Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՑՈՂԻԿ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ «ՍՅՈՒՐՊՐԻԶՆԵՐ ԵՆ» ԱՆՈՒՄ

Հուլիս 28,2010 00:00

\"\"  Մասնագիտությունների մեծամասնության դեպքում անցողիկ շեմի անկում է նկատվում, որոշների գծով՝ բարձրացում

ՀՀ պետական բուհերի ընդունելության քննություններից հետո, այժմ կրքերը թեժանում են ընդունելության անցողիկ միավորների ձեւավորման հարցի շուրջ: ԳԹԿ-ն զբաղված է անցողիկ միավորների ճշգրտման հարցով, իսկ այսօր տեղի կունենա հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը, որն էլ «Բուհի ընդունելության կարգի» համաձայն, մինչեւ օգոստոսի 5-ը կհրապարակի անվճար եւ վճարովի ուսուցման համակարգով մրցույթների արդյունքները:

Սակայն ծնողներն ու դիմորդները շտապում են իմանալ անցողիկ միավորները, ինչը փորձեց անել նաեւ «Առավոտը»: Մեզ հետ զրույցում ԳԹԿ տնօրեն Գուրգեն Խաչատրյանն ասաց. «Ընդունելության անցողիկ շեմը իջնելու միտում ունի: Դա պայմանավորված է դիմորդների ընդհանուր պատրաստվածության ցածր մակարդակով, գուցե ինչ-որ տեղ թեստերն էլ նրանց մակարդակի համեմատ բարդ են ստացվել, նաեւ բոլորին հայտնի բացասական գործոններն են նվազել»: Օրինակ՝ ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում այս տարի անվճար համակարգում անցողիկ ներքին շեմը 56,5 միավորն է, իսկ վճարովի համակարգում՝ 42-ը, այն դեպքում, երբ անցյալ տարի այս ֆակուլտետում անվճարի համար անցողիկ էր համարվում 57,1 միավորը:

Միջազգային հարաբերություններ ֆակուլտետում, որտեղ անվճար տեղ չի հատկացվել, 50 միավորը անցողիկ է վճարովի համակարգի համար, անցյալ տարվա 54,1 միավորի փոխարեն: Ինֆորմատիկա եւ կիրառական մաթեմատիկա մասնագիտության գծով անցողիկ միավորի բարձրացում է նկատվում. այս տարի անվճար համակարգում անցողիկ է 36,5-ը՝ անցյալ տարվա 33,8-ի փոխարեն: Վճարովի համակարգում այս տարի անցողիկ է 26,75 միավորը: Մ. Հերացու անվան բժշկական համալսարանում գրանցվել է անսովոր պատկեր. այս տարի անցողիկ շեմի բարձրացում է նկատվում բուժական գործ եւ դեղագիտություն ֆակուլտետներում, այն դեպքում, երբ ավանդաբար մրցույթն ավելի մեծ է լինում ստոմատոլոգիա մասնագիտության գծով: Բուժական գործ մասնագիտության գծով անվճար համակարգի անցողիկ շեմը 37 միավորն է, անցյալ տարվա 34,3-ի փոխարեն, ստոմատոլոգիայում՝ 35,5-ը, անցյալ տարվա 37,1-ի փոխարեն, դեղագործություն բաժնում՝ 36-ը՝ անցյալ տարվա 28,8-ի փոխարեն: Վճարովի համակարգի համար, մասնագիտությունից կախված, բժշկականում անցումային կարող է համարվել անգամ 16 միավորը: Այս միավորները նախնական են՝ հաշվի առնելով այն փաստը, որ ԿԳՆ-ն հնարավոր է պահուստային 6000 տեղերի հաշվին ավելացումներ կատարի: Այս կապակցությամբ Գ. Խաչատրյանն ասաց. «Փորձելու ենք այնքան տեղ իջեցնել, որ հնարավորինս շատ երեխա այս տարի հասցնի ընդունվել: Սա նուրբ գործընթաց է, քանի որ կարող է լավություն անենք, տեղերն ավելացնենք, բայց տեսնենք, որ որոշ մասնագիությունների գծով թափուր տեղեր են առաջանում: Ուստի տեղերի ավելացումը պիտի այնքան նրբորեն արվի, որ բոլոր ֆակուլտետները շահած վիճակում հայտնվեն՝ դիմորդ չկորցնեն»:

Այս տարվա ընդունելության քննությունների մյուս միտումն էլ այն էր, որ օտար լեզուներից դիմորդների մակարդակը տատանվում էր միջին, երբեմն նաեւ՝ միջինից էլ ցածրի սահմաններում: Այս կապացությամբ ֆրանսերեն (բանավոր) քննության հանձնաժողովի նախագահ Արամ Բարլեզիզյանն «Առավոտին» ասաց. «Անկախ նրանից՝ դիմորդն ինչ լեզվով է քննություն հանձնում, զգացվում է, որ նոր սերունդը գիրք չի կարդում: Իսկ եթե ֆրանսերենի նկատմամբ հետաքրքրության անկումը շարունակվի, ապա մենք՝ հայերս, որ դարավոր կապեր ունենք Ֆրանսիայի եւ Գերմանիայի հետ, մշակութային առումով կաղքատանանք: Պետք է դպրոցներում իրականացվի քառալեզու ուսուցում, այդպիսով երեխաները հնարավորություն կունենան իրենց նախընտրած լեզուն սովորել»: Իսպաներենի առարկայական հանձնաժողովի նախագահ Մերի Սուքիասյանն էլ նշեց. «Հանձնաժողովի անդամներին ոգեւորեց այն, որ քննության ներկայացան Իսպանիայից հայրենիք վերադարձած երկու դիմորդ: Այսինքն՝ ժամանակին ինչ-ինչ պատճառներով հայրենիքը լքած մարդիկ ցանկանում են, որ իրենց զավակները կրթությունը շարունակեն Հայաստանում»:

Դիմորդներից Քնարիկ Խաչատրյանն «Առավոտին» ասաց. «Մենք տասը տարի առաջ տեղափոխվեցինք Իսպանիա: Բարսելոնում հաճախել եմ իսպանական դպրոց, բոլոր ընկերներս իսպանացիներ էին, սակայն տանը, ծնողներիս հետ միշտ խոսում էինք հայերեն, նրանք ինձ ստիպում էին հայերեն գրքեր կարդալ, ծանոթանալ հայ գրականությանը: Այժմ ապագաս տեսնում եմ Հայաստանում եւ ցանկանում խորացնել գիտելիքներս՝ նպաստելով հայ-իսպանական հարաբերությունների ամրապնդմանը»: Ընդունելության քննությունների ընթացքում հանդիպեցինք նաեւ Ավստրիայից, Գերմանիայից, Իսրայելից, Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից «ներգաղթած» հայ դիմորդների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել