Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ «ԲԱՆԻ ՏԵՂ ՉԵՆ ԴՆՈՒՄ»

Փետրվար 10,2010 00:00

\"\"ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի «որոգայթները»

ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը շրջանառության մեջ դրվեց անցյալ տարեվերջից, սակայն քննարկումներն ավելի բուռն դարձան 2010-ի սկզբին: Այդ նախագիծը քննարկելու համար երեկ նախագահության նիստ էր հրավիրել ՀՀ բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը: Նիստին մասնակցում էին հանրապետության մի շարք պետական բուհերի եւ միջին մասնագիտական հաստատությունների արհեստակցական միությունների նախագահները:
Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի (ՀԱՄԿ) իրավաբանական բաժնի վարիչ Միքայել Փիլիպոսյանը ներկայացրեց, թե մասնավորապես ինչ փոփոխություններ են դրվել շրջանառության մեջ: Բուհերի արհեստակցական կազմակերպությունների նախագահները համակարծիք էին, որ նշված փոփոխությունները չեն բխում արհեստակցական միությունների շահերից: Հարցն այնքան է սրվել, որ արդեն կասկածի տակ է դրվում արհմիությունների ապագան: Սակայն կառավարությունը, ՀԱՄԿ-ի «գլխի տակ փափուկ բարձ դնելու» համար հունվարի 19-ին ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստին հրավիրել էր նաեւ ՀԱՄԿ անդամներին: Ինչպես փոխանցեց պարոն Փիլիպոսյանը՝ իրենք բարձրացրել են ՀԱՄԿ առարկություններն ու առաջարկությունները  օրինագծի վերաբերյալ: Սակայն, երբ բուհական արհմիությունների ղեկավարներին հետաքրքրեց, թե ի վերջո նիստի արդյունքում ի՞նչ որոշվեց, ՀԱՄԿ իրավաբանական բաժնի վարիչն այդպես էլ պատասխանել չկարողացավ, քանի որ նույնիսկ ԱԺ հանձնաժողովի արտահերթ նիստի արձանագրությունը կամ որոշումը չի ներկայացվել արհմիություններին: Այնինչ, ըստ արհմիութենականների՝ աշխատանքային հարաբերությունների ծագման, կարգավորման մեխանիզմները ՀՀ Սահմանադրությանը եւ միջազգային իրավական ակտերին համապատասխանեցնելու քողի ներքո՝ ՀՀ կառավարությունը ցանկություն ունի ընդունել մի օրենքի նախագիծ, որը, անզեն աչքով էլ է երեւում, որ չի բխում աշխատավոր հատվածի շահերից, քանի որ կառավարությունը նոր նախագծով առաջարկում է գործատուի եւ աշխատողի միջեւ կնքել բանավոր եւ գրավոր աշխատանքային պայմանագրեր. բանավորը նպատակ ունի նվազեցնել աշխատանքի ընդունվելու ժամանակ տարվող փաստաթղթային ձեւակերպումները…
Եթե հաշվի առնենք, որ ներկայումս դատական վարույթում են գտնվում բազում գործեր, որտեղ հայցվոր կողմը դպրոցի ուսուցիչներն են, որոնք վիճարկում են իրենց հետ աշխատանքային պայմանագրի կնքման եւ լուծման օրինականությունը, այն պարագայում, երբ ներկայիս Աշխատանքային օրենսգրքում գրավոր պայմանագրի կնքումը պարտադիր պայման է, ապա կարելի է ենթադրել, թե նման դատական գործերի թիվը որքան կավելանա, եթե կնքվի բանավոր պայմանագիր: Սակայն սա խնդրի միայն մի կետն է: Արհեստակցական միությունների համար իսկական որոգայթ է Աշխատանքային օրեսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասի հետեւյալ խմբագրումը. «Աշխատողների իրավունքներն ու շահերը ներկայացնելու եւ աշխատանքային հարաբերություններում դրանք պաշտպանելու իրավունք ունեն աշխատողների ներկայացուցիչները՝ արհեստակցական միությունների կամ աշխատողների ժողովի (համաժողովի) կողմից ընտրված մարմինը: Աշխատողների ժողովի կողմից ընտրված, աշխատողների իրավունքներն ու շահերը ներկայացնող եւ աշխատանքային հարաբերություններում դրանք պաշտպանող մարմինն ունի արհեստակցական միությանը հավասար իրավունքներ՝ բացառությամբ գործադուլ անելու իրավունքից»: Այս դրույթը արհմիությունների նախագահներից շատերին տեղիք է տալիս մտածելու, որ կառավարությունը քիչ-քիչ ցանկանում է ազատվել արհմիությունների համակարգից: ԵՊՀ արհմիության նախագահ Արմեն Ավետիսյանն այս կապակցությամբ ասաց. «Ախր, ինչո՞ւ պիտի լինի այդ մարմինը, որ մենք էլ քննարկենք, թե հավասար իրավունքներ չպիտի ունենա արհմիության հետ: Չէ՞ որ դրանից հետո վաղն էլ կարող են աշխատավորների ներկայացուցիչների մասին ՀՀ օրենք մշակել: Երբ գորտին գցում են եռացրած ջրի մեջ, միանգամից սատկում է: Բայց երբ դնում են սառը ջրի մեջ, տակից կամաց-կամաց տաքացնում, նա չի էլ հասկանում, թե ոնց է սատկում: Մենք մոտավորապես այս իրավիճակում ենք հայտնվում»: Իսկ ՀՀ բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանը նշեց. «Ցանկացած օրենք, որ դրվում է շրջանառության մեջ, պիտի բխի հանրության, տվյալ դեպքում՝ աշխատավորների շահերից: Այնինչ, նշված օրինագծում կառավարությունը շահագրգիռ մոտեցում ունի՝ որքան հնարավոր է աշխատավոր մարդու սոցիալական շահերը դնել ավելի անպաշտպան վիճակում: Այնքան էլ հույս չունեմ, որ ԱԺ-ն կառավարության այդ դիրքորոշման նկատմամբ մերժողական տեսակետ կարտահայտի, քանի որ պատգամավորների գերակշռող մասը պաշտպանում է գործատուի շահերը՝ նրանց մեծամասնությունը գործատուներ են: Աշխատավոր մարդու շահերի պաշտպանության առումով կառավարությունը կանգնել է գործատուի կողքին եւ ուզում է ԱԺ-ում մի օրենքի նախագիծ անցկացնել, որը աշխատավոր մարդուն կստիպի աշխատանքը թողած՝ փնտրել իր վիճակը պաշտպանելու ճանապարհներ»:
Արմեն Ավետիսյանը առաջարկեց ՀԱՄԿ ղեկավարությանը՝ նշված առաջարկությունները ներկայացնել Հանրային խորհրդի քննարկմանը: Մյուս բուհերի արհմիությունների նախագահներն էլ առաջարկեցին հրավիրել ՀԱՄԿ համագումար՝ նշված հարցերը քննելու եւ առաջարկություններ անելու համար: Հետաքրքիր է՝ բուհական եւ էլի մի քանի շահագրգիռ ճյուղային կառույցներից բացի, ուրիշ ո՞ր կազմակերպությունները կկարողանան մինչեւ վերջ պաշտպանել իրենց իրավունքները, հաշվի առնելով նրանց պասիվությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728