Ինչպես կառավարության նիստին հաջորդած ասուլիսում նշեց Պետեկամուտների կոմիտեի պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը՝ փոփոխությունների շրջանակում ՀՀ քաղաքացիներին կարգելեն «ժամանակավոր ներմուծում» ռեժիմով մեքենաների ներմուծումը: Այս տարվա 7 ամիսների ընթացքում «ժամանակավոր ներմուծում» ռեժիմով ՀՀ է ներմուծվել 44 000 մեքենա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 32 000-ի փոխարեն: «Ժամանակավոր ներմուծման համար օրենքով սահմանված գումարները չեն գանձվում, ու ՀՀ շատ քաղաքացիներ օգտվում են այս հնարավորությունից ու ներմուծում, ասենք, $30 000 արժողությամբ մեքենա, ձեւակերպում ժամանակավոր ռեժիմով ու ամիսներով խուսափում անհրաժեշտ վճարումներից, նշանակված ժամանակամիջոցում գրանցելու պարտավորությունից»,- ասաց Ա. Ալավերդյանը, նշելով, որ օրենքի ընդունումից հետո «ժամանակավոր ներմուծում» ռեժիմից կարող են օգտվել միայն արտասահմանցիները՝ մուտքի արտոնագրում նշված ժամկետի չափով:
Կառավարությունն առաջարկում է Մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարել նաեւ փոստային առաքումների մասով: «Ներկայումս փոստային առաքումներով Հայաստան ներմուծվող ապրանքները մաքսային վճարումներից ազատվում են միայն 50 հազար դրամը չգերազանցելու դեպքում, կառավարությունն առաջարկում է 50 հազարի շեմը բարձրացնել 150 հազար դրամի»,- ասաց ՊԵԿ փոխնախագահը: Նրա խոսքով՝ փոփոխությունների շրջանակում սուբյեկտներին հնարավորություն կտան մաքսային հայտարարագրերը ոչ միայն թղթային, այլեւ էլեկտրոնային տարբերակով մաքսային մարմին ներկայացնել: Իսկ ՀՀ-ում օտարերկրյա հյուպատոսները ծառայողական օգտագործման նպատակով ապրանքներ ներմուծելու դեպքում կազատվեն մաքսային վճարներից:
Կառավարության հավանությանն է արժանացել նաեւ «Շահութահարկի մասին» եւ ՀՀ եւս 6 օրենքներում փոփոխություններ կատարելու՝ «Արտոնագրային վճարումների» մասին ՀՀ օրենքի նախագծերի փաթեթը: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի խոսքով՝ օրենսդրական փաթեթի ընդհանուր տրամաբանությունը գործարարության պայմանների բարելավումն է, ներդրումային մթնոլորտի կատարելագործումը եւ փոքր ու միջին ձեռնարկատիրության համար նպաստավոր պայմանների ձեւավորումը. «Կրճատվում է հարկային մարմիններ ներկայացվող մի շարք հաշվետվությունների պարբերականությունը: Մասնավորապես՝ ակցիզային հարկի հաշվետվության պարբերականությունը այս նախագծով միամսյայի փոխարեն կդառնա եռամսյակային: Նման փոփոխություններ են նախատեսված նաեւ մյուս հարկատեսակների գծով տրամադրվող հաշվետվություններում»: Նրա խոսքով, արտոնագրային վճարների համակարգից կարող են օգտվել վարձու աշխատողներ չունեցող եւ 6 միլիոնից ավելի շրջանառություն չունեցող ընկերությունները: