Լրահոս
Ֆեյքի վերջը
Օրվա լրահոսը

Հայաստանի «մրցանակակիր» նախարարությունները

Դեկտեմբեր 15,2010 00:00 Share

ՀՀ ԿԳՆ ու մշակույթի  նախարարությունները ծխառատ են

«Հայաստանն առանց ծխախոտի» հասարակական դաշինքն ու Հայաստանի ամերիկյան համալսարանի առողջապահական ծառայությունների հետազոտման եւ զարգացման կենտրոնը Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում իրականացրել են հակածխախոտային մոնիտորինգ: Ծխախոտի ծխից զուրկ եւ ամենածխառատ հաստատությունների անուններն արդեն հայտնի են: Երեկ Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացած մրցանակաբաշխության ժամանակ հակածխախոտային սիմվոլիկ դրոշներ եւ պատվոգրեր հանձնվեցին մրցանակակիրներին: «Ծխախոտի ծխից ազատ համալսարան» անվանակարգում հաղթողներ են ճանաչվել Ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանը եւ ԵՊՀ-ն: «Ծխաշատ համալսարանի» «մրցանակակիրներն» են Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը եւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը: Ծխախոտի ծխից զուրկ նախարարություններ են ճանաչվել ՀՀ առողջապահության նախարարությունը, Շիրակի եւ Լոռու մարզպետարանների առողջապահության վարչությունները, Գյումրիի եւ Վանաձորի մի շարք առողջապահական հաստատություններ՝ Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնը, «Բեռլին» պոլիկլինիկան, Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկան եւ այլն: Ըստ մոնիտորինգի արդյունքների՝ ամենից ծխառատ նախարարություններն են ՀՀ ԿԳՆ-ն եւ ՀՀ մշակույթի նախարարությունը: Ծխից ազատ բուժհաստատություններից լավագույններն են «Մուրացան» համալսարանական հիվանդանոցը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Մալաթիա», «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնները: Երեւանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը եւ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը պատվոգրերի արժանացան՝ համարվելով ծխախոտի ծխից ազատ մշակութային հաստատություններ: «Մարդկությունն իր պատմության մեջ երկու մեծ հիմարություն է թույլ տվել՝ ծխախոտ է հնարել եւ սահմաններ գծել: Դրանցից պետք է ազատվել, եկե՛ք չծխենք, որովհետեւ դրա մեջ ոչ մի լավ բան չկա»,- ասաց Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը: Ծխախոտի ծխով առատ մշակութային հաստատությունների շարքը մեծաթիվ էր՝ «Մոսկվա» կինոթատրոն, Երեւանի պետական կամերային թատրոն, Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն:

Երեւանի վարչական շրջաններից ծխառատ են համարվել Կենտրոն, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները: Այս անվանակարգում իսկական մրցանակակիր չի եղել: Մարզական հաստատություններից ծխախոտից ազատ են ճանաչվել՝ «Աքվատեքը», «Օրանժը» եւ մի քանի այլ մարզական կենտրոններ: Կազմակերպիչները հանրային տրանսպորտը ծխախոտի ծխից ազատ միջավայր դարձնելու ջանքերի համար պատվոգիր շնորհեցին նաեւ «Երեւանտրանս» ՓԲԸ-ին, հատուկ մրցանակ շնորհվեց «ՎիվաՍել-ՄՏՍ»-ին, որը ոչ միայն ստեղծել է ծխախոտի ծխից զուրկ աշխատավայր, այլեւ աջակցել է «Հայաստանն առանց ծխախոտի» հասարակական դաշինքին՝ հակածխախոտային պայքարում:

«Այսօր մեր ազգաբնակչությունը, երեխաներն առնչվում են ծխախոտի ծխի հետ՝ ընտանիքներում, դպրոցներում, բակային միջավայրերում, այս միջոցառումը կարող է ինչ-որ կերպ օգնել հակածխախոտային պայքարում: Արգելումը ելք չէ, քանի որ կարող է առաջ բերել այլ հիվանդություններ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանը: ՀՀ առողջապահության նախարարության հակածխախոտային ծրագրի համակարգող Ալեքսանդր Բազարչյանն էլ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ Հայաստանը ծխող տղամարդկանց մեծ թվով աշխարհում առաջինների շարքում է. «16-ից բարձր դեռահասների եւ տղամարդկանց կեսից ավելին մեզ մոտ ծխող են»: Ինչ վերաբերում է ծխախոտ օգտագործող հայ կանանց եւ աղջիկներին, նա գտնում է, որ վերջին շրջանում ոչ թե նրանց կողմից աճ է նկատվում, այլ ծխախոտ օգտագործողներն են ավելի տեսանելի դարձել: Գիտականորեն ապացուցված է, որ ծխելը կախվածություն է առաջացնում: Իսկ ծխախոտից հրաժարվելու ամենակարեւոր պայմանը ռեալ ցանկությունն է: Եթե մարդը ցանկանում է թողնել ծխելը, կան նաեւ դեղամիջոցներ, որոնց օգնությանը նա կարող է դիմել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել