Լրահոս
Օրվա լրահոսը

Ցորենի էլիտար սերմացուն՝ էլիտա՞ր մարդկանց

Սեպտեմբեր 29,2010 00:00

Շիրակում կառավարության սերմնարտադրության ծրագիրը կարծես թե ձախողվում է

Հացահատիկի տեղական սերմնարտադրությունը խրախուսելու նպատակով վերջերս կառավարությունը որոշել էր «օգնել» ֆերմերներին. 3 ու ավելի հեկտար ջրովի հողատարածք ունեցողներին պարտքով հացահատիկի սերմացու տրամադրել, պայմանով, որ բերքը ստանալուն պես գյուղացին պարտադիր 1 կիլոգրամի դիմաց 2 կգ-ն պետք է վերադարձնի կառավարությանը: Ընդ որում, գյուղացին պարտավորվում է սերմացուն վերադարձնել զտած վիճակում, հատուկ փաթեթավորված՝ ապրանքանիշով, մի խոսքով՝ այն վիճակում, ինչպես իրեն հատկացվել է: Այս մասին օրեր առաջ շիրակցիներին տեղեկացրեց գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը: Սակայն այժմ, մեր տեղեկություններով, պայմանն ավելի է խստացել, կառավարությունը պատրաստվում է սերմացու տրամադրել մեծ հողակտորներ ունեցողներին. առնվազն 7 ու ավելի հեկտար հողատարածքի դեպքում, միայն թե այս անգամ ջրովի ու անջրդի հողատարածքների միջեւ խտրականություն չի դնում: Սակայն պարզվում է, որ նույնիսկ նախորդ, այսպես ասած՝ ավելի մեղմ պայմանների դեպքում շիրակցիների մեծ մասին ծրագիրն անհասանելի է, շատերն են քննադատում խիստ պայմանները՝ այն համարելով ռիսկային: Շիրակի մարզի ամենամեծ ու հարուստ գյուղերից մեկի՝ Ազատանի գյուղապետ Վարդան Իկլիկյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ իր համայնքում հազարից մեկը կարող է օգտվել այդ ծրագրից, եւ այն պարզ պատճառով, որ գրանցված ֆերմերները առնվազն 1 կամ 2 հեկտար հողատարածք ունեն: «Իհարկե, կան մարդիկ, որոնք 10-15 հեկտար հող են վարձակալել մասնավոր անձանցից, բայց նրանք կադաստրային գրանցում չունեն, իսկ այս ծրագիրը պահանջում է, որ փաստաթղթերը օրինական լինեն: Իսկ ընդհանուր առմամբ մեր համայնքում ամեն մեկին 0, 96 հեկտար հողաբաժին է ընկնում: Բացի այդ, ոչ ձեռնտու պայման է նաեւ 1 կգ-ի դիմաց 2-ը վերադարձնելը, սա ես համարում եմ ռիսկային, եթե Աստված ոչ անի, երաշտ լինի, ու ֆերմերը չկարողանա այդ պայմանը իրագործել, նա պարտավորվում է սերմացուի դիմաց գումարը վերադարձնել, եթե նկատի ունենանք, որ դրսից ներկրվող սերմացուի 1 կգ-ն $1 է, ապա 2 կգ-ի դիմաց գյուղացին պիտի վերադարձնի 500-600-ին համարժեք դրամ, ես անձամբ այս ծրագրից շատ դժգոհ եմ»,- ասաց գյուղապետը՝ փաստելով, որ իր գյուղի 9 շահառուների ներկայացրած հայտերը մերժվել են հանձնաժողովի կողմից եւ միայն մեկինն է դեռ անորոշ: Շիրակի մարզի մեկ այլ ջրառատ գյուղի՝ Մարմաշենի գյուղապետ Աշոտ Եղոյանը եւս փաստում է, որ իր 2500 բնակիչ ունեցող գյուղում ընդամենը 1 շահառու է հայտ ներկայացրել, սակայն դեռ պատասխան չկա, դեռ պիտի գան, դաշտն ուսումնասիրեն: Ընդ որում, գյուղապետի խոսքերով, շահառուն առաջնորդվել է նախորդ պայմաններով, նա ընդամենը 3 հեկտար ու ավելի հողատարածք ունի: «Եթե ավելի օպտիմալ, ձեռնտու պայմաններ առաջարկվեր, միգուցե գյուղի 50%-ը մասնակցե՞ր: Ամեն մի ընտանիք մոտ 1 հեկտար հողատարածք ունի: Մարմաշենում վախից հացահատիկ ցանող չկա էլ, բնակլիմայական պայմանները էն վիճակին են մեզ հասցրել, որ մինչ օրս 200 հեկտար հողատարածքի մեջ կոմբայն չի մտել, քաղ չի եղել: Հիշո՞ւմ եք կարկուտն ինչ օրը գցեց մեզ, եթե հանկարծ հացահատիկ ցանես ու կլիման իր սյուրպրիզներն անի, ի՞նչ պիտի անի ֆերմերը, օգուտ չստացած տեղը տանի ու տոկոս վճարի, իմ հաշվարկներով՝ ամեն մի կգ-ի դիմաց 420 դրամ պիտի տա, իհարկե՝ ֆերմերն ինքը պետք է որոշի, քանի որ ինքն է անհատական պայմանագիր կնքում կառավարության հետ, սակայն, նորից եմ կրկնում, եթե պայմանները ձեռնտու լինեին՝ շատերը կօգտվեին», կարծում է գյուղապետը: Մեր այն հարցին, թե Շիրակի մարզում այլեւս ուշացած չէ՞ այս ծրագիրը, գյուղապետն ասում է. «Միգուցե էնքան որակով սերմ հատկացնեն, բնակլիմայական պայմաններն էլ համը չհանեն, այս ծրագիրը ստացվի՞»: Շարքային գյուղացիներն էլ մեզ հետ զրույցում քննադատում էին կառավարության այս ծրագիրը՝ այն համարելով մեծահարուստների համար գրված: «Էս երկրում չգիտե՞ք, որ օրենքները գրվում են օլիգարխների բիզնեսը զարգացնելու համար: Մի հատ որ նստեին, ծրագիրը նորմալ մշակեին, մեծ մասին հասանելի դարձնեին, ֆերմերին իրոք խրախուսեին, հացահատիկի միջազգային գների բարձրացման մասին էլ էդքան հանդիսավորությամբ չխոսեին, չէ՞ր լինի»,- նեղսրտած էին վերոհիշյալ գյուղերի բնակիչները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930