Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊՐԱԲԻՏԱՅԱ ԿԱՌՏԱ»

Սեպտեմբեր 09,2010 00:00

\"\" Մարքսիստը մտահոգված է`  Վ. Վ. Պուտինը Հայաստանում ո՞ւմ կնշանակի նախագահ

ՌԴ վարչապետ, նախկին նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը նախորդ օրը պաշտոնապես հայտարարեց ՌԴ նախագահի պաշտոնը վերստին զբաղեցնելու իր հավակնության, մասնավորաբար, 2012-ի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին: Այս փաստը հատկապես ոգեւորել է Հայաստանի գլխավոր մարքսիստ, Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանին: Երեկ նա իր ոգեւորությունը կիսեց «Առավոտի» հետ. «Սա խոսում է այն մասին, որ ապագա Ռուսիո կայսրը փորձում է կրկնել Ֆրանկլին Ռուզվելտի ռեկորդը, եւ այդ մասին նա հպարտությամբ շեշտեց»: Մարքսիստն արդեն իսկ հավատացած է, որ Պուտինը հաջողելու է եւ հատելու է Ռուզվելտի ռեկորդը, եւ որ դա որոշիչ ազդեցություն է ունենալու 2013-ին ՀՀ-ում կայանալիք նախագահական ընտրությունների վրա: Ուստի մարքսիստը չի հապաղում վերլուծություններ անել առ այն, թե դա ինչ ազդեցություն կունենա Հայաստան- Ռուսաստան պաշտոնապես գործընկերային, իսկ իրականում` ֆորպոստային հարաբերությունների վրա. «Նա Հայաստանում կպարտադրի իրեն ներդաշնակ, համահունչ, հարմոնիկ գահակալ: Հայ քաղաքական մտքի այն մտավախությունները, թե դա կլինի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` բացարձակ հիմք չունեն, որովհետեւ ժամանակի եւ պատմության առումով Ռոբին Հուդի (Ռոբերտ Քոչարյանի- Ն. Գ.), արցախյան վիկինգների եւ ՀՀՇ-ական, հարթակի տղաների ժամանակները վաղուց անցել են: Հայաստանի նախկին երկու նախագահների եւ ներկայիս նախագահի թեկնածությունը ես համարում եմ «պրաբիտայա կառտա»: Հայաստանը սպասում է իր նոր գահակալին: Դա թելադրում է պատմությունը` իր նոր տնտեսական, քաղաքական, ազգային մտքով: Կարծում եմ, որ արդեն այսօրվանից Պուտինը մտահոգված է Հայաստանով, Հայաստանի նախագահի իր թեկնածության նախապատրաստմամբ»:
Ընդհանրապես, Պուտինի վերադարձը քաղաքական հարթակ մարքսիստը համարում է պատմական անհրաժեշտություն, որը թելադրված է Ռուսաստանի շահով: Դա նաեւ, ըստ մարքսիստի, Պուտինի քաղաքականության պատմական գնահատականի արդյունքն է` ի հեճուկս ՀՀ երեք նախագահների, որոնցից երկուսի պատմական գնահատականը, ըստ Դավիթ Հակոբյանի, բացասական վեկտոր ունի: Ավելին, նա Պուտինին միեւնույն հարթության վրա է դնում պատմական այնպիսի դեմքերի հետ, ինչպիսիք են Պյոտր Առաջինը, Եկատերինա Երկրորդը եւ Իոսիֆ Ստալինը. «Իր ռեֆորմատորական արվեստի առումով նա հավասարազոր է Պյոտր Առաջինին, Եկատերինային եւ Ստալինին, իհարկե՝ յուրաքանչյուրն իր պատմական դարաշրջանի համար: Նա այս երեք մեծությունների կողքին է կանգնած, եւ նրա վերադարձը ժամանակի հրամայական է, Ռուսաստանի ազգային շահի պահանջ, ոչ թե ամբիցիոզ, իշխանամոլական տենչանքի արդյունք, քանի որ իր ռեֆորմիստական արվեստով այդ մարդը հավասարազորը չունի»: 
Այն, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կցանկանա վերադառնալ եւ պարզապես հարմար դասավորվածության ու հարմար պահի է սպասում, հայաստանյան շատ քաղաքական գործիչներ կասկած չունեն: Հետեւաբար, չի՞  կարող Պուտինի վերադարձը լինել հենց այդ հարմար պահն ու դասավորվածությունը, քանի որ նախագահների պաշտոնում իրենց պաշտոնավարման շրջանում եւ դրանից հետո Վլադիմիր Վլադիմիրովիչն ու Ռոբերտ Քոչարյանը, ըստ վերլուծաբանների, բավականին արդյունավետ համագործակցեցին: Հատկապես տնտեսական ոլորտում, մասնավորաբար` անձնական բիզնեսի շրջանակներում: Ի դեպ, հետաքրքրական է նաեւ, որ ՌԴ-ում եւ ՀՀ-ում նախագահական ընտրություններն իրար հաջորդելու են` 2012-ին դրանք կլինեն ՌԴ-ում, 2013-ին` ՀՀ-ում: Այս մասին խոսելը Հայաստանում դեռ վաղ են համարում: Որ Քոչարյանը հավակնություններ ունի` անկասկած է, բայց զուգահեռներ անցկացնել Պուտինի հավանական վերադարձի հետ, առայժմ վաղ են համարում: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ  Մանվել Սարգսյանն այս առիթով «Առավոտի» հետ զրույցում նկատեց, որ տարբերությունները Ռուսաստանի եւ Հայաստանի արտաքին ու ներքին իրավիճակներում, զուտ այդ երկու երկրների քաղաքական կարգավիճակների առումով, շատ են: Հետեւաբար, այն, ինչը հնարավոր է Ռուսաստանում, ըստ նրա, դեռ գրավական չէ, որ Հայաստանում էլ է հնարավոր: Նա համաձայն է, որ ՀՀ նախագահները, մեղմ ասած, միշտ են իշխանության գալիս Ռուսաստանի աջակցությամբ, սակայն կոնկրետ այս պարագայում դեռ ամեն ինչ այդքան միանշանակ եւ պարզ չէ. «Քոչարյանը կարող է նման ակնկալիքներ ունենալ, բայց իրավիճակը նոր է եւ ոչ այնքան պարզ: Հենց այնպես չենք կարող «copi past» անել Ռուսաստանին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել