«Թմրամոլների թիվը Հայաստանում տարեցտարի մեծանում է, պաշտոնական տվյալներով՝ հայ թմրամոլները հասնում են 1750-ի, որոնցից 12-ը կանայք են: Ոչ պաշտոնական տվյալներով մեր երկրում կա 7000 թմրամոլ: Ամեն 4 թմրամոլից միայն մեկն է դիմում բուժօգնության, իսկ դրա համար առաջնային քայլը հենց բուժման անհրաժեշտությունն ու կարեւորությունը գիտակցելն է»,- երեկ հրավիրած ասուլիսում թմրամոլների շատացման հետ կապված իր մտահոգությունները հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Նրա ներկայացրած տվյալները նախորդ տարվա ցուցանիշներն են: Այս տարվա կտրվածքով սոցիոլոգը միայն ասաց, որ թմրամոլների թիվը կրկնապատկվել է:
Իսկ ինչ վերաբերում է արտասահմանում բնակվող հայ թմրամոլներին, սոցիոլոգի տվյալներով, Ռուսաստանում նրանց թիվը հասնում է 45 հազարի. «Պատկերացրեք, եթե նրանք որոշեն Հայաստան վերադառնալ»: Պարոն Ադիբեկյանի տեղեկացմամբ, Հայաստանում սոցիալական տարբեր խմբեր թմրամիջոցների տարբեր նախընտրություններ ունեն. «Մեծ տարածում ունի մարիխուանան, իսկ մեծահարուստների շրջանում տարածված է կոկաինն ու օփիումը»: Սոցիալապես անապահով խմբի շրջանում էլ նախընտրությունները սահմանափակվում են էժան դեղահաբերով. «Կոակսիլի մեկ հատն արժե 250 դրամ, մի պաղպաղակի գին է, թմրամիջոցի այս էժան տեսակից օգտվելու համար անհատին ամսական 15 հազար դրամ եկամուտ է անհրաժեշտ»:
Պարոն Ադիբեկյանը նկատեց, որ թմրամոլների թվով աչքի են ընկնում հատկապես մուսուլմանական երկրները. «Նրանց մոտ խմիչքն արգելված է, մինչդեռ թմրամիջոցներին նայում են ավելի լիբերալ, քան քրիստոնյաները, Մուհամեդը արգելում է խմիչք օգտագործել, իսկ թմրադեղերի մասին ոչինչ չի իմացել ու չի ասել, եթե ասեր՝ թերեւս մուսուլմաններն ազատվեին կախվածությունից»: Ըստ Ադիբեկյանի, թմրամիջոցները Հայաստան են հասնում հիմնականում Ադրբեջանից ու Միջին Ասիայից: Միավորված ազգերի կազմակերպության պաշտոնական տվյալների համաձայն, ամբողջ աշխարհում մոտ $400 մլրդ է շրջանառվում թմրամիջոցների բիզնեսում: Աշխարհում մարիխուանա է նախընտրում 142 միլիոն մարդ, սինթետիկ դեղամիջոցներ՝ 30 միլիոնը, իսկ օփիում ու կոկաին օգտագործում են 13 միլիոն, հերոին՝ 8 միլիոն մարդ: