Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱ ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼ Է

Ապրիլ 08,2010 00:00

Մրցաշրջան-2010-ի առաջին հեռացումները

Ապրիլի 6-ին եւ 7-ին կայացան Հայաստանի գավաթի խաղարկության մեկնարկային՝ 1/4 եզրափակիչ պատասխան հանդիպումները:
Անակնկալներ հերթական անգամ չգրանցվեցին, ու ֆավորիտները առանց մեծ դժվարությունների հայտնվեցին ուժեղագույն քառյակում: Մրցաշրջանից առաջ, սակայն, ֆուտբոլային մասնագետները խոսում էին հինգ ուժեղ թիմերի մասին, որոնք իբրեւ թե պիտի կամ կարող էին պայքարել չեմպիոնության համար: Այդ հնգյակում, ըստ մասնագետների, տեղ էր զբաղեցնում նաեւ բարձրագույն խմբի նորեկ Դիլիջանի «Իմպուլսը», որը, փաստորեն, տապալեց ոչ միայն առաջնության մեկնարկը, այլեւ՝ գավաթի խաղարկությունում կատարյալ ֆիասկոյի ենթարկվեց: Դիլիջանցիները «Փյունիկի» հետ երկու հանդիպումներում բաց թողեցին 2 գնդակ՝ այդպես էլ չգտնելով մրցակցի դարպասի բանալին: «Իմպուլսը» մրցաշրջանի մեկնարկից առաջ պայմանագիր էր կնքել միանգամից 15 ֆուտբոլիստների հետ՝ ստեղծելով միանգամային նոր թիմ, եւ նպատակ դրել՝ նվաճել գավաթն ու առաջնությունում պայքարել մրցանակային տեղերի համար: Եվ եթե երկրորդի պարագայում տեսականորեն դեռ շանսեր կան, ապա դիլիջանցիներն իրենց գավաթային նկրտումները ստիպված են մեկ տարով հետաձգել: Գուցե հենց այս բարձր, իրականությանն անհամարժեք ամբիցիաներն էին, որ առաջնության երկրորդ տուրի «Բանանց»-«Իմպուլս» խաղից հետո մամուլի ասուլիսին թիմի մարզիչ Ստեփան Բաղդասարյանը հայտարարեց, թե մի շարք ֆուտբոլիստներ կպատժվեն: Այն ժամանակ Բաղդասարյանը չմանրամասնեց՝ նշելով միայն, որ Վարուժան Սուքիասյանը եւ ակումբի նախագահը կհանդիպեն ու կորոշեն, թե ինչ միջոցներ են ձեռնարկվելու։ Իսկ որ պատժամիջոցներ կիրառվելու էին, դա միանշանակ էր: Եվ արդեն գավաթային պատասխան հանդիպումից առաջ պարզ դարձավ, որ «Իմպուլսը» հրաժարվել է միանգամից 3 փորձառու ֆուտբոլիստների ծառայությունից: Խոսքը վերաբերում է կիսապաշտպան Ռոմեո Ջենեբյանին եւ հարձակվողներ Արամ Հակոբյանին ու Արման Մինասյանին, ով, ի դեպ, մեկնարկային տուրերում կրում էր թիմի ավագի թեւկապը: Վերջինս առաջնության մեկնարկային խաղում չէր իրացրել 11 մետրանոց հարվածը: Թերեւս դա է վճռորոշ եղել դիլիջանցիների ղեկավարության համար՝ նման կտրուկ քայլեր ձեռնարկելու որոշումն ընդունելիս: 2005-ի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Արամ Հակոբյանն էլ մրցաշրջան-2010-ում խաղադաշտում անցկացրել է ընդամենը 21 րոպե՝ գավաթային խաղում ստանալով ծնկի վնասվածք: Հակոբյանի վերականգնման համար անհրաժեշտ էր շուրջ 2 շաբաթ ժամանակ՝ ճիշտ այնքան, որքան անցավ վնասվածք ստանալու եւ թիմից նրան հեռացնելու միջեւ: Ակումբում այս հեռացումները բացատրում են նրանով, որ փորձառու ֆուտբոլիստները, պարզապես, «քայլում էին» խաղադաշտում: «Եթե իրենք չեն մտածում իրենց պատվի մասին, մենք ինչո՞ւ պիտի մտածենք»,- հռետորական հարցադրում էր արել Ստեփան Բաղդասարյանը՝ դեռ ապրիլի 3-ին: Հակոբյանի պարագայում, սակայն, անգամ այդ պատճառաբանումը թերի է: Իսկ եթե Հակոբյանից «Իմպուլսը» հրաժարվել է միայն այն պատճառով, որ խաղացողը հաճախակի է վնասվածքներ ստանում, ինչպես հաղորդում է մարզական կայքէջերից մեկը, ապա դա նույնպես մանկական բացատրություն է։ Ի վերջո, այս կամ այն ֆուտբոլիստի՝ վնասվածքներ ստանալու հակումը պարզ է դառնում ոչ թե մրցաշրջանի մեկնարկից 10 օր անց, այլ՝ շատ ավելի վաղ, մանավանդ որ, տվյալ ֆուտբոլիստը որեւէ արտասահմանյան ակումբից չի ժամանել, այլ տարիներ շարունակ հանդես է եկել Հայաստանի առաջնությունում ու տեղի ֆուտբոլային մասնագետներին հայտնի է իր բոլոր առավելություններով ու թերություններով: Ցավոք, այս պրակտիկան հայկական ֆուտբոլում նորություն չէ. Հայաստանում մարզիչներ ու ֆուտբոլիստներ են հեռացվում՝ երբ պատահի ու ոնց պատահի, հաճախ այդպիսով ջուրը գցելով ու արժեզրկելով նախապատրաստական շրջանում կատարած ողջ աշխատանքը: Մինչդեռ, լուրջ թիմերն ու ակումբները բոլոր հաշվարկները նախօրոք են կատարում ու հազվադեպ են սխալվում: Մեզ մոտ էլ են հաշվարկում, բայց… հազվադեպ են ճիշտ դուրս գալիս: «Իմպուլսի» այս հեռացումները միայն «առաջին ծիծեռնակներն» են… Սա հայկական ֆուտբոլ է…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930