Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբեր 11,2010 00:00

\"\"Առողջապահության համակարգում առաջարկում է նախկին փոխնախարար, նախկին պատգամավոր Ավետ Գրիգորյանը

– Հայ ազգային կոնգրեսը այս տարվա հունիսին հանրային քննարկման ներկայացրեց «Առողջության պահպանման քաղաքականություն» ծրագրային փաստաթուղթը: Ի՞նչ արձագանքներ եղան:
– Ակնկալվում էր շահագրգիռ արձագանք հասարակության եւ նրա առողջության համար պատասխանատու առողջապահության համակարգի կողմից: Ցավոք, այն ուշանում է: Պատճառը, կարծում եմ, վերեւից չհրահանգավորված՝ սեփական նախաձեռնությամբ քայլ անելու վախի, նաեւ անտարբերության ու տագնապային սպասումի այն մթնոլորտն է, որը ստեղծված է իշխանությունների «թեթեւ» ձեռքով: Ամենայն հավանականությամբ, կա նաեւ «Պահպանել լռություն» հրահանգավորված ցուցում, ինչպես եղավ ՀԱԿ-ի «100 քայլ» ծրագրի դեպքում:
– Միգուցե կարիք կա մանրամասնե՞լ փաստաթղթի բովանդակությունը:
– Ներկայացված փաստաթուղթը մեր ազգաբնակչության առողջության պահպանման այսօրվա իրավիճակով պայմանավորված՝ անհետաձգելի ու արմատական փոփոխություններ պահանջող խնդիրների եւ առաջարկվող լուծումների խտացումն է՝ շարադրված հիմնադրույթների տեսքով, որոնցից յուրաքանչյուրը ծրագրային զարգացման անհրաժեշտություն ունի: Հստակ պատկերացնելով իրականացվելիք քայլերի հաջորդականությունն ու տրամաբանությունը՝ մենք լավ հասկանում ենք նաեւ սպասվելիք աշխատանքների բարդությունն ու ծավալները:
– Անդրադարձեք մի քանի կարեւոր հիմնադրույթների:
– Ահավասիկ՝ հասարակություն-առողջապահության համակարգ հարաբերությունները: Նախագծի նախաբանում բերված է անվիճարկելի մի գնահատական՝ «Հասարակությունը, ի դեմս առողջապահության համակարգի, չի տեսնում քաղաքացու առողջության պահպանման հարցում պետության երաշխավորին՝ անկախ նրա սոցիալական կարգավիճակից»: Հասարակությունը ոչ միայն չի տեսնում պետությանը որպես երաշխավոր, այլեւ չի վստահում համակարգին: Հիշենք հաճախ լսվող «Աստված չանի բժշկի ձեռքն ընկնես» խոսքը, որը համակարգի նկատմամբ վերաբերմունքի դիպուկ բնութագիրն է: Խոսքը, անկասկած, չի նշանակում, թե մարդը չի գիտակցում առողջության հետ խնդիր ունենալու անխուսափելիությունը եւ ուշ թե շուտ բժշկի կարիք ունենալը: Պարզապես նա անհանգստանում, եթե չասենք՝ սարսափում է համակարգում տիրող կոռումպացված իրավիճակից եւ դրանով պայմանավորված՝ վերաբերմունքից ու սպասվող ծախսերից: Հարուստներն անգամ չեն վստահում համակարգին եւ կասկածելով հայրենական բժշկության որակական չափանիշներին՝ պատրաստ են հսկայական գումարներ ծախսել արտերկրում: Հաճախ նույնիսկ պաշտոնապես հայտարարվում է բուժզննման նպատակով այս կամ այն բարձրաստիճան պաշտոնատար անձի՝ արտերկիր մեկնելու մասին:
– Ամեն ինչ «սեւերով» ներկայացրիք, բայց մեզ մոտ լավ բժիշկներ էլ կան:
– Անշուշտ, ասածս չի նշանակում, թե մեր երկրում չկան լավ մասնագետներ կամ սարքավորումներ: Կան, բազմաթիվ են եւ շատ իրավիճակներում բուժաշխատողների արածն անգնահատելի է: Խնդիրը համակարգի՝ որպես ամբողջության, եւ նրա նկատմամբ վերաբերմունքի մասին է:
Անհրաժեշտ է ամեն ինչ անել վերականգնելու համար վստահությունը առողջապահության համակարգի նկատմամբ: Մարդը՝ ի դեմս բժշկի, բուժքրոջ, դեղատան աշխատակցի, պետք է տեսնի հոգատար ու բանիմաց մասնագետի, որի նպատակն է օգնել առողջության հետ խնդիր ունեցող յուրաքանչյուրին: Նա պետք է վստահ լինի, որ բժշկի դիմելիս նշանակված ախտորոշման ձեւերն ու ծավալները եւ հետագայում էլ առաջարկվող բուժման մեթոդներն ու դեղերը իրոք անհրաժեշտ են եւ արդյունավետ, այլ ոչ թե ուռճացված՝ նպատակ ունենալով մեծացնել բուժհիմնարկի կամ դեղային բիզնեսի եկամուտները:
Պատահական չէ, որ հիմնադրույթներից որպես առաջին ներկայացված է հասարակություն-առողջապահության համակարգ խաթարված հարաբերությունների վերականգնումը, եւ առաջարկվող բոլոր փոփոխություններն ու լուծումները նախ եւ առաջ այդ նպատակն են հետապնդում:
– Ներկայացրեք, խնդրեմ, մի քանիսը:
– Գերակա է համարվում առողջության պահպանման խնդրում պետության եւ քաղաքացու իրավունքների եւ պարտականությունների ներդաշնակումը:
Համաձայնեք, որ այսօր իր առողջության պահպանման եւ բուժման դիմաց վճարելու քաղաքացու պարտականությունն է միայն, որ գործում է «անխափան». չվճարես՝ չես բուժվի: Իսկ պետության պարտականությունը՝ ապահովելու իր քաղաքացիների առողջության պահպանումը, մատչելի ու որակյալ բուժծառայությունների մատուցումը, իրականացվում է թերի, շատ դեպքերում մնալով դեկլարատիվ, չաշխատող դրույթ: Վերոնշյալ ներդաշնակումն ապահովելու համար անհրաժեշտ են լրացուցիչ օրենսդրական կարգավորումներ, համակարգի գործունեության հասարակական վերահսկողության խթանում եւ այլն: Վերջինիս համար պետությունը կնպաստի մասնագիտական ասոցիացիաների եւ պացիենտների իրավունքների խնդիրներով զբաղվող կազմակերպությունների ձեւավորմանը եւ նրանց դերի բարձրացմանը: Շատ է կարեւորվում նաեւ մատուցվող բժշկական ծառայությունների ծավալների եւ որակի վերահսկման խնդիրը: Հայտնի է, որ բժշկական ծառայությունը հանդիսանում է յուրահատուկ «ապրանք», որի որակը եւ անհրաժեշտ ծավալները միջին սպառողի կողմից գնահատման համար բարդ են՝ անհրաժեշտ են հատուկ գիտելիքներ:
Ելնելով վերոհիշյալից եւ խուսափելու համար բժիշկների եւ բուժհիմնարկների կողմից բժշկական ծառայությունների սպառումն անհիմն ուռճացնելու միտումներից՝ չհիմնավորված կոնսուլտացիաներ, լաբորատոր-գործիքային հետազոտություններ եւ այլն, կներդրվի բժշկական օգնության եւ ծառայությունների որակի կառավարման նոր համակարգ, ինչը նույնպես համարվում է գերակա խնդիր: Այդ համակարգը կնախատեսի բուժծառայությունների մատուցման, մասնավորապես՝ հիվանդությունների վարման հստակ սահմանված եւ օրենսդրորեն հաստատված, հետեւաբար կիրառման համար պարտադիր գործելակարգերի (պրոտոկոլների), ինչպես նաեւ բժշկա-տնտեսագիտական չափորոշիչների ներդրում: Դա հնարավորություն կտա վերահսկելի եւ գնահատելի դարձնել մատուցված ծառայության որակն ու ծավալը պացիենտների եւ այլ՝ ընդհուպ դատական ատյանների համար: Արդյունքում կհաջողվի ոչ միայն բարձրացնել բուժծառայություններ մատուցողների պատասխանատվությունը, այլեւ կտրուկ կրճատել բժշկական օգնության փոխհատուցման չհիմնավորված ծախսերը:
– Ո՞վ եւ ինչպե՞ս պիտի իրականացնի որակի վերահսկումը: Ասացիք, որ սպառողի համար որակի գնահատումը բարդ է: 
– Անշուշտ, հիվանդների բուժման որակի երաշխավորը բոլոր բուժհիմնարկներում (անկախ սեփականության ձեւից) պիտի լինի պետությունը: 
Որակի անմիջական վերահսկման գործառույթը կվերապահվի բուժծառայությունների ֆինանսավորումն իրականացնող համապատասխան կառույցներին՝ ապահովելով եւ պահանջելով վերոնշյալ չափորոշիչների հստակ եւ խստագույնս կիրառում: Օրինակ, ապահովագրական հատուցումների դեպքում՝ ապահովագրական ընկերություններին:   
Բյուջետային ֆինանսավորման դեպքում դա կլինի «Պետական առողջապահական գործակալությունը», որը պետք է վերածել գերատեսչական ենթակայությունից դուրս կարգավիճակ ունեցող կառույցի: Այսօր այն հանդիսանում է առողջապահության նախարարության առանձնացված ստորաբաժանում, մի կարգավիճակ, որը մեթոդաբանորեն անհեթեթ է, քանի որ չի կարող արդյունավետ եւ անշահախնդիր վերահսկել այն համակարգի ֆինանսական հոսքերն ու մատուցվող ծառայությունների որակը, որի կազմում ինքը գործում է: Ակներեւ է շահերի բախումը:
– Չե՞ք կարծում, որ առաջարկվող վերահսկիչները կդառնան կոռուպցիայի նոր կրողներ:
– Իհարկե, կդառնան, եթե գործեն եւ կառավարվեն այսօրվա իշխանական համակարգում: Չմոռանանք ՀԱԿ-ի ծրագրային հիմնական նպատակներից իշխանափոխությունը, որից հետո է նախատեսվում առաջարկվող, այդ թվում՝ առողջության պահպանման խնդրում քայլերի իրականացումը: 
– Ներկայացված խնդիրներն ու լուծումները, կարծես թե, հիմնականում հասարակությանն են վերաբերում, իսկ համակարգի առումով՝ միայն նրա պարտականություններին: Ո՞ւր մնացին բժշկի իրավունքները:
– Տեղին հարց, որի պատասխանով ուշադրություն բեւեռենք մի շատ կարեւոր հանգամանքի: Հասարակություն-առողջապահության համակարգ հարաբերությունների բարելավմանն ուղղված առաջարկվող քայլերի ողջ տրամաբանությունը ենթադրում է հստակեցնել ու պաշտպանել ոչ միայն բուժօգնության կարիք ունեցողի, այլեւ նվիրված ու բարեխիղճ աշխատելու ձգտում ունեցող բուժաշխատողի շահերը: Կարեւոր ենք համարում բուժաշխատողների իրավունքների պաշտպանությունը, նրանց հասարակական դիրքի բարձրացումն ու կենսամակարդակի բարելավումը, ինչպես նաեւ մասնագիտական գործունեության ռիսկերի գնահատման չափանիշների ներդրումը: Վերջինիս նպատակով նախատեսվում է ընդունել օրենք «Բուժաշխատողների եւ դեղագործների մասնագիտական ռիսկերի ապահովագրության մասին»: Ամեն ինչ կարվի բուժաշխատողների օրինական եկամուտները վերջապես հասցնելու այնպիսի մակարդակի, որը կընձեռի իրենց առաքելությանն արժանի կենսամակարդակի ապահովում:
Այս ամենը, սակայն, բավարար չեն լինի, եթե չլինի դրանց իրականացման քաղաքական կամք՝ մի բան, որ բացակայում է այսօրվա իշխանավորների մոտ:
Հասարակություն-առողջապահության համակարգ խաթարված հարաբերությունների վերականգնման համար, իհարկե, անհրաժեշտ են եւ նախատեսված են նաեւ այլ քայլեր: Այդպիսիք պետք է դիտվեն պետության կողմից առողջության պահպանմանն ուղղվող ֆինանսական միջոցների կտրուկ աճը եւ դրանց ծախսման արդյունավետության բարձրացումը, ֆինանսական հոսքերի կառավարման նոր ձեւերի ներդրումը, մասնավորապես՝ պարտադիր բժշկական ապահովագրության տեսքով, համակարգում մոնոպոլիզմի վերացումն ու իրական մրցակցության ապահովումը, դեղորայքային ապահովության պետական ֆինանսավորման աճը, ինչի արդյունքում կխթանվի դեղորայքային ապահովվածության սոցիալական ուղղվածությունը, դեղերի մատչելիության մակարդակի բարձրացման նպատակով դեղերի գների կարգավորման արդյունավետ մեխանիզմների ներդրումը եւ այլն: Այդ խնդիրների ներկայացումը, սակայն, առանձին նյութ է, իսկ այս հարցազրույցում արծարծված թեմայի վերաբերյալ առավել ամբողջական տեղեկություն ստանալու համար առաջարկում եմ այցելել https://www.anc.am/am /news/416/ հասցեով էլեկտրոնային կայքէջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել