Վահան Առաքելյանի դատվածությունը հանվել է
Զրուցակիցս ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության «Ճանշին» ԲԲԸ նախկին տնօրեն Վահան Առաքելյանն է: Նրա հետ «Առավոտն» իր անդրանիկ հարցազրույցը վարել է 8 տարի առաջ՝ 2002թ. հուլիսի 10-ին, երբ արհեստականորեն սնանկ ճանաչվեց նրա ղեկավարած կազմակերպությունը, ճանապարհաշինարարական մրցույթի մասնակցելու նախապատվությունը տրվեց Հայաստանում չգրանցված իրանական մի անհասցե կազմակերպության: Վ. Առաքելյանը 2004թ. մարտի 11-ին դատապարտվեց 6 տարվա ազատազրկման՝ հասկանալի ենթատեքստով. միայն նրա համար, որ ՀԺԿ կուսակցության անդամ էր, կուսակցության ֆինանսական սյուներից մեկը, ՀՀ ազգային հերոս, ԱԺ հանգուցյալ նախագահ, 1999թ. հոկտեմբերի 27-ին խորհրդարանում գնդակահարված Կարեն Դեմիրճյանի կնոջ քրոջ ամուսինն էր: Ազատազրկման տարիներին որեւէ աղերս պետական-իշխանական օղակներին նա չի գրել: Իր պատիժը տարել է տղամարդավարի:
Այս տարվա մայիսի 6-ին Վահան Առաքելյանի դատվածությունը հանվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ: Որոշումը չի բողոքարկվել եւ մտել է օրինական ուժի մեջ:
Մինչ ազատազրկվելը՝ զրուցակիցս զբաղեցրել է բարձր պաշտոններ. նա եղել է ՀՀ նյութական ռեսուրսների նախարարության «Ոչ գործվածքային նյութերի ու ժողովրդական սպառման ապրանքների արտադրական ֆիրմայի» գլխավոր տնօրեն, Սիրիայի Արաբական Հանրապետության շինարար-ինժեներ, «Ճանշինի» գլխավոր տնօրեն, Լիբիայի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհների շինարարության գլխավոր մասնագետ…
– Ի վերջո, ինչո՞ւ դատապարտվեցիք:
– 2000թ.-ին սեփականաշնորհվեց «Երեւանի թիվ 1 ճանշին վարչությունը», այն անվանվեց «Երեւանի ճանշին» ԲԲԸ: Վերջինիս նախագահն ու գործադիր տնօրենը ես էի: Սակայն 2000թ. դեկտեմբերից իմ գլխավորած ընկերության նկատմամբ սկսվեցին աննախադեպ ոտնձգություններ, որոնց գլխավոր պատճառն այն էր, որ ես ընդդիմադիր ՀԺԿ կուսակցության անդամ էի, Կարեն Դեմիրճյանի մտերիմը: Բայց դա ամենը չէր: Վրեժխնդրությունն այնքան էր կուրացրել ոմանց, որ նրանք չբավարարվեցին ինձ ֆինանսապես պատժելով: 2004թ.-ին շինծու քրեական գործ սարքվեց, եւ ես դատապարտվեցի 6 տարվա ազատազրկման: Ընդ որում, հետապնդումները շարունակվում էին նաեւ կալանավայրում: Ես դիմեցի այն ժամանակվա «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետին, ՀՀ արդարադատության նախարարին, ԱԱԾ տնօրենին, ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ ոստիկանապետին, սակայն որեւէ մեկը ընթացք չտվեց դրանց: Իմ դիմումներն առկա են եւ կգտնվեն «արխիվներում»:
– Հիմա, երբ ազատության մեջ եք, կարո՞ղ եք հրապարակել այդ դիմումի բովանդակության մասին:
– Ես դիմել էի, որ իմ նկատմամբ նախապատրաստվում է մահափորձ: Ես բառացի մեջ եմ բերում դիմումս. «ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության «Հայավտոճան» ՊՓԲԸ տնօրեն (այլեւս նախկին- Ռ. Մ.) Կարեն Գեւորգյանը 5 հոգուց բաղկացած խմբով, «Ջիպ» մակնիշի 066 ԼԼ 01 պետհամարանիշի իր ավտոմեքենայով, հանդիպել է մի քաղաքացու հետ, վերջինիս բնակարանում, եւ ցույց տալով իմ լուսանկարը, ճանաչողության համար, 50 000 դոլար վարձավճարի դիմաց անձամբ պատվիրել է ինձ ֆիզիկական ոչնչացման ենթարկել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Կ. Գեւորգյանից անկախ պատճառներով իմ մահափորձը չի կատարվել»: Ես հիմա առավել քան համոզված եմ, որ 2003թ. դեկտեմբերին էլ «Ճանշինի» տարածքում իմ նկատմամբ կատարված ավազակային հարձակման թելերը ձգվում են նույն տեղից: Մեկուսարանից նամակ էլ եմ գրել Կարեն Գեւորգյանին, հիշեցնելով նրա հանդիպման մի «մանրամասն»՝ վարդենիսցի Մելիքի (Գասպարյան), Ճոյտի մոտ, «Զվարթնոցում», տրանսպորտի նախկին նախարար «Խուճուճ Էդոյի» մասնակցությամբ…
– Հրապարակումը կարող է դիտվել հանցագործության մասին հաղորդում: Ինչպե՞ս կարող եք ապացուցել:
– Հիմա էլ կան կենդանի վկաներ, որոնք հարկ եղած դեպքում պատրաստ են մահափորձի վերաբերյալ վկայություն տալ …
– Ազատվելուց հետո, որքան ինձ հայտնի է, Դուք վերջերս մասնակցեցիք դարձյալ մի մրցույթի:
– Ազատվելուց հետո էլ իմ նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումները շարունակվում են: Դրանք շարունակվում են անընդհատ: Անհասկանալի է, ինչ կարող է անել ներկայիս իշխանություններին մի մարդ, որին զրկեցին ողջ ունեցվածքից, աշխատանքից ու անգամ նոր աշխատանք գտնելու հնարավորությունից:
Այս տարվա ապրիլին մասնակցեցի ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առեւտրային կազմակերպության գործադիր տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթին: Բնականաբար, «կտրվեցի»: Իսկ երբ սեպտեմբերի 15-ին գնացի «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի ներկայիս տնօրեն Հենրիկ Քոչինյանի մոտ, նրան շնորհավորելու, ժ.17.50-ի սահմաններում հանդիպեցի անցանկալի մի մարդու՝ աշխատակազմի ղեկավար Զառային: Նա տեղյակ էր Կարեն Գեւորգյանի ոտնձգություններից, բնականաբար, մեր մեջ տհաճ զրույց տեղի ունեցավ: Երբ նա ասաց. «Այ, զեկ, քեզ առաջին անգամ նստացրեցինք, քի՞չ էր, հա, երկրո-րդ անգա՞մ ենք նստացնելու», ես չդիմացա… Կալանքիցս հետո ես ձայնս չէի բարձրացրել: Ոստիկանություն կանչեցին, գնացի, բացատրություն տվեցի:
– Մոտենում է հոկտեմբերի 27-ը:
– Հոկտեմբերի 27-ը հայ ժողովրդի ամենաողբերգական եւ ամոթալի էջերից է, որի իրական պատկերը շարունակ փորձում են քողարկել, մոռացության տալ, թողնել անպատիժ: Կարծում եմ, հենց դա էր պատճառը, որ տարիներ անց՝ 2008թ. մարտի 1-ին տեղի ունեցավ իր մասշտաբներով ավելի մեծ ողբերգություն: Ոճրագործները՝ իրավապահները, հանցավոր տարրերը համախմբեցին ուժերն ու կարողությունները, եւ կրակ բացեցին սեփական ժողովրդի վրա: Պատճառն այն էր, որ ժողովուրդն ընդվզել էր իշխանությունների անօրինականությունների դեմ:
Արդյունքում՝ 10 զոհ, հարյուրավոր վիրավորներ, քաղաքական բանտարկյալներ: Ընդ որում, բավարար հիմքեր կան կարծելու, որ հոկտեմբերի 27-ի եւ մարտի 1-ի կազմակերպիչները նույնն են: Հենց նրանք են փորձում ամեն կերպ պարտակել նշված ողբերգությունների գլխավոր մեղավորներին, խոչընդոտել այդ հանցանքների իրական կազմակերպիչների եւ իրականացնողների բացահայտումը: Այս ամենը վկայում է այն մասին, որ ներկայիս ՀՀ-ն բռնապետական երկիր է, որի «կարգադրիչները» շարունակում են ապօրինի պահել բռնությամբ զավթած իշխանությունը: Այսօր Հայաստանում ստեղծվել եւ գործում են բավական կատարելագործված մեխանիզմներ, որոնք կոչված են ուժով ճնշելու ժողովրդի արդարացված բողոքի ցանկացած ակցիա: Երկրում ըստ էության վերացված է ընտրական համակարգը, իսկ «ընտրություն» կոչվող ձեւական գործընթացները ոչ այլ ինչ են, քան գործող իշխանության վերարտադրության օրինականացման ռիտուալ: Ինչ է մնում անել ժողովրդին. կամ դուրս գալ փողոց, կամ գնդակահարվել, կամ արտագաղթել: