Լրահոս
Օրվա լրահոսը

Վիոլետը, ամերիկյան «գրիլն» ու Այովան

Փետրվար 25,2010 00:00

\"\"Հայ բանաստեղծուհին՝ ամերիկյան քաղաքի ու այովացիների մասին տպավորություններով

Անցյալ տարվա սեպտեմբերի 10-ից նոյեմբերի 10-ը բանաստեղծուհի Վիոլետ Գրիգորյանը մասնակցել է 40 տարվա պատմություն ունեցող Այովայի համալսարանի միջազգային գրական մի ծրագրի: Ի դեպ, վերջինի շնորհիվ Այովան ստացել է «գրականության քաղաք» կոչումը: Այս տարի ծրագրին մասնակցել է 36 գրող՝ շուրջ 30 երկրից: Երեկ «Հայելի» ակումբում լրագրողներին Այովայի մասին իր տպավորությունները պատմեց բանաստեղծուհին: Նա ասաց, որ ծրագրին մասնակցող առաջին հայն է եղել, թեպետ աշխատակիցներից մեկը նրան փոխանցել է, որ տարիներ առաջ Հայաստանից մի գրող եւս մասնակցել է. «Նա դժվարությամբ արտասանեց Պերճ անունը, ինչպես հասկացա՝ խոսքը Պերճ Զեյթունցյանի մասին էր, նայեցի ցուցակը, բայց չտեսա, հավանաբար որպես հյուր էր այցելել»: Վիոլետ Գրիգորյանը պատմեց, որ մեկ ամսվա ընթացքում հնարավոր ամեն արկածի հանդիպել է. օրինակ, Այովայի հյուրանոցում հրդեհ է բռնկվել, ստիպված են եղել ուրիշ հյուրանոց տեղափոխվել: Ծրագրի մասին էլ բանաստեղծուհին ասաց, որ մասնակից գրողները պետք է իրենց գործերից կարդային եւ դասախոսություն ունենային Այովայի համալսարանի գրականության ֆակուլտետում:
«Ծրագիրն ուներ նաեւ մշակութային փոխճանաչողության մաս, գրողները ծանոթանում էին բուն ամերիկյան կյանքին: Հնարավորություն ունեինք դասախոսությունների, հարցազրույցների, կինոցուցադրությունների, բանաստեղծությունները նաեւ բեմադրվում, արտասանվում էին»,- ասաց Վ. Գրիգորյանը ու հավելեց, որ ինքն ունեցել է ե՛ւ ընթերցանություն, ե՛ւ դասախոսություն, մասնակցել է «կլոր սեղանի», որը եղել է քաղաքական թեմայով, քանի որ այդ օրերին հայ-թուրքական արձանագրություններ էին ստորագրվում: «Ամերիկացիները մոտենում, շնորհավորում էին, որ արձանագրություններ են ստորագրվել, պատմեցի, թե Հայաստանում ինչու արձանագրությունները միանշանակ չեն ընկալվում: Անգլիական գրականության դասախոս Փիթեր Նազարեթը իմ ելույթից հետո հաջորդ երեկոյան ինձ մոտեցավ ու ասաց. «Երբեմն, երբ շատ բան եք ուզում, դուռը փակ եք պահում, բայց հետո երբ դուռը բացում ես, հնարավոր է լինում, որ կամաց-կամաց շատ բաներ էլ ստանաս»,- նշեց բանաստեղծուհին:
«Հենց մեր «կլոր-սեղանների» կողքին մի խանութ կար, որտեղ «գրիլ» հավն ավելի էժան էր, քան Հայաստանում: Առաջին անգամ աչքածակությունից 2 հատ առա, որ քիչ փող ծախսեմ, բայց չկարողացա ուտել, մի խոսքով, կեսը թափեցի, ծախսը նստեց այնպես, ինչպես Հայաստանում: Երբ այդ մասին ասացի, «գրիլ» հավի վաճառքն ավելացավ քաղաքում, իմանում էին ու այդ խանութից գնում»,- պատմեց բանախոսը: Նա, անդրադառնալով Այովայի ռեստորաններին, որտեղ իրեն հրավիրել էին ընթերցելու, ասաց. «Ռեստորաններում հիմնականում ջահելություն էր ու աղմուկ: Հրավիրողին հարցրի՝ այստե՞ղ պետք է ընթերցեմ: Բայց հենց սկսեցի ընթերցել, քար լռություն էր, մարդիկ ժամերով կարող էին լսել, իրենց հետաքրքրում էր»: Բանաստեղծուհուն զարմացրել էր Այովայի բնակչությունը. «Բարություն, կրոնականություն, որը Հայաստանում չեմ տեսնում: Չեմ պատկերացնում, որ այդ քաղաքում հանցագործություն լինի: Մինչեւ գնալս Այովայի մասին ինձ ներկայացրել էին՝ եգիպտացորենի արտեր եւ համալսարաններ: Իսկապես այդպես էր, բոլորն ահավոր սիրուն էին՝ շիկահեր, կապուտաչյա, բարեկազմ, որովհետեւ միայն սովորում էին ու մարմնամարզությամբ զբաղվում, իսկ գրողների համար դրախտ էր: Մեզ տարան Սան-Ֆրանցիսկո եւ Չիկագո, պտույտներ Միսիսիպիի ափին, հին հնդկացիական դամբարաններով, թանգարաններով, ամիշների գյուղի ֆեստիվալին՝ նրանք հրաժարվում են ժամանակակից կյանքի ձեռքբերումներից, էլեկտրականությունից, ամեն ինչ վարում, ցանում, ուտում էին իրենց փակ համայնքով…»: Բանաստեղծուհին շեշտեց, թե ծրագրի մասնակից գրողների հետ այնքան է մտերմացել, որ Հայաստանում անընդհատ հիշում է նրանց ու հիմա հասկանում, որ իր երկրում այնքան ընկերներ չունի, ինչքան Այովայում:
ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի փոխտնօրեն՝ այովացի Սյուզան Բրայդենսթայնն էլ ասաց, որ այս տարի եւս պատրաստվում են նույն ծրագրով հայ թեկնածուներ առաջադրել: Նշենք, որ թեկնածու լինելու համար պահանջվում է ընդամենը մեկ գրքի հեղինակ լինել, ունենալ անգլերեն թարգմանված գործեր եւ տիրապետել անգլերենին այնքան, որ շփվես: Ծրագրով հետաքրքրվողները կարող են մանրամասներին տեղեկանալ ԱՄՆ դեսպանության կայքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել