Լրահոս
Օրվա լրահոսը

Լուծումը գտնված չէ

Նոյեմբեր 11,2010 00:00

\"\"Ըստ անկախ վերլուծաբան Գեւորգ Մելիքյանի, այդ պատճառով է, որ ԼՂՀ հարցում առաջընթաց չկա

(սկիզբը՝ 04.11.2010)
«Առավոտի» հարցին՝ ինչո՞ւ Կոսովոյի, Աբխազիայի, Օսեթիայի դեպքում շատ արագ լուծումներ գտնվեցին, ԼՂՀ-ի դեպքում 16 տարի է՝ բանակցում են, բայց անարդյունք, ավելին, այս ընթացքում հասունացած Ադրբեջանի ռազմատենչությունն արդեն լկտիության է վերածվում, անկախ վերլուծաբան Գեւորգ Մելիքյանը հակադարձեց. «Մի՞թե Աբխազիայի եւ Օսեթիայի դեպքում եղան լուծումներ: Եղավ օգոստոսյան ռազմական բախումը Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ, ինչը պարադիգմատիկ փոփոխություններ բերեց տարածաշրջանում եւ անդին: Այն ստիպեց նույնիսկ մի շարք երկրների վերանայել իրենց արտաքին քաղաքականությունը եւ անվտանգության հայեցակարգերը: Նույնը կարելի է ասել նաեւ Կոսովոյի դեպքում: Միջազգային հանրությունը դեռեւս չի մարսել այն, ինչ որ կատարվեց Կոսովոն անկախ հռչակելու արդյունքում: Նման տիպի լուծումները՝ վերեւից քաղաքական որոշումներ կայացնելը, երբեք արդյունավետ չեն եղել եւ չեն էլ լինելու»: Իսկ թե ինչո՞ւ ղարաբաղյան հարցում լուծումներ նկատելի չեն, վերլուծաբանը կարծում է, որ «պատճառը հարավկովկասյան եռանկյունում բազմաթիվ խաղացողների եւ բազմաթիվ պետությունների առկայությունն է, ինչպես նաեւ՝ տարաբնույթ, հաճախ իրար հակասող շահերը եւ դրանց բախումները: Դրան գումարվում է նաեւ մի կարեւոր գործոն եւս՝ չկա ղարաբաղյան կողմի համաձայնությունը հարցի լուծման տարբերակների շուրջ: Եվ եթե նույնիսկ տեսականորեն ընդունենք, որ Աստանայում ինչ-որ որոշում, այնուամենայնիվ, կկայացվի, դա չի նշանակում, որ այն կլինի նաեւ կիրառելի: Մյուս կողմից էլ՝ պարզ է, որ ՀՀ-ն երբեք չի գնա ԼՂՀ-ի շահերին վնասող համաձայնությունների: Բայց իրականում հարցն այն է, որ ԼՂ հակամարտության հարցում համակողմանի լուծում դեռ չկա. ո՛չ միջազգային հանրությունը, ո՛չ ՀՀ-ն, ո՛չ ԼՂՀ-ն եւ ո՛չ էլ Ադրբեջանը լուծում չունեն: Տարբերակներ շատ կան, բայց մեկը, որը կլուծի ե՛ւ Ղարաբաղի կարգավիճակի, ե՛ւ փախստականների, ե՛ւ վերջնական խաղաղության հաստատման հարցերը եւ, որ ամենակարեւորն է, փոխվստահության հարցը՝ չկա: Անգամ անվտանգության որոշ տարածքների զիջման դեպքում որեւէ երաշխիք չկա, որ Ադրբեջանը կընդունի ԼՂՀ անկախությունը, կամ ինչ-որ միջանկյալ կարգավիճակ կտրվի Ղարաբաղին, որը կբավարարեր Ղարաբաղի ազգաբնակչության լիարժեք անվտանգությունը: Երաշխիքներ չկան նաեւ, որ Ադրբեջանը չի վերսկսի ռազմական գործողությունները, թեեւ ինքս այդ սցենարը քիչ հավանական եմ համարում: Ուստի պետք է փորձ արվի նախեւառաջ առաջ քաշել խաղաղության դաշնագրի կամ համաձայնագրի ստորագրման հարցը, որը, սակայն, ադրբեջանցիները դիտում են որպես կապիտուլյացիոն գործողություն, ինչպես նաեւ՝ լուրջ խոչընդոտ ռազմական ուժի կիրառմամբ ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծմանը հասնելուն»: Վերլուծաբանի կարծիքով, նման համաձայնագրի ստորագրումը մեզ կտար մի փոքր ավելի վստահություն եւ մանեւրելու ավելի շատ տեղ: Սակայն պետք է նկատել նաեւ, որ անգամ միջազգային իրավունքի շրջանակում կնքված դաշնագիրը չի կարող վերջնական  խաղաղություն ապահովել, քանի դեռ առկախ վիճակում է Ղարաբաղի թե՛ միջանկյալ, թե՛ վերջնական կարգավիճակի հարցը: Միջազգային իրավունքը համաշխարհային քաղաքականության համար գերագույն ատյան չէ, այն չունի այն ուժը, ինչ, օրինակ, Սահմանադրությունը՝ երկրի համար, կամ քրեական օրենսգիրքը՝ հանցավորության դեմ պայքարի հարցում: Աշխարհում հնարավոր չէ միայն միջազգային իրավունքի վրա հիմնվելով իրականացնել նախաձեռնողական եւ հեռահար քաղաքականություն. «Միջազգային իրավունքի հիման վրա չէր, որ Կոսովոն անկախություն ստացավ: Այն անկախացավ քաղաքական որոշման արդյունքում, ուստի եւ Կոսովոյի դեպքը չի կարող նախադեպ լինել մեր պարագայում, որքան էլ որ ցավալի է: Նույնը եղավ նաեւ Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի դեպքում, այս անգամ արդեն ՌԴ-ի կատարմամբ: Եթե ղարաբաղյան հարցում փորձեր արվեն վերեւից լուծումներ պարտադրել, լուրջ խնդիրների առջեւ կկանգնենք ե՛ւ մենք, ե՛ւ միջազգային հանրությունը: Բարեբախտաբար, միջազգային հանրությունն իր առջեւ նման անհեռանկար խնդիր չի դրել, թեեւ որոշ փորձեր արվել են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել