Լրահոս
Օրվա լրահոսը

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄ, ՍԱԿԱՅՆ Ի՞ՆՉ ԳՆՈՎ

Հուլիս 27,2010 00:00

Ինչ հետեւանքների կարող է հանգեցնել Իսրայել-Թուրքիա հարաբերությունների վատթարացումը

\"\"«Մավի Մարմարա» նավի հետ տեղի ունեցած միջադեպից, ինչպես նաեւ այն բանից հետո, երբ Թուրքիան ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում դեմ քվեարկեց Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձեւին, Իսրայելի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքական վերնախավերն ակտիվորեն ծանրութեթեւ են անում Թուրքիային պատժելու տարբերակները: Հատուկ ցինիկ պետք չէր լինել՝ կանխատեսելու համար, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը, որին երկու երկրները մեծ եռանդով դիմադրել են տասնամյակներ շարունակ, արագ երեւան կգա նրանց տարբերակների ցուցակում: Իսրայելի Կնեսեթում արդեն քննարկում է տեղի ունեցել այդ հարցն օրենսդրական օրակարգում ընդգրկելու հնարավորության մասին, եւ որոշ ամերիկյան օրենսդիրներ, այդ թվում մարդիկ, ովքեր անցյալում դիմադրել են ցեղասպանության ճանաչման գաղափարին, հայտարարություններ են արել այժմ նման օրենք ընդունելու անհրաժեշտության մասին: Բազմաթիվ հայեր եւ առնվազն որոշ կազմակերպություններ, որոնք հանդես են գալիս նրանց անունից, ինչպես, օրինակ, Ամերիկայի Հայկական Համագումարը, ոգեւորված են: Հայ համայնքի ղեկավարներն արդեն հանդիպումներ են ունեցել ԱՄՆ Կոնգրեսի համապատասխան անդամների, ինչպես նաեւ Ամերիկայի հրեական կազմակերպությունների ղեկավարների հետ՝ ողջունելով այս նոր միտումը:
Հայ համայնքի արձագանքն այս զարգացումների հանդեպ, անշուշտ, ավելի կանխատեսելի էր, քան այն փաստը, որ այս հարցը մեջտեղ կգա: Չափից ավելի երկար ժամանակ հայերի զանգվածային ոչնչացման փաստի պատշաճ ճանաչումն այդ համայնքի օրակարգի գլխավոր առարկան է եղել, եւ չափից ավելի երկար ժամանակ հայերն ստիպված են եղել հանդուրժել թե Իսրայելի եւ թե Ամերիկայի քաղաքական վերնախավերի հոգեճզմիչ հիպոկրատությունը, ովքեր աշխարհում բոլորից ավելի բարձր են գոռում մարդկության դեմ կատարված ոճիրները ժխտելու կամ դրանց արժեքը նվազեցնելու վտանգների մասին, սակայն մինչեւ վերջերս ժխտում էին Հայոց ցեղասպանությունը: Նրանք կարծես թե վերջապես դարձի են եկել: Եվ մեզնից ոմանք էլ կարծում են, թե պետք է հրճվենք դրանից:
Սակայն պե՞տք է արդյոք հրճվենք: Արդյո՞ք սա իրերի այն զարգացումն է, որ հայերը պետք է ողջունեն ու աջակցեն: Ցեղասպանության ճանաչման սեւեռուն նպատակն այնքան առանցքային է դարձել ամերիկաբնակ հայերի կյանքում (կամ նույնիսկ Ամերիկայում կամ Սփյուռքի այլ գաղթօջախներում ապրող հայերի ինքնության համար), որ անհնար է այս հարցին «իհարկե»-ից բացի այլ պատասխան պատկերացնել: Բայց այլ պատասխանի մասին առնվազն պետք է փորձենք մտածել, քանի որ իսրայելյան ու ամերիկյան քաղաքական վերնախավերի շրջանում հայերի տառապալից անցյալի հանդեպ այս նորահայտ համակրանքը ողջունելը զերծ չէ թե՛ բարոյական եւ թե՛ քաղաքական հետեւանքներից:
Սկսենք բարոյական հետեւանքներից: Անկասկած դրանցից առաջինն այս ամենի շահագործողական բնույթն է: Եթե սա իրոք Հայոց ցեղասպանության պատշաճ ճանաչման ու ոգեկոչման համար մղված երկարատեւ պայքարի հաղթանակը լիներ, մենք պատճառ կունենայինք տոնելու եւ ուրախանալու, չնայած անձամբ ես կարծում եմ, որ ավելի լավ կլիներ, եթե հայերն իրենց ժամանակն ու ռեսուրսները, օտարների կողմից իրենց տառապանքի գնահատականն ստանալուց բացի, ծառայեցնեին այլ նպատակների եւս: Ակնհայտ է սակայն, որ տեղի ունեցողը լրիվ այլ բան է: Տեղի ունեցողը ցինիզմի եւ պատեհապաշտության հաղթանակ է: Այս խնդրի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը հստակորեն Թուրքիային պատժելու ցանկության հետեւանք է, քանի որ վերջինս համարձակվել է հակադրվել Իսրայելին, ինչպես նաեւ դեմ դուրս գալ Իրանի հանդեպ Իսրայելի ու ԱՄՆ-ի չափազանց վտանգավոր քաղաքականությանը: Այլ կերպ ասած՝ մենք գործ ունենք Հայոց ցեղասպանությունը որոշակի քաղաքական նպատակի համար օգտագործելու անամոթության աստիճանի բացահայտ մի փորձի հետ, ինչը ես անպատվություն եմ համարում:
Սա արդեն իսկ շատ վատ է, բայց է՛լ ավելի վատ է այն, թե հատկապես ինչն է խնդրո առարկա քաղաքական նպատակը, ինչը մեզ hանգեցնում է երկրորդ բարոյական վնասին: Այս ամենը Թուրքիային պատժելու համար է՝ Գազայում պաղեստինցիների կողմը բռնելու եւ Իրանի հետ պատերազմ հրահրելու ամերիկյան քաղաքականությանը դեմ դուրս գալու պատճառով: Հետեւաբար, այս քաղաքականությանն աջակցելը հավասարազոր է Գազայի ժողովրդի դեմ Իսրայելի կառավարությանն աջակցելուն, ինչպես նաեւ Իրանի վրա հարձակումը գերմարդկային ճիգերով կանխել ցանկացողների դեմ նման հարձակում հրահրողներին սատարելուն:
Ես էլեկտրոնային բանավեճերում տեսել եմ նմանօրինակ մտահոգությունների վերաբերյալ առարկություններ, որոնց հեղինակները պնդում են, թե սա ոչ մի կապ չունի պաղեստինցիների կամ Իրանի հետ հակամարտության հետ: Որոշ մարդիկ պնդում են, թե իսրայելցիներն ու ամերիկացիներն անում են այն, ինչը ճիշտ է ու արդար: Ինչո՞ւ մենք պետք է մտահոգվենք, թե ինչու են նրանք դա անում: Այն պարզ պատճաոով, որ, այս քաղաքականությանն աջակցելով, մենք նույնպես կողմ ենք բռնելու՝ ցանկանանք դա, թե ոչ:
Բայց այս լղոզված առարկությունը ոչինչ է՝ համեմատած այն տրամաբանության հետ, թե պաղեստինցիների մասին մեր մտահոգությունը չպետք է մեզ հետ պահի Թուրքիային հակահարված հասցնելու Իսրայելի եւ Ամերիկայի ցանկությանն աջակցելուց, քանի որ նույն պաղեստինցիների հոգն էլ չէին հայերի զգացմունքները, երբ նրանք որոշում էին թուրքերից օգնություն ընդունել: Այո, ես լսել եմ նման «փաստարկ» եւ ի պատասխան միայն կարող եմ ափսոսանք հայտնել, որ գոյություն չունեն նման մտքերը քրեորեն պատժող օրենքներ:
Թուրքիայի դեմ հակագրոհին միանալն արդարացնելու ջանքերը նաեւ նշանառության տակ են առնում այն փաստը, որ Թուրքիան ինքը մեղավոր է նույն այն հանցանքներում, որոնց մեջ մեղադրում է Իսրայելին: Ինչպես ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանն է շեշտել «Վաշինգտոն Թայմզի» իր վերջին հոդվածում, Թուրքիան մերժում է իր երկրի քրդերի ինքնորոշման իրավունքը եւ սատարում Ադրբեջանի կողմից նույն այդ իրավունքի մերժումը Ղարաբաղի հայերին, մինչդեռ պնդում է, որ այն պետք է հարգվի պաղեստինցիների դեպքում: Թուրքիան 1993-ից սկսած շրջափակման է ենթարկում Հայաստանը, մինչդեռ ջանում է ճեղքել Գազայի շրջափակումը: Չի երկնչում մահացու ուժ գործադրելու, մինչդեռ քննադատում է Իսրայելին ու ԱՄՆ-ին նույն ուժի գործադրության համար, եւ այլն:
Այս ամենն այս կամ այն չափով ճիշտ է, սակայն նաեւ՝ անէական: Հայերի կատարելիք ընտրությունը Իսրայելի ու Թուրքիայի եւ կամ Ամերիկայի ու Թուրքիայի միջեւ չէ. այն Իսրայելի պետության ու Գազայի ժողովրդի միջեւ է, Ամերիկայում պատերազմի ջատագովների ու դրան ընդդիմացողների միջեւ:
Բարոյական երկմտանքի երրորդ աղբյուրս առնչվում է այն փաստին, որ, չնայած ճանաչման դասական ընդդիմադիրներից ոմանք իրենց վերաբերմունքի մեջ փոփոխություն են ազդանշում, կարծես սակայն չեն փոխել իրենց տեսակետն այն մասին, թե հատկապես ի՛նչն են ուզում ճանաչել: Ես խոսում եմ Իսրայելում եւ աշխարհով մեկ շատ հրեաների մեջ շարունակվող այն մտայնության մասին, որ հայոց ցեղասպանության ու 2-րդ համաշխարհայինի ժամանակ հրեաների բնաջնջման միջեւ համեմատությունը ոչ միայն խնդրահարույց է էմպիրիկ առումով, այլեւ՝ անպարկեշտ: Նրանք պնդում են, որ նման համեմատությունները նսեմացնում են հոլոքոստը, ինչը համազոր է այն ժխտելուն:
Այսպես, Կնեսետի մի անդամ հարկ ունեցավ արդարացնելու վերջերս Հայոց ցեղասպանության ճանաչմանն իր օժանդակությունը՝ բացահայտորեն վախենալով, թե իր դիրքորոշումը կարող է ընկալվել իբրեւ երկու աղետների միջեւ զուգահեռներ անցկացնելու աներեւակայելի մեղքը գործելու պատրաստակամություն. «Ես ցանկանում եմ լիովին հստակորեն ասել հետեւյալը. ես նմանություն չեմ անցկացնում հրեա ժողովրդի հոլոքոսթի ու հայ ժողովրդի կոտորածների միջեւ, որքան էլ որ վերջինս ողբերգական եղած լինի: Իբրեւ հրեա ես, իհարկե, կարող եմ ասել, որ հոլոքոսթը բացառիկ էր: Այդ պատճառով է, որ ես հայերի վերաբերյալ նույն տերմինը չեմ գործածում»: (Ha՛aretz, 06.18.10)
Այս հայտարարությունը հատկապես արժանահիշատակ է դարձնում այն հանգամանքը, որ դրա հեղինակը՝ Խաիմ Օրոնը, ձախակողմյան Մերեց կուսակցությունից է: Պատկերացնել միայն կարելի է, թե լիքհուդնիկները կամ Ավիգդոր Լիբերմանի թայֆայի գունագեղ կերպարներն ի՛նչ են մտածում կամ ասում Հայոց ցեղասպանության մասին:
Ինչեւէ, ճանաչման օրինագիծը սեղանին դնելուց հետո նույնիսկ «չհամեմատե՛ս» անհեթեթությունը շարունակելու այս վճռականությունից ավելի նողկալի է հայերից ոմանց ցանկությունը, հաճախ՝ նախանձախնդրությունը՝ համագործակցելու եւ վերցնելու այն, ինչ կարող են, կարծես ինչ-որ բարեգործական նվիրատվություն են ընդունում: Եվ, քանի որ մարդ չի կարող քննադատել նման նվիրատվության չափը, իրենք մեծ աղմուկ չեն պատրաստվում բարձրացնել իրենց նախնիներին պատճառված սարսափների բարոյական նշանակալիությունը նվազեցնող մեկ-երկու հայտարարության կապակցությամբ: Նման կեցվածքը շատ հեռու է արժանապատիվ լինելուց: Մենք պետք է պահանջենք, որ Հայոց ցեղասպանության ու հրեաների հոլոքոսթի համեմատությունը բարոյական զանցանք համարողները ներողություն խնդրեն, այլ ոչ թե նրանց մեր օժանդակությունն ու համագործակցությունն առաջարկենք:
Բարոյական փոխզիջումները երբեք լավ չեն, անշուշտ, սակայն հաճախ պետք է լինում գնալ դրանց՝ նյութական ու քաղաքական շահի կամ ավելի բարձր բարիքի համար: Հետեւաբար, մինչեւ հիմա ասածս կարող է քննադատվել ժամանակի քննությունը բռնած մաքիավելական այս աքսիոմի հիման վրա: Իհարկե, շատ հայեր կպնդեն, որ պատերազմի ամերիկյան ջատագովների ու Իսրայելի կողմից Թուրքիային պատժելու համատեղ վճռականությունը պետք է որ հայերի համար որոշ օգուտներ բերի, ինչը կարդարացնի վերը քննարկված բարոյական գինը: Անշուշտ, նույնիսկ ավելի լավ կլինի, եթե այդ պատիժը հանգեցնի ԱՄՆ-ի ստրատեգիական ուղեծրից Թուրքիայի դուրսմղմանը. ուրեմն ինչո՛ւ մենք հնարավոր ամեն բան չպետք է անենք այդ արդյունքին հասնելու համար:
Որովհետեւ եթե մի պահ սանձենք մեր բնազդներն ու մի քիչ ավելի ուշադիր մտածենք այս մասին, դժվար չի լինի տեսնել այդպես վարվելու վտանգները: Իրականում Թուրքիային պատժելու քաղաքականության սատարումը իրական որեւէ օգուտ չի պարունակում, բացի ցեղասպանության բարոյապես արատավոր ճանաչման ձեռքբերումից (նույնիսկ դա կարող է չստացվել, եթե մեծ տղերքը կարողանան լեզու գտնել), բայց պարունակում է էական քաղաքական գին ու ռիսկեր: Որո՞նք են դրանք:
Առաջինն ու ամենակարեւորն այն է, որ Թուրքիան պատերազմի ամերիկյան ջատագովների եւ Իսրայելի նշանակետում հայտնվեց հիմնականում այն պատճառով, որ փորձեց կասեցնել Իրանի վրա հարձակման նկրտումները: Գիտենք նաեւ, որ եթե հաջողվի Թուրքիային պարտադրել փոխելու իր դիրքորոշումը, ապա այդ հարձակման հավանականությունը կարող է մեծանալ: Եվ մի բան էլ գիտենք՝ նման հարձակումը, բացի ԱՄՆ-ի եւ ամբողջ Մերձավոր Արեւելքի համար աղետալի լինելուց, պատուհաս կլինի Հայաստանի համար. նույն այն Հայաստանի, որի մասին Սփյուռքի հայերն ըստ իրենց պնդումների՝ խորապես հոգ են տանում: Եթե իրոք հոգ են տանում, ապա չպետք է ցանկանան, որ այդ հարձակումը տեղի ունենա, եւ, փոխարենը, պետք է հնարավորինն անեն՝ այն նվազ հավանական դարձնելու համար: Պատերազմի ջատագովների եւ Իսրայելի՝ դեպի Թուրքիա ընթացող պատժագնացքի վրա ցատկելը դրա ճիշտ հակառակ վարքագիծն է:
Երկրորդ՝ որքան էլ ասելիքս աղաղակող անտրամաբանականություն թվա, Թուրքիայի շարունակվող հեռացումը ԱՄՆ-ից, ինչը գնալով արագանալու է, եթե պատերազմի ջատագովները շարունակեն ձգել Թուրքիայի պտուտակները, անպայմանորեն լավ բան չի հայերի կամ գոնե Հայաստանի համար: ԱՄՆ-ից հեռացած Թուրքիան ավելի անկառավարելի Թուրքիա կլինի, ինչը կարող է չափազանց վտանգավոր լինել Հայաստանի համար, եթե հաշվի առնենք երկու երկրների բարեկամականից շատ հեռու հարաբերությունների հանգամանքը: Ավելին, ԱՄՆ-ից օտարման խորացումը Թուրքիային մղելու է դեպի Ռուսաստանի հետ հարաբերությունների սերտացում: Վերջինս ակնհայտորեն ողջունում է նման հեռանկարը եւ արդեն իսկ զգալիորեն բարելավել է իր հարաբերությունները Թուրքիայի հետ: Իսկ երբ որեւէ երկրի գլխավոր դաշնակիցը եւ ամենավտանգավոր հավանական հակառակորդը բարեկամանում են, այդ երկիրը մտահոգվելու պատճառներ ունի, մասնավորապես եթե տվյալ երկիրը փոքր, խոցելի երկիր է՝ կախված իր դաշնակցից, ինչպես Հայաստանն է կախված Ռուսաստանից: Սովորաբար նման տեղաշարժերի ժամանակ փոքր դաշնակցի շահերը զոհաբերվում են, ինչը կարող է պատահել եւ այս դեպքում, եթե Ռուսաստանին անհրաժեշտ լինի Թուրքիայի հետ գործարքը Հայաստանի հաշվին քաղցրացնել:
Նման տեղաշարժը կարող է լիովին խաթարել Հայաստանի ազդեցությունը Ռուսաստանի ռազմավարական հաշվարկներում, որը ոչ ԱՄՆ-ն, ոչ էլ որեւէ այլ երկիր չի կարողանա նշանակալի կերպով փոխհատուցել: Հասկանալի է, որ ԱՄՆ-ի հայ համայնքը կարող է ի զորու չլինել այս միտումը կասեցնելու, բայց եթե ամերիկահայությունն իսկապես մտահոգ է Հայաստանի անվտանգությամբ, նախքան ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների առավել վատթարացմանն իր նպաստը բերելը պետք է մի լավ մտածի:
Երրորդ՝ բոլորովին կանխորոշված չէ, որ ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ ունեցած Թուրքիայի հարաբերություններում առաջացած ճեղքվածքը շարունակելու է խորանալ: Ես իրականում կարծում եմ, որ Թուրքիան ի վերջո կբարելավի իր հարաբերությունները երկու երկրների հետ էլ: Եվ, եթե դա պատահի, հայերը կհայտնվեն վերոհիշյալ պատժագնացքում, որի մեքենավարներն արդեն այն լքած կլինեն, իսկ դա այնքան էլ գրավիչ հեռանկար չի: Այլ կերպ ասած, ինչպես Թուրքիայի հետ հակամարտության հետագա խորացումը, այնպես էլ հակամարտության հարթումը հայերի համար ցանկալի հեռանկարներ չեն այն պարագայում, եթե նրանք փորձեն նպաստել այդ հակամարտության խորացմանը: Հակառակ ընտրությունը շատ ավելի սակավ վտանգներով է հղի:
Չորրորդ՝ Թուրքիային պատժելու ու վերջինիս վրա ճնշումներ բանեցնելու քաղաքականությանն աջակցելը լավ չի ընդունվելու Մերձավոր Արեւելքի շատ երկրներում, որովհետեւ նման աջակցությունը աներկբայորեն (եւ արդարացիորեն) ընկալվելու է որպես պաղեստինյան հիմնախնդրում սխալ կողմի ընտրություն: Ես արդեն խոսել եմ նման ընտրության բարոյական գնի մասին, սակայն այն կարող է նաեւ այլ անցանկալի հետեւանքներ ունենալ: Ավելի հստակորեն ասած՝ Մերձավոր Արեւելքի մի շարք երկրներում հայկական մեծաթիվ համայնքներ կան, որոնք կարող են մեղսակցության մեղադրանքի զոհ դառնալ: Անիմաստ է խոսել այն մասին, որ Ամերիկայում բնակվող հայերի կատարած ընտրության համար Լիբանանում, Իրանում կամ Սիրիայում բնակվող հայերին դատապարտելն անարդարացի է եւ չհիմնավորված: Տվյալ պարագայում միակ էական հարցն այն է, թե արդյոք նրանց կարո՞ղ են մեղադրել, թե՞ ոչ, իսկ այն, որ նման հավանականություն կա, անտեսել չի կարելի:
Հինգերորդ, պատերազմի ջատագովների եւ Իսրայելի ներկա կառավարության կողքին կանգնելն օտարելու է որոշ խմբերի եւ քաղաքական ուժերի, որոնք ճակատագրի հեգնանքով անցյալում շատ ավելի մեծ համակրանքով են վերաբերվել հայկական դիրքորոշմանը: Ես խոսում եմ Ամերիկայում գոյություն ունեցող բազմաթիվ առաջադեմ ու հակաիմպերիալիստ ուժերի եւ հրեական համայնքի այն զգալի ու աճող հատվածի մասին, որոնք միշտ ամոթալի են համարել Հայոց ցեղասպանության հանդեպ որոշ հրեական կազմակերպությունների ու Իսրայելի պաշտոնական վերաբերմունքը, բայց այսօր հասկանալիորեն ավելի մտահոգված են նրանով, թե ինչ է տեղի ունենում Գազայում:
Ես խոսում եմ նաեւ այն առաջադեմ թուրքերի մասին, ովքեր զանգվածային միջոցառումներ էին իրականացնում Հրանտ Դինքի սպանությունից հետո եւ գոռում էին «Մենք բոլորս հայ ենք հիմա», ովքեր այս տարի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը նշելիս բողոքի տեւական ցույցեր էին անցկացնում եւ ովքեր նույնպես ավելի անհանգստացած են այն բանով, թե ինչ է կատարվում Գազայի ժողովրդի հետ, ինչպես նաեւ Իրանի հետ պատերազմի սարսափելի հեռանկարով: Այս ուժերի կողքին գտնվելն անկասկած բարոյապես նախընտրելի է, բայց նաեւ ավելի ողջամիտ ընտրություն է, քանի որ հակառակորդ ճամբարն իրեն պահում է կույր ու հարբած փղի նման, որը վաղ թե ուշ հայտնվելու է փոսի մեջ:
Այդ դեպքում ի՞նչ պետք է անեն հայերը եւ նրանց անունից հանդես եկող կազմակերպությունները: Առաջին բանը, որ պետք է անեն, պետք է վերջապես սկսեն կասկածել ամերիկյան քաղաքացիական հասարակությանն իրենց մասնակցությունը սոսկ մեկ՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով սահմանափակելու խելամտությանը: Սա չի նշանակում, որ արդարացված չէ 1915 թվականի ոճրագործության պատշաճ ճանաչման հայերի պահանջը: Սա նշանակում է, որ մնացած ամեն ինչ այդ նպատակին ստորադասելը եւ այդ նպատակը հետապնդելը՝ անկախ դրա գնից ու հետեւանքներից, ինչպես նաեւ այդ նպատակը նույնացնելը որեւէ բանի հետ, որ կարող է Թուրքիայի վրա բացասաբար ազդել, գնալով ավելի ու ավելի դժվար է դառնում արդարացնելը: Սա, սակայն, խորհուրդ է ավելի հեռավոր ապագայի համար: Կան նաեւ բաներ, որ պետք է անմիջապես կատարվեն:
Այն իրավիճակը, որում հայտնվել է հայ համայնքը, հեշտ չէ: Անշուշտ չպիտի ենթադրել, թե ցեղասպանության ճանաչման դեմ լոբբինգ պիտի արվի եւ ամերիկյան ու իսրայելյան օրենսդիրներին հրահանգվի, որ ցեղասպանության ճանաչման բանաձեւեր չընդունեն: Բայց համայնքը կարող է եւ պետք է վերակենտրոնացնի իր ձայնն ու լոբբիստական ուժը՝ նպաստելու Իրանի հետ պատերազմի տանող երթը կասեցնելուն: Այն պետք է ԱՄՆ-ի Կոնգրեսում գործող «Հայկական խմբակցությանն» ասի, որ հայերի համար առաջնայինն այսօր դա է, ոչ թե ցեղասպանության ճանաչումը: Համայնքը նաեւ պետք է իր ձայնը միացնի այն մարդկանց, ներառյալ շատ ու շատ արդարամիտ հրեաների ձայներին, ովքեր Գազայի իրադրությունը կատարելապես անընդունելի են համարում: Դա ճիշտ այն է, ինչ հայոց ցեղասպանության զոհերը կցանկանային, որովհետեւ այդ աղետի բարոյական դասը ոչ թե մեր ժողովրդի տառապանքի ճանաչման կամ զոհերի համար նախատեսված ամերիկյան կարկանդակից մեզ հասանելիք բաժինը վերցնելու, այլ ռեպրեսիաների եւ անարդարության դեմ ելնելու սրբազան պարտականության մեջ է՝ ուր էլ որ դրանք պատահեն, եւ ովքեր էլ որ լինեն դրանց զոհերը: Դրանից պակաս որեւէ բան նրանց հիշատակի պղծում է նշանակում:

Արման Գրիգորյանը քաղաքագիտության դոկտոր է, Լիհայ համալսարանի պրոֆեսոր (ԱՄՆ), ինչպես նաեւ՝ Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ: Նրա՝ վերը ներկայացված հոդվածի անգլերեն բնօրինակը լույս է տեսել «Armenian Reporter»-ում՝ այս տարվա հունիսի 30-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել