոն, բոլոր բժիշկները շատ հոգատար էին մեր հանդեպ: Նրանք բացատրեցին, որ առաջին հերթին մայրը պետք է լինի դոնորը, իսկ անհամապատասխանության դեպքում՝ հարազատները: Ես անմիջապես, առանց վարանելու որոշեցի, որ կլինեմ դոնոր: Անալիզներ եմ հանձնել ու պարզվել է, որ համատեղելի ենք»: Արցունքն աչքերին պատմեց Քրիստինեի մայրը՝ տիկին Անահիտը, ավելացնելով. «Փառք Աստծուն, որ հիմա ամեն ինչ կարգին է, աղջիկս լավ է զգում իրեն: Այն հոգեբանական ապրումներն ու ցավը, որ երեխայիս կյանքը վտանգված է, այն տեսարանները, որ աղջիկս դիալեզ է ընդունում, ավելի ծանր էին ու ցավալի, քան իմ վիրահատությունը»:
Այս պահին «Արաբկիր» բժշկական կենտրոնում 60 հիվանդ դիալեզ է ընդունում: Հնարավոր է նրանցից 40-ը փոխպատվաստվեն: Բայց, ինչպես «Առավոտի» հետ զրույցում ասաց բժիշկ Աշոտ Սարգսյանը, շատերը չունեն այն հարազատները, որոնք պատրաստ են դոնոր լինել. «Կան հարազատներ, որոնք հրաժարվում են, որովհետեւ դա բարդ վիրահատական պրոցես է: Ի վերջո, ոչ ոք պարտավոր չէ դոնոր դառնալ: Դեպք է եղել, որ հորաքույրը հրաժարվում է դոնոր լինել, եւ դա նրա իրավունքն է: Ամեն մեկը չէ, որ պատրաստ է վիրահատվել, երբ ծանոթանում է վիրահատության ընթացքում հնարավոր բարդություններին: Բացի ծնողներից, ամեն մեկը չէ, որ պատրաստակամ է: Պետք է հուզական կապ լինի հիվանդի եւ նրա հարազատի միջեւ, շատ սրտացավ լինի հարազատը, որ կարողանա դոնոր դառնալ: Երիկամների պահանջը շատ ավելին է, քան այսօրվա դրությամբ եղած դոնորները»:
Բժշկի ներկայացմամբ՝ շուտով Ազգային ժողովում նոր օրինագիծ են շրջանառության մեջ դնելու, այսպես ասած՝ դիակային դոնորների մասին օրենքը, որի ընդունումից հետո մեր երկրում երիկամների դոնորների պակաս գուցե չզգացվի: Ըստ մշակվող օրինագծի կետերից մեկի՝ եթե մարդն իր կյանքի ընթացքում ակտիվորեն չի հրաժարվել մահից հետո դոնոր լինելուց, ապա, ուրեմն համաձայն է, որ իր առողջ օրգանները վերցնեն փոխպատվաստման համար: Այսինքն՝ եթե դուք գրավոր ոչ մի տեղ չեք նշել, որ դեմ եք, որ ձեր մահից հետո ձեր սիրտը, թոքը կամ երիկամը վերցնեն, ապա դուք պոտենցիալ դոնոր եք. «Սա աշխարհում ընդունելի տարբերակ է եւ բազմաթիվ մարդկանց կյանքեր կփրկի»:
Ա. Սարգսյանի պատմելով, աշխարհի որոշ երկրներում երիկամային դոնոր դառնալու մեկ այլ տարբերակ էլ կա՝ կոմերցիոն տարբերակը, բայց այսօր Ստամբուլի դեկլարացիայով պայքարում են այդ երեւույթի դեմ: Բժշկի պատմելով՝ դոնոր դառնալու կոմերցիոն տեսակը խրախուսում է, որ աղքատ մարդիկ վաճառեն իրենց երիկամները. «Իսկ աշխարհի մասշտաբով այսօր մեծ պահանջ կա երիկամային դոնորի, եւ որոշ երկրներում աղքատ գյուղերն ընկած՝ դոնոր են փնտրում եւ այդպես աղքատները թիրախ են դառնում հարուստների համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել