Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴԱ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈ՛ՒՆ Է»

Ապրիլ 28,2010 00:00

\"\"Ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանն այսպես է որակում ասպիրանտական եւ մագիստրոսական տեղերի կրճատումը

Առկա ուսուցմամբ ասպիրանտական եւ մագիստրոսական տեղերի կրճատումը զայրացրել է ոչ միայն ուսանողներին ու դասախոսներին, այլեւ որոշ ակադեմիկոսների: ՀՀ ԳԱԱ տարբեր բաժանմունքների նիստերի եւ տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ այս խնդրի վերաբերյալ սուր ելույթներ են հնչել: Օրինակ՝ «Ֆիզիկա եւ աստղաֆիզիկա» բաժանմունքի նիստի ընթացքում ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ԵՊՀ Վ. Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի ամբիոնի դոկտոր, պրոֆեսոր, 1986-1993-ը ԳԱԱ փոխնախագահ Դավիթ Սեդրակյանը ասպիրանտական եւ մագիստրոսական տեղերի կրճատումը համարել է հանցագործություն հայ ժողովրդի հանդեպ: Խնդիրը տեղափոխվել է նաեւ վիրտուալ աշխարհ՝ բլոգներ: Այս յուրօրինակ օրագրերում լուրջ քննարկումներ են գնում, որոնց ակտիվ պատասխանում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի բլոգը:

«Առավոտի» հետ զրույցում պարոն Սեդրակյանը չժխտեց, որ վիճաբանություն է ունեցել Տ. Սարգսյանի հետ, սակայն՝ կոռեկտության սահմաններում, ինչն ավարտվել է ձեռքսեղմումով: Մեր զրուցակիցը, խոսելով ՀՀ կրթահամակարգի, այսպես կոչված, բարեփոխումներից, նեղսրտեց. «Դժբախտաբար հիմա ամեն ինչ սիստեմավորում են: Լավ չէ, որ ամեն ինչին պիտի հետեւի ԿԳ նախարարությունը: Այնինչ՝ պիտի օրենքներ լինեն, եւ մարդ դրանք չխախտի: Կրթական համակարգում պիտի շատ թույլ փոփոխություններ անել, այնպիսիք, որոնք կյանքն է թելադրում: Կրթությունը ընտանիքի նման է, չի կարելի ամեն ինչ խառնել իրար: Մտել ենք Բոլոնիայի գործընթացի մեջ եւ այլն, եւ այլն: Այն օրը կարդացի, որ մենք այդ հռչակագիրը ստորագրել ենք 47 երկրի պետական բուհերի հետ, այնինչ՝ դրանք աղքատների համար բուհեր են, չէ՞ որ արտասահմանում իսկական լավ համալսարանները պետականները չեն, այլ՝ մասնավորները: Ուստի մենք ի՞նչ գործ ունենք այդտեղ»:

Այնուհետեւ գիտնականն անդրադարձավ ասպիրանտական տեղերի կրճատման խնդրին. «Բանակի պատճառով մենք պարանից կախված ենք մնում: Օրինակ՝ ֆիզֆակում սովորում է 60 ուսանող, մագիստրատուրայի 30 տեղ են տալիս, այսինքն՝ հենց սկզբից նախարարությունը որոշում է՝ քանի մարդ պիտի շարունակի կրթությունը, քանիսը՝ ոչ: Եթե այդ մարդը պիտի գիտնական դառնա, ապա նա ընդմիջում չպիտի տա, եթե տվեց՝ վերջ»: Հակադարձեցինք պաշտոնյաների այն հիմնավորմամբ, թե գիտությամբ զբաղվել ցանկացողը բանակից վերադառնալուց հետո էլ դա կանի: Ակադեմիկոսը վրդովվեց. «Սո՛ւտ են ասում, երկու տարում կարող է այնպիսի բան բաց թողնես, որի հետեւից չկարողանաս հասնել: Պրակտիկան ցույց է տալիս, որ հատուկենտ մարդիկ են բանակից հետո գալիս, շարունակում, այն էլ ընդամենը մագիստրատուրա են ավարտում, ոչ թե գիտությամբ են զբաղվում»: Զրուցակիցս շարունակեց. «Խայտառակությունն այն է, որ թիվը վերեւից է գալիս եւ անընդհատ կրճատվում, ոչ թե որոշվում այդ տարվա լավ ուսանողների թվով: Օրինակ՝ անցյալ տարի մեր ֆակուլտետին 15 ասպիրանտական տեղ են տվել, դա իրոք մեր թիվն է: Այս տարի՝ ընդամենը 7-ը: Այսպիսով, մենք լավագույններին կկորցնենք: Որոշ մարդիկ սա բանակի հետ են կապում: Իմ կարծիքով՝ բանակը չի տուժի, եթե, օրինակ, մեր 30-ը կամ 15-ը սովորեն: Միեւնույն է՝ բանակ տանում են մինչեւ 27 տարեկաններին, իսկ ասպիրանտուրան ավարտելուց հետո երիտասարդը դառնում է 26, ուստի կարող են նրան տանել բանակ: Ուրեմն, դա ձեւական բան է, չգիտես ինչու, իրենց երիտասարդ է պետք»: Ակադեմիկոսը փոխարենը առաջարկում է. «Լուծման հեշտ ձեւը խորհրդայինն է, երբ ինստիտուտներում կային զինվորական ամբիոններ: Իսկ 1990-ականներին այդ ամբիոնները փակվեցին, բայց երբեք էլ ուշ չէ նորից սկսելը: Այն, ինչ հիմա անում են՝ հանցագործություն է: Իրենց սպա է պետք, թող պատրաստեն համալսարանում, ի՞նչ է պատահել»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել