Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԹԵ ՈՐԵՎԷ ԲԱՆ ՊԱՏԱՀԻ

Մայիս 07,2010 00:00

\"\"«Ոստիկանության համակարգում խոշտանգումները, որպես օրինաչափություն, կան, շարունակվում են»,-ասում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

«Հրապարակավ հայտարարում եմ, որ եթե Դավիթ Գյուլումյանի, նրա հարազատների հետ որեւիցե դեպք պատահի, հանկարծ մարդը որոշի ինքն իրեն վնասել, հանկարծ մարդիկ հրաժարվեն ցուցմունքներ տալ, ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է նախաքննությունն իրականացնող մարմնի վրա, որը չի ապահովել այդ մարդկանց անվտանգությունը»։ Երեկ «Ուրբաթ» ակումբում հրավիրված ասուլիսում այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ Հելսինկյան քաղաքացիական նախաձեռնության Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։ Խոսքը ոստիկանության Չարենցավանի բաժնում քաղաքացի Վահան Խալաֆյանի հետ միասին նույն գործով կալանավորված երիտասարդի մասին է։ Նախօրեին գործը քննող Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ «Քննիչը 04.05.10թ. կրկին առաջարկել է Դ. Գյուլումյանին տալ ցուցմունքներ՝ 13.04.10թ. ոստիկանության Չարենցավանի բաժնում պահվելու եւ հնարավոր կիրառված բռնությունների հանգամանքների վերաբերյալ, սակայն վերջինս կրկին հրաժարվել է ցուցմունքներ տալ»: Նույն աղբյուրի տեղեկացմամբ, հիշյալ գողության գործով ոստիկանության բաժին բերման ենթարկված, հետագայում ազատ արձակված Նորայր Չիլյանը եւ Արայիկ Առաքելյանը համապատասխանաբար ապրիլի 16-ին եւ 18-ին մեկնել են Հայաստանից: Ա. Սաքունցը հանդիպել էր երկուսի հետ էլ. Նորայրը այնպիսի վիճակում էր, որ չէր կարող 2-3 օրվա ընթացքում ազատ տեղաշարժվել, իսկ Արայիկի՝ Հայաստանից հեռանալու մասին խոսք չի եղել։ Նրանց նկատմամբ քրեական հետապնդում, ուստի եւ պատասխանատվությունից խուսափելու խնդիր չկա, ուրեմն, ըստ իրավապաշտպանի եզրակացության, «նրանք պարզապես շատ կարեւոր վկաներ էին եւ նրանց ուղղակի հեռացրել են»։

Արթուր Սաքունցը պահանջում է, որպեսզի գործով անցկացվի անաչառ եւ համակողմանի քննություն։ Մասնավորապես, գործով միակողմանի քննություն տանելու մասին է վկայում թեկուզ այն փաստը, որ պաշտոնատար անձինք, այդ թվում՝ գլխավոր դատախազը եւ ոստիկանապետը, միանշանակ պնդում են ինքնասպանության հասցնելու վարկածը։ Իրավապաշտպանը վստահ է, որ դանակի երկու հարվածով ինքնասպանություն չի լինում, քանի որ քրեագետներն էլ են պնդում, որ ինքնասպանության փորձ անողը մեկ հարվածից հետո դուրս է գալիս աֆեկտից։ Ա. Սաքունցը հերքում է նաեւ Վահան Խալաֆյանի անհավասարակշռված անձ լինելու մասին նախաքննական մարմնի պնդումը. Վահանի ծնողներն ասել են, որ նման կեղծ փաստաթուղթ ձեռք են բերել պարզապես զինծառայությունից ազատվելու համար։

Ա. Սաքունցը տարակուսանք հայտնեց նաեւ, որ մինչեւ այժմ ոստիկանության Չարենցավանի բաժնի 2-րդ օպերլիազորը՝ Գարիկ անունով, ազատության եւ ծառայության մեջ է։ Ըստ նրա, նման պարագայում նրա գործունեությունը անհապաղ պետք է կասեցվեր։ Բաժնի պետի տեղակալ Տոնոյանը նույնպես շարունակում է իր գործունեությունը։ Իրավապաշտպանը լուրջ հիմքեր ունի ենթադրելու, որ «Տոնոյանի կողմից փորձ կարվի միջնորդավորված ճնշում գործադրել Դավիթի (Գյուլումյանի) վրա, եւ դա պետք է կանխարգելվի»։ Բոլոր հիմքերը կան մտահոգվելու, որ կօգտագործվեն լծակները՝ ազդելու կալանքի տակ գտնվող մարդկանց, նրանց հարազատների վրա, եւ դրա հետեւանքով հիշյալ անձինք կարող են ընդհանրապես հրաժարվել պնդել, որ իրենց նկատմամբ բռնություն է կատարվել։ Կալանավորվածներից մեկը, օրինակ, իրապաշտպանին ասել է. «եթե կապտուկներ չկան, ես ոնց պնդեմ, որ ծեծել են», այսինքն՝ «մի-երկու հատ ապտակը հասարակական գիտակցության մեջ նորմալ է ընկալվում»,- պարզաբանեց իրավապաշտպանը։

Միակողմանի քննության մասին է վկայում նաեւ այն փաստը, որ նախաքննական մարմինը չի փորձել պարզել, թե ինչու համար են բերման ենթարկված, ապա ազատ արձակված հիշյալ անձինք 10 եւ 15 ժամ պահվել ոստիկանությունում։ Առհասարակ մինչեւ հանրությունը հիմնավորված փաստարկներ չի բերում այս կամ այն հանգամանքի վերաբերյալ, քննությունը դրանցով չի զբաղվում, գտնում է Ա. Սաքունցը։

Վերջինս պատրաստ է Չարենցավանի դեպքը եզակի փաստ համարող ոստիկանապետին ներկայացնել բռնությունների, խոշտանգումների, մարդկային արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի մասին դեպքերի մի ամբողջ փաթեթ։ Իրավապաշտպանն ընդգծեց նաեւ, որ ոստիկանությունում անցկացված բազմաթիվ ծառայողական քննության գործեր կան, երբ ծառայողական քննության արդյունքում նկատողության ենթակա արարքը համապատասխան գնահատականի չի արժանանում, քանի որ «առաջին անգամ է եղել»։ «Ծառայողական քննության արդյունքներին ոստիկանապետը առնվազն պետք է տեղյակ լինի եւ ըստ դրա իր կադրային նշանակումները կատարի»,- եզրակացրեց Ա. Սաքունցը։ Դեպքեր կան նաեւ, որ համակարգից հեռացված անձը կամաց-կամաց վերականգնվում է համակարգում, այսպես, ըստ Ա. Սաքունցի, Վանաձորում թրաֆիքինգի գործով ոստիկանության համակարգից հեռացված անձը «Հայաստանի հյուսիսից գալիս է, շուտով կվերականգնվի իր աշխատանքում»։

Հարազատները հերքում են

Երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տարածել է հաղորդագրություն, համաձայն որի՝ ապահովելով քննության բազմակողմանիությունն ու լրիվությունը, նախաքննական մարմինը ճշտել է Ն. Չիլյանի եւ Ա. Առաքելյանի՝ Հայաստանից հեռանալու կոնկրետ ժամկետները եւ ուղղությունը, հարցաքննել նրանց հարազատներին: Հիշեցնենք, որ նշյալ անձինք տարվել են ոստիկանության Չարենցավանի բաժին՝ Վահան Խալաֆյանի հետ, կասկածվելով գողության մեջ: Մայիսի 5-ին հարցաքննվել են ոստիկանության բաժին կանչված Ն. Չիլյանի եւ Ա. Առաքելյանի հարազատները, որոնք հերքել են Ա. Սաքունցի հայտարարությունները՝ դրանք որակելով բացահայտ սուտ: Վերջիններիս հարազատները հերքում են Սաքունցի այն տեղեկությունները, ըստ որոնց՝ ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկված Նորայր Չիլյանին եւ Արայիկ Առաքելյանին Հայաստանից հեռանալու առաջարկ են արել ոստիկանները, վերադարձնելով նրանց անձնագրերը: Այդպիսով, ըստ պաշտոնական հաղորդագրության, իրականության չեն համապատասխանում այն հրապարակումները, ըստ որոնց՝ փորձել են հեռացնել կարեւոր վկաներին, որոնցից Չիլյանին Ա. Սաքունցը «հայտնաբերել է ծեծված, ծնոտը կոտրված, անկողնային վիճակում, ապրիլի 14-ին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել