Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԼԱՅՆԵԼ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

Դեկտեմբեր 25,2010 00:00

\"\"Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի նորանշանակ տնօրենի մեկնաբանությունները

Ամանորի նախօրեին Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցին «Առավոտի» անդրադարձը 2 պատճառ ուներ՝ երեկ տեղի ունեցած հաշվետու համերգը եւ այս ուսումնական տարում նոր տնօրենի նշանակումը: Կրթօջախի սաների յուրաքանչյուր բեմել իրավամբ համարվում է մեր երաժշտական կյանքի իրադարձություն, քանի որ շուրջ 90-ամյա դպրոցը իսկական դարբնոց է, որի երբեմնի սաների անունները «շրջանառվում» են համաշխարհային երաժշտության օլիմպոսում:

Հանդիպեցինք դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանին: Նա ավարտել է Երեւանի կոնսերվատորիան՝ պրոֆեսոր Սուրեն Հախնազարյանի, ապա ասպիրանտուրան՝ պրոֆեսոր Էդուարդ Թադեւոսյանի դասարանները: Շուրջ 20 տարի ջութակահար Մ. Կոստանդյանը աշխատել է արտերկրում՝ որպես նվագախմբի արտիստ եւ մենակատար: Անխոս, նրան հեշտ չէ շարունակել դպրոցի հիմնադիր Սամսոն Գասպարյանի, Կոնստանտին Սարաջեւի, Մարտին Մազմանյանի, Հայկանուշ Դանիելյանի, Սերգեյ Քեոսայանի, Տատյանա Հայրապետյանի գործը: Այս առիթով պարոն Կոնստանդյանն ասաց. «Դպրոցում դասավանդում են նաեւ կոնսերվատորիայի լավագույն դասախոսները, այդ թվում՝ Սերգեյ Սարաջյանը, Մեդեա Աբրահամյանը, Ռոզա Թանդիլյանը, Գագիկ Սմբատյանը, Զեմֆիրա Բարսեղյանը, Ալլա Բերբերյանը եւ այլք: Գերնպատակն է ոչ միայն պատրաստել մենակատար երաժիշտներ, այլեւ ընդլայնել «երաժշտական կոլեկտիվ» հասկացությունը: Ի վերջո, իմ կողքին է շուրջ 30 տարվա բազմավաստակ տնօրեն Տատյանա Հայրապետյանը…»: Հաշվետու համերգին նկատելի էր հատկապես Կամերային նվագախմբի ելույթը՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, որը, ինչպես ժամանակին տեղեկացրել էինք, վերջերս Պրահայում կայացած ամենամյա երաժշտական փառատոնին արժանացել է գլխավոր մրցանակի: Նշենք, որ շուրջ 25 երաժշտից կազմված նվագախմբում բացառապես այս դպրոցի պատանի երաժիշտներն են:

Այսօր մեր երկրում տեղի են ունենում կրթական բարեփոխումներ, որոնց ֆոնին մի տեսակ մոռացության են մատնվել երաժշտական եւ արվեստի դպրոցները: Արդյոք այս ոլորտում անհրաժեշտ չե՞ն նորամուծություններ եւ ի՞նչ ծրագրեր ունի տնօրենը այդ առումով: «Հանրակրթական բարեփոխումները միանշանակ անհրաժեշտ են, իսկ ինչ վերաբերում է մշակութայինին կամ երաժշտականին, ապա դրանց ողջ աշխարհում մշտապես անհատական մոտեցում է ցուցաբերվել»,- հայտնեց տնօրենը:

Հանրակրթության ասպարեզում անընդհատ տեղի է ունենում ուսուցիչների աշխատավարձերի բարձրացում, մինչդեռ երաժշտական դպրոցներում դրա մասին խոսք անգամ չի գնում, արդյոք դա՞ չէ պատճառը, որ շատ պրոֆեսորներ՝ կոնկրետ՝ Չայկովսկու անվան դպրոցից հեռանան: «Ասացի, որ մեզ մոտ սիրով ու նվիրվածությամբ դասավանդում են կոնսերվատորիայի պրոֆեսորներ: Ի դեպ, մենք՝ գտնվելով մշակույթի նախարարության ենթակայության տակ, ֆինանսավորվում ենք ավելի, քան 7-ամյա երաժշտական դպրոցների ուսուցիչները: Մեր դպրոցի շնորհալի սաներին 8-րդ դասարանից նշանակվում է թոշակ: Դպրոցում քիչ չեն սովորողները՝ ԼՂՀ-ից, որոնք տարբեր մրցույթներում բարձր են պահում մեր երկրի պատիվը»,- պատասխանեց նա:

Կրթության շարունակական հայեցակարգը նախատեսում է նաեւ նախակրթարանների ձեւավորում, չի՞ կարծում, որ իրենց դպրոցն էլ ունի դրա կարիքը: «Ունենք նախապատրաստական դասարան, ուր սովորում են 4-5 տարեկանները, իսկ նրանց մոտ 90%-ը ընդունվում է առաջին դասարան»,- ասաց մեր զրուցակիցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031