Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՈԼՈԿԱՆՆԵՐԸ ՀԱՅԵՐԵՆ ԵՆ ՍՈՎՈՐՈՒՄ

Սեպտեմբեր 30,2010 00:00

Ինչը դուր չի գալիս դասղեկին

Այս ուսումնական տարվանից որոշ դպրոցներ դարձել են ավագ: Դրանց թվում է Տավուշի մարզի Դիլիջանի թիվ 1 դպրոցը, որտեղ տեղափոխվել են թիվ 2 դպրոցի բարձր դասարանցիները: Դա Դիլիջանի բնակիչների եւ մասնավորապես թիվ 2 դպրոցի ուսուցիչների շրջանում վրդովմունք է առաջացրել: Օրերս այդ հարցով «Առավոտին»  էր դիմել Դիլիջանի թիվ 2՝ նախկին ռուսական, այժմ արդեն հիմնական դպրոցի ուսուցիչ, 10-րդ դասարանի դասղեկ Նադեժդա Մանվելյանը:  Բան այն է, որ թիվ 2 դպրոցում կային ռուսական դասարաններ, որտեղ սովորում էին Դիլիջանում բնակվող մոլոկանները: Այժմ վերջիններիս 16 երեխաների ճակատագիրն անհայտ է՝ ստիպված են հայալեզու կրթություն ստանալ:
Ն. Մանվելյանի խոսքով՝ «8-9 տարի բոլոր առարկաները ռուսերեն սովորած աշակերտների համար հայալեզու ուսուցումը դժվարամատչելի է եւ անհասկանալի»:
Տիկին Նադեժդան պատմեց, որ ժամանակին թիվ 3 հայկական եւ թիվ 2 ռուսական դպրոցները միավորվել են, դպրոցը դարձել է հայկական՝ ռուսական դասարաններով:
Եվ ոչ մեկի մտքով չէր կարող անցնել, թե հետագայում թիվ 2 դպրոցի ավարտական դասարանները կտեղափոխվեն թիվ 1 ավագ դպրոց՝ կորցնելով ռուսերեն սովորելու հնարավորությունը:
Ն. Մանվելյանը նշում է, որ ողջ սեպտեմբեր ամսին ինքն ու դպրոցի մյուս մանկավարժները պայքարել են, որ ռուսական միակ 10-րդ դասարանը մնա 2-րդ դպրոցում. «Որովհետեւ եւ կադրեր կային, եւ կատարյալ ռուսերեն լեզվին տիրապետող ուսուցիչներ, եւ ռուսերեն դասագրքեր, բայց ՀՀ ԿԳ նախարարության որոշմամբ, ռուսական 10-րդ դասարանը՝ 16 աշակերտով տեղափոխվեց ավագ դպրոց»:
Դասղեկը տեղեկացրեց, որ դասարանն իրականում ուներ 25 աշակերտ, որոնց մի մասը կրթություն ստանալու պատճառով տեղափոխվեց Դիլիջանից: Նա նաեւ հավելեց, թե Դիլիջանի թիվ 1 դպրոցի տնօրեն Արա Արամյանը ռուսական դասարանի ծնողներին խոստացել էր, որ աշակերտներն իրենց ուսումը կշարունակեն ռուսաց լեզվով. «Բայց այսօր այդ երեխաները սովորում են հայոց լեզվով: Տնօրենը հայերեն է դասավանդում հանրահաշիվ, երկրաչափություն առարկաները: Ես չեմ փնովում այդ դպրոցի ուսուցիչներին, շատ լավ մասնագետներ են՝ բայց առանց ռուսերենի իմացության: Երբ դասարան է մտնում ուսուցիչն ու խոսում ոչ գրագետ ռուսերենով, աշակերտների մեջ առաջացնում է ծիծաղ եւ անլրջություն առարկայի հանդեպ: Արժե՞ր այդպես «խաղալ» աշակերտների հետ: Չէ՞ որ նրանք  էլ բարձրագույն կրթության իրավունք ունեն ու հիմա  դպրոցում տանջվում են: Մի բան է խոսակցական լեզվով ռուսերեն հաղորդակցվելը մարդու հետ, մեկ այլ բան` կրթելը»:
Հետաքրքրվեցինք՝ ծնողներն ու դպրոցի ուսուցչական կազմը դիմե՞լ են համապատասխան ատյաններ: Ի պատասխան տիկին Մանվելյանն ասաց. «Արդեն մարդ չի մնացել, որ դիմենք: Լոռվա մարզի Ֆիոլետովոյի միջնակարգ դպրոցի վերաբացման օրը հանդիպեցի ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանին: Նա ինձ խորհուրդ տվեց գրավոր դիմել, որպեսզի հարցը ավելի բարձր ատյաններում ներկայացվի: Հետո անձամբ եղա իր մոտ: Նա ասաց՝ դասարանը դասղեկի հետ կտեղափոխվի ավագ դպրոց, այնտեղ կշարունակեք ուսուցումը՝  ռուսերեն դասավանդելով ձեր առարկաները: Սակայն դպրոցի տնօրեն Արամյանը, փոխնախարարի հրամանը արհամարհելով, 16 աշակերտներին տեղափոխեց եւ ինձնից գաղտնի՝ ծնողներին կանչեց ու հայտարարեց, թե ինքը հօգուտ երեխաների իր ղեկավարության տակ է վերցնում դասարանի ղեկը: Ու երբ ծնողներից մեկը հարցրել է՝ իրավունք ունի՞ լինել դպրոցի տնօրեն եւ դասղեկ՝ միաժամանակ, նա պատասխանել է՝ ես այդ ամենն անում եմ անվճար»:
«Առավոտը» կապվեց Դիլիջանի թիվ 1 դպրոցի տնօրեն Արա Արամյանի հետ: Երբ նրան ներկայացրինք թիվ 2 դպրոցի ուսուցչուհու դժգոհությունները, տնօրենը ասաց, որ երբեք ոչ մի տեղ եւ ոչ մի փաստաթղթի վրա գրված չի եղել, թե թիվ 2 միջնակարգ դպրոցը ռուսական է կամ իրավունք ունի ռուսական դասարան ունենալու, հետո էլ զարմացավ՝ ինչպես կարող է հայ երեխան 8-9 տարի սովորել ռուսական դպրոցում. «Ըստ օրենքների, առաջին դասարանից հայ երեխան կարող է ընդունվել ռուսական դասարան՝ այն դեպքում, երբ նրա ծնողները երկուսն էլ ազգությամբ ռուս են: Ես չեմ կարող ասել՝ այդ դպրոցն ունե՞ր ռուսական դասարան պահելու իրավունք, թե՞ ոչ: Ո՞վ կարող է ապացուցել, որ այդ դպրոցը եղել է ռուսական: Կա ԿԳ նախարարություն որոշում, որին հետեւում ենք: Ինչ վերաբերում է այդ դպրոցի ուսուցիչներին, մասնավորապես  Մանվելյանին, բոլորի նպատակը գումարն է, մի քանի ժամ ավելի պարապելը եւ 10000 դրամ ավելի ստանալը»:
Նա նշեց, որ ռուսական դասարան ավարտած աշակերտների վկայականներում երբեւէ չի գտել ռուսական դասարան կամ ռուսական դպրոց անվանումը. «Այս դասարանն արդեն շատ լավ ընթացքի մեջ է, ծնողներից ոչ ոք էլ չի դժգոհում անգրագետ ռուսերենից, քանի որ լավագույն մասնագետներն են դասավանդում նրանց երեխաներին»:
Ճի՞շտ է , որ Ա. Արամյանն ինքն իրեն նշանակել է դասղեկ, տնօրենը պատասխանեց. «Ես դասղեկ չեմ, ուղղակի դասղեկի պարտականությունները վերցրել եմ ինձ վրա: Համարում եմ, որ դա դպրոցի համար կարեւորագույն գործընթացներից է, ուստի չէի կարող ուրիշ մեկին «կրակը» գցել»: Մեր նկատառմանը, թե փոխնախարար Մանուկ Մկրտչյանը թիվ 2 դպրոցի ուսուցչական կազմին խոստացել է, որ դասարանը ավագ դպրոց կտեղափոխվի դասղեկի հետ միասին, պարոն Արամյանը զարմացավ. «Մեզ մոտ տեղափոխվում են տարբեր դպրոցներից, հո բոլորի դասղեկներին չե՞նք ընդունելու…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել