Լրահոս
Օրվա լրահոսը

«ՉԵՄ ԼՌԻ…»

Փետրվար 04,2011 00:00

\"\"Կանանց տեղը միայն խոհանոցում չէ

«Աստված բոլորին հավասար է ստեղծել». հարցազրույցի ժամանակ կրկնում էր մեր հերոսուհին, ով խնդրեց իր ինքնությունը գաղտնի պահել: Նրա կյանքի պատմությունը նախընտրեցինք ներկայացնել մենախոսության տեսքով.

– Լռի՛ր, քեզ ասում եմ:

– Չե՛մ լռի:

– Կլինի այնպես, ինչպես ես եմ կամենում:

– Ես ազատ կամքի իրավունք ունեմ:

– Ոչ մի իրավունք էլ չունես,- ասաց ամուսինս ու ապտակեց ինձ:

Մեր ամուսնության երրորդ ամիսն էր: Որոշեցի աշխատանք գտնել, քանի որ հոգնել էի տանը նստելուց: Սակայն նա ոչ միայն արգելեց ինձ մտածել այդ մասին, այլեւ բացահայտեց իր կոպիտ ու բռի բնավորությունը:

Հասկացա, որ նախնադարյան բռնակալի հետ եմ ամուսնացել, ով իր կնոջը միայն խոհանոցում է պատկերացնում: Ու բաժանվեցի:

Մորաքույրս ինձ նախատում էր.«Տարիներ շարունակ լուռ հնազանդվել եմ ամուսնուս, կատարել եմ նրա բոլոր ցանկությունները եւ երբեք չեմ առարկել: Կնոջ տեղը ընտանիքում է, ամուսնու ու երեխաների կողքին, այլ ոչ թե աշխատավայրում: Երբեք մտքովս չի անցել առանց ամուսնուս տեղեկացնելու եւ համաձայնությունը ստանալու՝ որեւէ քայլ անել: Էլ չեմ ասում աշխատելու մասին, չնայած գերազանցությամբ եմ ավարտել Մանկավարժական համալսարանը: Դիպլոմս միայն օժիտիս մաս կազմեց: Երբ նոր էի ամուսնացել, թեթեւ ակնարկեցի աշխատելու մասին, սակայն նա ասաց, որ քանի դեռ ինքը ողջ է, իր կինը չպետք է աշխատի, իսկ կրթությունս կարող եմ միայն ծառայեցնել երեխաներիս դաստիարակելու համար»:

Ի տարբերություն մորաքրոջս՝ ես որոշեցի չհետեւել պապենական օրենքին եւ կյանքս այլ կերպ դասավորել: Բաժանվելուց հետո նոր կյանք սկսեցի՝ ազատ եւ անկախ: Հայրս ինձ տուն չընդունեց: Խնայածս փողով մի փոքրիկ բնակարան վարձեցի եւ ընդունվեցի մասնագիտական վերապատրաստման եւ անգլերենի դասերի: Սկզբում դժվար էր, քանի որ երբեք ինքնուրույն չէի եղել: Սակայն ժամանակի ընթացքում կոփվեցի կյանքի դարբնոցում: Ինքս իմ մեջ ձեւավորեցի ուժեղ կամք եւ նպատակասլացություն: Հրաժարվեցի կյանքում եղած բոլոր վախերից ու նախապաշարմունքներից: Այդ գործում ինձ մի շարք հոգեբանական գրքեր օգնեցին:

Մեկ տարի տարբեր տեղերում աշխատեցի, մինչեւ զգացի, որ արդեն պատրաստ եմ իմ՝ տնտեսագետի մասնագիտությամբ աշխատել: Ընդունելությունը մրցութային սկզբունքով էր: Քննության օրն էր: Ճանապարհին դատարկություն զգացի: Հիշեցի ավարտական եւ ընդունելության քննություններս: Առավոտյան հայրս կոստյում էր հագնում եւ լուրջ դեմքով, ձեռքիցս բռնած ճանապարհում էր ինձ եւ դրսում սպասում՝ մինչեւ քննության ավարտը: Երբ դուրս էի գալիս, գրկում էր ինձ, համբուրում ու գրպանից հանում էր իմ սիրելի շոկոլադն ու որպես պարգեւ տալիս ինձ: Տուն գնալիս հարցաթերթիկի հարցերն էինք քննարկում: Երանելի ժամանակներ էին: Իսկ այդ օրը մենակ էի, մերժված՝ ընտանիքիս ու հասարակության կողմից: Հայրս ետ չընդունեց իր բաժանված դստերը՝ ասելով, որ իմ տեղը ամուսնուս կողքին է՝ տանը: Լավ էր, որ գոնե չշեշտեց՝ խոհանոցում:

Ամեն դեպքում գնացի քննության, հանձնեցի եւ ընդունվեցի աշխատանքի՝ մի միջազգային կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունում: Ես ինձ կարեւոր ու պետքական էի զգում: Վերջապես ինձ մարդ զգացի՝ ինքնուրույն ու ազատ:

Յուրահատուկ ատելություն ունեմ անազատ ու ստրկամիտ մարդկանց հանդեպ: Հայաստանում տղամարդկանց մեծամասնությունը նույնպես անազատ է. թերարժեքության բարդույթով է տառապում: Եվ նույնիսկ հոգեբաններն են ապացուցել, որ այն տղամարդը, ով աշխատանքում ենթակա դիրք է զբաղեցնում, տանը բռնակալ է լինում՝ ցանկանալով իր գերազանցությունը գոնե տանը զգալ: Եվ այս ցանկությունը ինտելեկտի բացակայության դեպքում չափազանց վտանգավոր է տան անդամների՝ հատկապես կնոջ համար: Կանայք, մասնավորապես՝ մայրերը, նույնպես իրենց մեղքի բաժինն ունեն, քանի որ նրանք իրենց որդիներին ավելի շատ արարքներ են թույլ տալիս ու ներում, քան դուստրերին՝ չգիտակցելով, որ Աստված բոլորին հավասար է ստեղծել:

Նշեմ, որ մորաքրոջս կյանքը այդպես էլ շարունակվեց, մինչ նրա ամուսնու մահը, ով 45 տարեկանում հեռացավ կյանքից: Ամիսներ անց մորաքույրս ընկավ սոցիալապես ծանր կացության մեջ, քանի որ բոլոր խնայողությունները վերջացան, իսկ երեխաներն էլ անչափահաս էին, պետք էր նրանց կերակրել: Իր մասնագիտությամբ աշխատանք գտնելու բոլոր փորձերը ձախողվեցին, քանի որ նույնիսկ մեկ ամսվա աշխատանքային փորձ չուներ: Ստիպված գործի անցավ ճաշարանում, որպես աման լվացող: Եվ աշխատեց ամեն կերպ իր բարեկամներից գաղտնի պահել այդ փաստը: Իսկ ես աշխատանքի ընդունվելուց երեք տարի անց՝ գործի բերումով հանդիպեցի եվրոպական մտածողության տեր մի տղամարդու, ով կիսում էր իմ բոլոր գաղափարները եւ հարգում էր իմ կամքը:

Հարսանիքին միայն մայրս էր ներկա, հայրս եւ եղբայրս չեկան: Երբ մեր առաջնեկը ծնվեց, նրան հորս անունով կնքեցինք, եւ ամուսինս պնդեց, որ գնանք ու հաշտվենք հայրիկիս հետ: Գնացինք: Զգացի, որ հայրս շատ էր կարոտել ինձ եւ հոգու խորքում զղջում էր անցյալի սխալների համար: Ի՞նչ աներ, հայկական ավանդույթն էր այդպիսին: Իսկ նա ավանդապաշտ մարդ էր՝ ավանդույթի կապանքներով կապված: Թոռնիկին տեսնելուց ամիսներ անց մահացավ:

Շատ եմ ցավում այն տարիների համար, որ նրանից հեռու եմ անցկացրել: Դժվարանում եմ մեղավորներ գտնել այս հարցում: Երեւի հասարակությունն է մեղավոր, որ դժվարանում է հրաժարվել այն ավանդույթներից, որոնք վաղուց հնացել են եւ միշտ թունավորել են մարդկանց կյանքը: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28