Լրահոս
Օրվա լրահոսը

«ՃԱՐ ԼԻՆԻ՝ ԿՓԱԽՉԵՆՔ»

Սեպտեմբեր 08,2010 00:00

Զառուբյան 34 հասցեի 77-ամյա բնակչուհի Կլարա Ղարիբյանը հանգիստ չունի Չեխովի դպրոցի մոտ կայանող մեքենաների եւ շինարարների աղմուկից:

Նոր ուսումնական տարին սկսելու հետ մեկտեղ, Չեխովի դպրոցի ետնամասում գտնվող Զառուբյան փողոցի բնակիչները կորցրել են իրենց հանգստությունը եւ անգամ քնել չեն կարողանում: «Այս դպրոցում սովորում են հիմնականում փողավորների, չինովնիկների երեխաները, ծնողները իրենց «ջիպերով» երեխաներին մինչեւ դպրոցի դուռը են բերում, ու մեր տան դիմացի ամբողջ փողոցը դառնում է եռահարկ, իրար են բոթում, «սիգնալ» տալիս, հայհոյում, «արա»-ներով գոռում ու եթե ցանկանաս տնից դուրս գալ, չես կարող»,- օրերս «Առավոտին» իր դժգոհությունը հայտնեց Զառուբյան 34 հասցեի բնակիչ՝ 77-ամյա Կլարա Ղարիբյանը, ով 1949 թվականից բնակվում է այդ տանը: Նա վատառողջ է, իսկ տղան քնի հետ կապված խնդիրներ եւ նյարդային խանգարումներ ունի, ստիպված են քնաբեր ընդունել: Կ. Ղարիբյանը ասում է՝ նախկինում իրենց փողոցը ամառանոցային փողոց է եղել, իսկ այժմ գրեթե բնակիչ չի մնացել, չորսբոլորը գրասենյակներ են ու ինչ-որ կենտրոններ, որոնք եւս մեքենաների անընդհատ անցուդարձի ու աղմուկի պատճառ են հանդիսանում:

Տիկին Կլարան դիմել է տարբեր ատյաններ, սակայն այլ ելք չունենալով, այժմ մտածում է Հայաստանից հեռանալու մասին. «Արդեն ճար ենք ման գալիս փախչելու, որովհետեւ մարդը, գոնե գիշերվա 12-ից մինչեւ առավոտվա 8-ը չի կարողանում քնել: Մենք մեր տան մեջ հանգստանալու իրավունք ունենք, եթե դպրոց է, պետք է պահպանի համակեցության կանոնները»: Մեր զրուցակիցը վրդովված ասաց, որ նույնիսկ ամռանը չի կարողացել հանգստանալ, որովհետեւ դպրոցի տնօրենն այս տարի էլ շինարարություն է արել. «Մտածում էինք՝ լավ է, դպրոցը փակվեց, կհանգստանանք, բայց ամբողջ ամառ մնացինք փոշու ու կեղտի մեջ, սարի նման աղբ էր կուտակվել, ու ամբողջը տուն էր լցվում: Տնօրենը դպրոցի բակը մաքուր պահում է, մենք էլ իր համար խոզեր ենք: Երբ բողոքում ենք, ասում է՝ իր հաշվին է վերանորոգումն անում, շատ երեխաներ է ընդունում, ովքեր հնարավորություններ ունեցող են, ում ինչ ասում է, մի րոպեում կատարում են»:

Այս ամենից զատ տիկին Կլարան զարմանում է, թե ինչի է վերածվել իր շրջապատը, մասնավորապես Ավ. Իսահակյանի եւ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանների մերձակայքը. «Վերեւում կրոնական ինչ-որ կազմակերպություն է, որի մոտ լիքը մեքենաներ են, մի քիչ այն կողմ պարսիկներն էին տարածքը դարձրել «բարդակ», բերում էին խմբով հայ աղջիկների…»: Նրա տան հարեւանությամբ հ/կ-ներ են գործում, որոնք եւս, Կ. Ղարիբյանի խոսքով, հանգիստ չեն թողնում իրենց: Մեր զրուցակիցը փորձել է խնդրի առնչությամբ դիմել նաեւ իրենց տարածքի պատգամավոր Արա Սիմոնյանին, բայց տիկնոջը փոխանցած ոչ մի հեռախոսահամար չի պատասխանել, պատգամավորը արձակուրդում է եղել: Չեխովի անվան դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը խնդրի առնչությամբ «Առավոտին» պարզաբանեց. «Զառուբյան փողոցով մեքենաների երթեւեկությունը թույլատրվում է, եւ մեքենաները փողոցով, բնականաբար, երթեւեկում են: Որեւէ մեկն իրավունք չունի նրանց արգելել: Դա իրենց բակը չէ, դա փողոց է: Ես էլ Մաշտոցի պողոտայում եմ ապրում, որտեղ էլ ավտոտեսուչները բարձրախոսներով կարգավորում են երթեւեկությունը: Կարո՞ղ եմ ծնողին ասել՝ երեխայիդ մեքենայով մի՛ բեր կամ շինարարությունը դադարեցրեք»: Ի դեպ, զրույցի ավարտին տիկին Սարուխանյանն ասաց, որ ինքը «Առավոտ» չի կարդում եւ «խորհուրդ» տվեց գրել՝ ինչ ուզում ենք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել