Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՄԱՆԱԿԵԼՈՎ՝ ԵՐԵԽԱՆ ԶԱՐԳԱՆՈՒՄ Է

Հունվար 20,2011 00:00

\"\"Հոգեբանների կարծիքով, ծնողները պետք է ուշադիր լինեն, որ զարգացումը ճիշտ ընթանա

Վերջերս լրատվամիջոցներով տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ Նորքի 2-րդ զանգվածի մի բարձրահարկից 2 փոքրահասակ երեխա թռել են ցած եւ տեղում մահացել: Ըստ հրապարակված նյութերի, երեխաները հագած են եղել «սարդ մարդու» (spidermen) հագուստներ, որը նրանց Նոր տարվա կապակցությամբ նվիրել էր իրենց հորեղբայրը. նրանք կարծել էին, թե իրենք «սարդ մարդու» հագուստները հագնելով՝ դառնում են իսկական «սարդ մարդ» ու արդեն կարող են բարձրությունից թռչել ու հորինված հերոսի նման սեփական սարդոստայնի թելերը կպցնել հարեւան շենքերին՝ այդպիսով անվնաս վայրէջք կատարել: Բարեբախտաբար, այս տեղեկատվությունը հերքվեց ոստիկանության լրատվական ծառայության կողմից: Մեզ հետ զրույցում ոստիկանությունից այս կապակցությամբ հայտնեցին նաեւ, որ վերջին 15 տարվա մեջ նման դժբախտ պատահար, որ երեխան իրեն վնաս տա մուլտհերոսներին կամ հեքիաթ-ֆիլմերի հերոսներին նմանակելով, չի գրանցվել:
Չնայած դրան, բազմաթիվ ծնողների անհանգստացնում է այն, որ իրենց երեխաները մի օր կփորձեն այդ հերոսներին նման թռչել բնակարանների պատուհաններից՝ երեւակայելով, որ «սարդ մարդ» են կամ «Winx» աղջիկներ, քանի որ երեխաների մեծ մասն առօրյայում արդեն կրկնում են մեծ ճանաչում ու սեր վայելող այդ հերոսների վարքը: Օրինակ, «սարդ մարդուն» նմանակելու համար երեխաներից մեկը ոչ միայն ծնողներին ստիպել է այդ հերոսի հագուստը գնել, այլեւ ամբողջ տան պատերին ու առաստաղին ծամած մաստակներ է կպցրել, իբրեւ թե «սարդ մարդու» սարդոստայնի թելերի թողած հետքերն են: Աղջիկներից մեկն էլ հրաժարվել է սննդից, որպեսզի ծնողներն իրեն «Winx» աղջիկների ժամանակակից ու գունավոր հագուստ գնեն՝ կարճ կիսաշրջազգեստ կամ կիպ գրկող տաբատ:
Նշենք, որ «սարդ մարդը» դրական կերպար է, օգնում է մարդկանց, ունի իր հատուկ հագուստը՝ կապույտ ու կարմիր եւ սարդոստայնի թել, որը նրան օգնում է շենքերից կառչելով շուտ հասնել այն վայր, որտեղ իր կարիքը զգում են: Դրական կերպարներ են նաեւ «Winx» փերիները, որոնք նույնպես թռչում են եւ պայքարում չար ուժերի դեմ: Սակայն շատ երեխաներ փորձում են նմանակել մուլտֆիլմերում կամ կինոնկարներում բացասական կերպարներին եւ իրենց ծնողներին ստիպում են գնել հենց այդ հերոսների հագուստները եւ իրենց վարքն էլ նմանեցնում են այդ հերոսի վարքին:
Մեր այն հարցին, թե չի՞ վնասվում երեխաների հոգեկան առողջությունը այդ նմանակումներից, մանավանդ, երբ նրանք ուզում են նմանվել բացասական «հերոսների», հոգեբան-խորհրդատու Մարիա Թեւոսյանը պատասխանեց, որ մուլտֆիլմերի կամ կինոնկարների հերոսներին նմանակելը երեխայի կողմից նորմալ է. «Երեխան աշխարհաճանաչման գործընթացում է գտնվում: Դա բացասական երեւույթ չէ: Պարզապես մեծը՝ ծնողը, նույնպես պետք է մասնակցի երեխայի խաղին եւ նրան ճիշտ ուղղորդի, նույնիսկ, եթե երեխան բացասական հերոսի է նմանակում: Ծնողը պետք է հենց այդպես էլ դաստիարակի երեխային ու խաղի միջոցով ասի նրան, թե ինչպես վարվի»: Մեր այն հարցին՝ իսկ երբ երեխան արդեն սկսում է իրեն ֆիզիկական վնասներ հասցնել, ասենք՝ փորձում է բնակարանի պատուհանից դուրս նետվել, նա պատասխանեց. «Դրանք ավելի շուտ ծնողների վախերն են: Երեխան երբ աթոռից կամ սեղանից թռչում է հատակին, ծնողը սկսում է մտածել, որ երեխան կարող է վաղը նաեւ պատուհանից փորձել թռչել: Երեխան էլ կարող է մտածել, եթե պատուհանից թռչի՝ ինչ կլինի, բայց քանի որ նա շատ շփում չունի մեծերի հետ, չի արտահայտվի այդ մասին: Կարծում եմ, որ նման փորձ էլ չի անի»:
Իսկ «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի հոգեբան Արշակ Գասպարյանի կարծիքով, երեխան սկսում է նմանակել մուլտֆիլմերի եւ ֆիլմերի հերոսներին, քանի որ պակաս ուշադրություն է ստանում իր ծնողների կողմից. «Երեխայի համար կարեւոր է, որ ինքը սիրված լինի իր ծնողների կողմից: Նրանց համար լինի ամենալավը, ամենասիրելին, ամենագեղեցիկը եւ ամենա-ամենան: Եթե այդպես լինի, երեխան չի ձգտի նմանվել ինչ-որ մեկին: Նա սկսում է հերոսին կարեւորել այն ժամանակ, երբ իր նկատմամբ ուշադրությունը պակասում է: Դա բացասական երեւույթ չէ, նույնիսկ զարգացնող է, բայց ունի նաեւ բացասական կողմ, քանի որ երեխան արդեն հրաժարվում է իր «ես»-ից: Այս դեպքում շատ կարեւոր է, թե երեխան որ տարիքում է. եթե մինչեւ 3 տարեկան է նմանակում, դա նորմալ է, իսկ երբ ավելի մեծ տարիքում է շարունակում՝ միջամտության կարիք կա»: Նա առանձնացրեց «Winx» փերիներին նմանակելը. «Եթե փոքրիկ աղջիկները փորձում են նմանակել փերիներին, դա կարող է նաեւ ուշադրության արժանանալու պահանջ լինել, ինչպես նաեւ ինքնուրույնության դրսեւորման: Մենք քիչ ենք երեխաներին թույլ տալիս, որ իրենց համար հագուստ ընտրեն, հնարավոր է, որ իրենք էլ այդպես փորձում են ցույց տալ, որ իրենց ուզած հագուստն են ուզում կրել»:
«Այգ» կենտրոնի գլխավոր մասնագետ Ռուբեն Պողոսյանն էլ ասաց, որ երեխան իրեն մեծերի շրջապատում թույլ եւ անպաշտպան է զգում եւ տարբեր հերոսների նմանակելով՝ նա իրեն հզոր եւ ուժեղ է զգում. «Աշխարհի բոլոր երեխաներն ագրեսիվ են, քանի որ կարիք ունեն պաշտպանության եւ չգիտակցված են նմանակում իրենց համար ուժեղ եւ հզոր հերոսներին: Օրինակ, երեխաները Չառլի Չապլինի ֆիլմերը նայելիս ուրախանում են, քանի որ նրանց համար զվարճալի է, որ փոքրամարմին մարդը կարող է իրենց կողմից հզոր համարվող մարդկանց ծաղրել: Նրանք նաեւ վատ են զգում, երբ, օրինակ, բադիկն ընկնում է ջուրը, նրանք ապրումներ են ունենում, իրենց դնում են այդ բադիկի տեղը: Սա մինչեւ 4-5 տարեկանն է տեւում, եթե երկարում է, ապա երեխայի մոտ ինչ-որ բան այնպես չի եղել: Այդպիսի երեխաները անգամ մեկուսանում են, չեն ցանկանում ընկերություն անել հասակակիցների հետ: Երեխաները իրականությունը ճիշտ չեն ընկալում, շատ բան չի հասնում նրանց գիտակցությանը, հարկավոր է աշխատել նրանց հետ, դաստիարակել»: Նրա կարծիքով, երեխայի հոգեկան ոչ նորմալ զարգացման դեպքում հաճախ մեղավոր են լինում ծնողները. «Մենք շատ ժամանակ կոչ ենք անում ստեղծել ծնողների համալսարան, որպեսզի ծնողները կրթվեն, թե ինչպես պետք է երեխա դաստիարակել: Շատ ծնողներ երեխա են ունենում եւ ոչինչ չգիտեն երեխայի մասին, իրենք էլ երեխա են դեռ, այդպիսով դառնում են իրենց երեխայի ավագ եղբայրը կամ քույրը: Մեզ խանգարում է նաեւ, որ, ցավոք, մեծամիտ ենք եւ հոռետես, որը տանում է հոգեկան առողջության խեղումների»: Խոսելով մանկական ֆիլմերի եւ մուլտֆիլմերի մասին՝ նա ասաց, որ դրանք անպայման պետք է ունենան բարի ավարտ եւ բռնության տեսարաններից հնարավորինս զուրկ. «Չպետք է լինեն շատ հեքիաթային եւ իրականությունից հեռու, քանի որ երեխան մտածում է, որ աշխարհն իր շուրջ է պտտվում: Մանկական գրքերն ու ներկելու տետրակներն էլ պետք է մանկավարժների եւ հոգեբանների կողմից փորձաքննություն անցնեն: Բացի այդ, երեխայի հարցին պետք է ճիշտ պատասխանել՝ երեխայի լեզվով, ոչ թե խաբել, որպեսզի նրա հոգեսեռական զարգացումը նորմալ ընթանա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել